Տպել
30.09.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի նախագահի գլխավորած պատվիրակությանը
1 / 6

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով բարձրաստիճան հյուրերին ՀՀ Ազգային ժողովում` Գալուստ Սահակյանը նշել է, որ հայ եւ հույն ժողովուրդների բարեկամությունը պայմանավորված է դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքով, պատմական ընդհանուր անցյալով, հոգեւոր եւ մշակութային արժեքների, ազգային հատկանիշների ընդհանրությամբ: ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով` Հունաստանի նախագահի այցը Հայաստան նույնպես կնպաստի հայ-հունական բարեկամության եւ քաղաքական երկխոսության առավել խորացմանը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հայ-հունական միջպետական համագործակցության հետագա ընդլայնման եւ խորացման հարցում առանձնահատուկ դեր է վերապահում օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների զարգացմանը եւ հետագա ընդլայնմանը: Նա գոհունակությամբ փաստել է, որ այսօր հայ-հունական միջխորհրդարանական հարաբերությունները բավական ակտիվորեն են զարգանում: Երկու երկրների խորհրդարաններում գործում են պատգամավորական բարեկամության խմբեր, սակայն դրանց գործունեությունն ու պատվիրակությունների փոխայցելությունները ակտիվացնելու անհրաժեշտություն կա եւ ակնկալիք նույնպես, որ խորհրդարանական բարեկամության խմբերի միջեւ համագործակցությունը կծավալվի նույն արդյունավետությամբ` շարունակելով արդեն իսկ ձեւավորված ավանդույթը:

Ըստ ՀՀ ԱԺ նախագահի` Հայաստանը շահագրգիռ է խթանելու միջխորհրդարանական փոխգործակցությունը ոչ միայն երկկողմ հարթությունում, այլեւ բազմակողմ եւ առանձնահատուկ նշանակություն է տալիս տարբեր միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների խորհրդարանական հարթակներում, մասնավորապես Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի, ՍԾՏՀ, ինչպես նաեւ Եվրանեսթում բարեկամ պատվիրակությունների համագործակցությանը:

Գալուստ Սահակյանը նշել է, որ մտահոգիչ է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հունական պատվիրակության ղեկավար Դորա Բակոյանիսի գործունեությունը, որի ջանքերի շնորհիվ շրջանառության մեջ դրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ մի փաստաթուղթ: Դա արվել էր առանց Հայաստանի պատվիրակության հետ խորհրդակցելու: Խորհրդարանի ղեկավարի կարծիքով` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման քննարկումները Եվրոպայի խորհրդի հարթակ տեղափոխելը վտանգավոր է եւ մեծապես կվնասի խաղաղ կարգավորման գործընթացին:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրների առջեւ ծառացած մարտահրավերների` Լեռնային Ղարաբաղի եւ կիպրոսյան հիմնախնդիրների շուրջ Հայաստանի եւ Հունաստանի դիրքորոշումները միմյանց չեն հակասում, ինչից ելնելով էլ հայկական կողմն իր մշտական աջակցությունն է ցուցաբերել կիպրոսյան հիմնահարցի կարգավորման գործընթացներում եւ համանման աջակցություն է ակնկալում հունական կողմից ԼՂ հարցում:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը կարեւորում է Հունաստանի հետ համագործակցությունը նաեւ Եվրոպական միության հետ հարաբերությունների ձեւաչափում եւ հաստատակամ է Եվրոպական միության հետ հարաբերությունները շարունակաբար խորացնելու եւ ընդլայնելու հարցում:

Գալուստ Սահակյանը մտահոգություն է հայտնել Միջին Արեւելքում, մասնավորապես Սիրիայում եւ Իրաքում, տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որոնք վտանգում են արեւելյան քրիստոնեական քաղաքակրթությունը: Նա փաստել է, որ հայ եւ հույն ժողովուրդները չեն կարող հանգիստ ապրել, երբ տառապում են իրենց հայրենակիցները, որոնք դարձել են ծայրահեղականների եւ նրանց սատարող որոշ պետությունների զոհ: Հունաստանը եւ Հայաստանը պետք է միասնական ջանքեր ձեռնարկեն Միջին Արեւելքում ապրող քրիստոնյաներին օգնելու ուղղությամբ:

Խոսելով ԼՂ հակամարտության մասին` Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները ձգտում են այն լուծել խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ընդունելի ձեւաչափն է: Ադրբեջանի կողմից սանձազերծված ու տարեցտարի ավելի ուժգնացող սպառազինությունների կուտակումը լուրջ սպառնալիք է ոչ միայն Հարավային Կովկասի, այլեւ ողջ տարածաշրջանի անվտանգության եւ կայունության համար:

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին` ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այդ հարաբերությունների կարգավորումը կարեւոր է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային համատեքստում, եւ միջազգային հանրությանը հայտնի է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով:

Խոսելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի մասին` Գալուստ Սահակյանը երախտագիտությամբ շեշտել է, որ Հունաստանի խորհրդարանն առաջիններից մեկն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շնորհակալություն է հայտնել 2014 թվականի սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի ընդունման կապակցությամբ: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ 2015 թվականին կազմակերպվելիք միջոցառումներին Հունաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը կլինի հույն ժողովրդի` համամարդկային արժեքներին անմնացորդ նվիրվածության ամենախոսուն վկայությունը:

Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, խոսել է հույն եւ հայ ժողովուրդների բազմադարյան բարեկամության մասին: Նա նշել է, որ դարերի ընթացքում երկու ժողովուրդները զորակցել ու սատարել են միմյանց` պայքարելով ընդհանուր թշնամիների դեմ: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը` Հունաստանի Հանրապետության նախագահը նշել է, որ Հունաստանի դիրքորոշումը հստակ է այդ հարցում, իսկ տիկին Դորա Բակոյանիսը շեղվել է պետության պաշտոնական դիրքորոշումից, եւ այդ մոտեցումը կդատապարտվի հունական կառավարության կողմից: Հունաստանի նախագահը նշել է, որ ինչպես հայերը, այնպես էլ հույները ցանկանում են քաղաքակիրթ հարաբերություններ պահպանել հարեւան երկրների հետ, որը ոչ միշտ է հաջողվում:

Կարոլոս Պապուլիասը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկու պետությունների համագործակցության խորացման գործում: Նա օրինակելի է համարել երկու պետությունների ռազմական համագործակցությունը եւ նշել, որ շատ անելիք կա առեւտրատնտեսական համագործակցության ոլորտում: Հունաստանի նախագահի կարծիքով` իր այցը նույնպես կնպաստի Հունաստանի եւ Հայաստանի բարեկամության եւ համագործակցության սերտացմանը:


30.09.2014
Ընտրվել են Երիտասարդական խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահները
Սեպտեմբերի 30-ին տեղի են ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի հանձնաժողովների նիստերը, եւ ընտրվել են հանձնաժողովների նախագահներ: Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախա...

30.09.2014
Խորհրդարանի արտահերթ նիստը չի կայացել
ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ սեպտեմբերի 30-ին հրավիրվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Արտահերթ նիստում ժամը 18.30-ի դրությամբ գրանցվել էր 37 պատգամավոր: «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված երեք ժամվա ընթացքում եւս ...

30.09.2014
Հանդիպում Ազգային ժողովում
ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 30-ին հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեի եւ Լատվիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն Յուրիս Պոիկանսի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս Ար...

30.09.2014
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 18.30-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ՝ 2014 թվականի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 18.30-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...

30.09.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է հայազգի Իսաբել Դինգիզյանին` Շվեդիայի Ռիկսդագի փոխնախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
«Հարգելի տիկին Դինգիզյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Գործընկերների կողմից ցուցաբերված վստահությունը լավագույն գնահատականն է տարիների Ձեր բեղուն գործունեության եւ շվեդական հասարակության առջեւ ծառացած մի շարք խնդիրներում Ձեր ցուցաբեր...

30.09.2014
Գրքի շնորհանդես Ազգային ժողովում
Սեպտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել «Ծրագրային բյուջետավորման բարեփոխումները Հայաստանում» գրքույկի շնորհանդեսը, որը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) հետ համատեղ նախաձեռնել էր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը: ՀՀ ԱԺ ֆինա...

30.09.2014
Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
Սեպտեմբերի 30-ին Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը` քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը: Պատգամավորները շարունակել են քննարկել 2014 թ. հունիսի 3-ին Բրյուսելում ստորագրված «ՀՀ պաշտպանության նախարարության եւ Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարության մ...

30.09.2014
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամներին
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Ողջունելով հյուրերին Ազգայի...

30.09.2014
Տեղեկատվություն
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13.30-ին, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) նախաձեռնությամբ ԱԺ նիստերի դահլիճին հարակից նախասրահում տեղի կունենա «Ծրագրային բյուջետավորման բարեփոխումները Հայաստանում»  ձեռնարկի շն...