Տպել
27.09.2014
Մամուլի ասուլիս խորհրդարանում
1 / 2

Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի հրավերով սեպտեմբերի 22-ից 26-ը պաշտոնական այցով Չեխիա մեկնած ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության մամուլի ասուլիսը, որի ընթացքում պատվիրակության անդամները ներկայացրել են այցի մանրամասներն ու արդյունքները:

Պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը, այցը գնահատելով արդյունավետ, նշել է, որ խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Չեխիայի Սենատի նախագահի, Սենատի փոխնախագահի, Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահի, Չեխիայի հոգեւոր առաջնորդի, Մորավո-Սիլեզյան երկրամասի նահանգապետի, Չեխիայի փոխարտգործնախարարի, Սենատի ԵՄ հարցերով հանձնաժողովի, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ներկայացուցիչների, Պրահայի փոխքաղաքապետի, հայկական համայնքի ներկայացուցիչների եւ այլ պաշտոնատար անձանց հետ: Նա շնորհակալություն է հայտնել իր գլխավորած պատվիրակությանը ու Չեխիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանին միասնական ու պետականամետ դիրքորոշման համար:

ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ բոլոր հանդիպումների ընթացքում իրենք բարձրացրել են օրերս Դեյր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցման հարցը: Չեխիայի հոգեւոր առաջնորդ Դոմինիկ Կարդինալ Դուկան առաջիններից մեկն է եղել, ով դատապարտել է Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը: Չեխիայի Սենատի եւ Պատգամավորների պալատի անդամները եւս այդ բարբարոսությունը խստորեն դատապարտել են:

Պարոն Շարմազանովը նշել է, որ պատվիրակությունը թե Սենատում, թե Պատգամավորների պալատում հանդիպումների ժամանակ բարձրացրել է Հայոց ցեղասպանության դատապարտման խնդիրը, ինչին ի պատասխան չեխ պատգամավորները Չեխիայի խորհրդարանում հայտարարությամբ հանդես գալու եւ հարցը բարձրացնելու պատրաստակամություն են հայտնել: Հայ պատգամավորները չեխ գործընկերներին հրավիրել են մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպվելիք միջոցառումներին: Չեխական կողմը Երեւան այցելելու պատրաստակամություն է հայտնել: Պարոն Շարմազանովը տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ միջնորդությունների հարցերով հանձնաժողովի հովանու ներքո Պատգամավորների պալատում Հայոց ցեղասպանության թանգարանի մի շարք ցուցանմուշներ ներկայացնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Էդուարդ Շարմազանովը կարեւորել է, որ Չեխիան ԼՂ հիմնահարցի լուծումը տեսնում է խաղաղ կարգավորման ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում: Հանդիպումների ընթացքում հայկական կողմը ներկայացրել է վերջերս Շոտլանդիայում անկախության հանրաքվեի անցկացման օրինակը: Չեխական կողմը համաձայնել է, որ այլեւս կրկնակի ստանդարտներն անթույլատրելի են եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հիմքում պետք է լինեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը եւ այդ իրավունքի իրացումը, ինչն անքննելի փաստ է:

Պատվիրակության անդամ Մարգարիտ Եսայանը մասնավորապես անդրադարձել է հայ-չեխական հարաբերությունների զարգացման գործում Չեխիայում ՀՀ դեսպանի ներդրած ջանքերին ու նկատելի արդյունքներին: Մարգարիտ Եսայանը նշել է, որ հանդիպումների ընթացքում միջազգային կառույցներում համատեղ աշխատելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Նա տեղեկացրել է նաեւ, որ Չեխիայի կարդինալի հետ հանդիպման ընթացքում Պրահայում հայկական եկեղեցի եւ դպրոց կառուցելու հարցն է քննարկվել:

Պատվիրակության անդամ Տաճատ Վարդապետյանը նույնպես տպավորված էր այցով: Նա այցը որակել է իբրեւ խորհրդարանական դիվանագիտության աննախադեպ ձեռքբերում: Պարոն Վարդապետյանը համոզմունք է հայտնել, որ Չեխիայի Հանրապետությունը Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին կհայտնի իր դիրքորոշումը, որը կլինի արդյունավետ ու հայանպաստ:

Պատվիրակության անդամ Արծվիկ Մինասյանն անդրադարձել է ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող քննարկումներին եւ հույս է հայտնել, որ թե խորհրդարանականները, թե կառավարությունը եւ թե գործարարները իրենց ներդրումը կունենան հայ-չեխական հարաբերություններն առավել զարգացնելու գործում: