Տպել
22.09.2014
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 3

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Հանս Հորբախի հետ:

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Արտակ Զաքարյանը կարեւորեց Հայաստանի եւ Նիդեռլանդների միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը, որն այս պահին ոչ բավարար մակարդակի վրա է:

Հյուրի խնդրանքով հանձնաժողովի նախագահն անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքականությանը եւ նշեց, որ ՀՀ-ն վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն` ելնելով տարածաշրջանում առկա բազմաթիվ խնդիրներից եւ անվտանգության ապահովման անհրաժեշտությունից: Պարոն Զաքարյանը նաեւ ներկայացրեց Եվրոպական միության եւ Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի հարաբերությունների ներկա վիճակը:

Խոսելով Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներից՝ Արտակ Զաքարյանը շնորհակալություն հայտնեց Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատին 2004թ.-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու համար, ինչը կարեւոր քայլ է Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգայնացման, ինչպես նաեւ նմանատիպ ոճրագործությունների կանխարգելման հարցում եւ հույս հայտնեց, որ պատագամավորական պատվիրակությունը կարձագանքի եւ կմասնակցի 2015 թ. ապրիլին Հայաստանում կազմակերպվելիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության դեսպանը նույնպես կարեւորեց երկկողմ հարաբերությունների ակտիվ եւ դինամիկ զարգացումը:

Կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս եւ ձեռքբերվեցին մի շարք պայմանավորվածություններ: