Տպել
22.09.2014
Հանդիպում խորհրդարանում
1 / 3

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը եւ խմբի անդամները հանդիպեցին Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա- Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ֆիլիպ Կալտենբախի եւ խմբի անդամների հետ: Բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց ակտիվ համագործակցության եւ ներդրումային ծրագրերի համար` նկատելով, որ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբն ամենամեծն է ՀՀ ԱԺ-ում:

Ֆիլիպ Կալտենբախը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար եւ նշեց, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ կայանալիք միջոցառումների ժամանակ ֆրանսիացի ժողովուրդը կլինի իր բարեկամ ժողովրդի կողքին: Նա հավելեց նաեւ, որ արցախցիների հետ ծանոթանալու նպատակով երկօրյա այցով մեկնելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Կարինե Աճեմյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Արմեն Ռուստամյանը, Արտակ Զաքարյանն ու Մնացական Մնացականյանը եւս ողջունեցին հյուրերի այցը` կարեւորելով երկու երկրների միջեւ միջխորհրդարանական կապերի զարգացումն ու ընդլայնումը:

Արտակ Զաքարյանը, անդրադառնալով 2015 թ. ապրիլին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին կապակցությամբ Երեւանում կազմակերպվելիք միջոցառումներին, հույս հայտնեց, որ ֆրանսիացի խորհրդարանականներն այդ օրերին կլինեն հայ ժողովրդի կողքին:

Կարինե Աճեմյանն անդրադարձավ ծայրահեղական իսլամիստների կողմից նախօրեին Դեյր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցմանը: Նա ասաց, որ եկեղեցի-հուշահամալիրում են ամփոփված Հայոց ցեղասպանության ընթացքում Դեյր Զորի անապատներում զոհված բազմաթիվ հայերի մասունքներ: Նա հույս հայտնեց, որ ֆրանսիայի խորհրդարանականներն այս հարցում հետեւողական կլինեն, քանզի դա քրիստոնյա բոլոր ժողովուրդների խնդիրն է:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին բարեկամական խմբի համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու եւ զարգացնելու, փոխայցերը ակտիվացնելու ու համատեղ քննարկումներ անցկացնելու խնդիրը: