Տպել
05.09.2014
Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը Ազգային ժողովում
1 / 6

Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Ազգային Ժողովի սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը: Նշենք, որ ֆրանսիացի խորհրդարանականների այցն իրականցվում է ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ եւ մեծ հայասեր Ժան Ժորեսի մահվան հարյուրամյակին նվիրված, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամները:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, նշեց, որ Ֆրանսիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում եւ Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների գործում լուրջ գործոն են հանդիսանում երկու ժողովուրդների միջեւ պատմամշակութային բազմադարյան կապերը եւ Ֆրանսիայում հայկական մեծ ու ազդեցիկ համայնքի առկայությունը: 

ՀՀ ԱԺ նախագահի գնահատմամբ՝ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերություններին բնորոշ են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական մակարդակով հաստատված արդյունավետ համագործակցությունը, մշակութային, կրթական, գիտական առնչությունները:

Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշեց, որ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդ ունեն երկու երկրների խորհրդարաններում ձեւավորված հայ-ֆրանսիական բարեկամության խմբերը:

Անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերություններին՝ ՀՀ ԱԺ նախագահը բաձր գնահատեց երկու երկրների խորհրդարանների բարեկամության խմբերի ղեկավարների արդյունավետ գործունեությունը եւ նշեց, որ թերեւս անհրաժեշտություն կա ակտիվացնելու խոհրդարանների նախագահների փոխայցերն ու շփումները:

Խորհրդարանի ղեկավարը ողջունեց «Արցախի հետ բարեկամության շրջանակի» ստեղծումը եւ ֆրանսիացի խորհրդարանականների հաճախակի այցելությունները Լեռնային Ղարաբաղ: Նա հույս հայտնեց, որ որպես մեծ հայասեր Ժան Ժորեսի քաղաքական ժառանգորդներ եւ արդարության ու հումանիզմի ժորեսյան ոգու կրողներ՝ պատվիրակության անդամները շարունակելու են ջանքերը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ համագործակցության սերտացման, Հայ դատի եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման առաջմղման ուղղություններով:

ՀՀ ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ Ֆրանսիայի խորհրդարանը հետեւողական կլինի ցեղասպանության ժխտումը դատապարտող օրինագծի ընդունման հարցում, քանի որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն համայն հայության, այլեւ միջազգային հանրության խնդիրն է: Եվ այդ օրենքի նախագիծը հարիր է Ֆրանսիայի կերպարին եւ արդարության համար պայքարում կունենա իր զգալի դերակատարումը: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ֆրանսիացի խորհրդարանականներին հրավիրեց մասնակցելու 2015 թ. ապրիլին կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Ֆրանսիայի Հանրապետության Ազգային Ժողովի Սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուն իր խոսքում նշեց, որ առավոտյան պատվիրակության անդամները այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր ու թանգարան եւ կիսում են հայ ժողովրդի ողբերգությունը: Նա հույս հայտնեց, որ 2015 թ.-ին նույնպես կայցելեն Հայաստան եւ կլինեն հայ ժողովրդի կողքին: Բրյունո լը Ռուի կարծիքով՝ 2001 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքը կատարյալ կդառնա, եթե ուղեկցվի Ցեղասպանության դատապարտումը ժխտող օրենքով: Բրյունո լը Ռուն նշեց, որ իրենք դատապարտում են ադրբեջանական կողմի ռազմատենչ հռետորաբանությունը, որը չի նպաստում ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: Նա նշեց, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պատասխանատվության իր բաժինն ունի հակամարտության խաղաղ կարգավորման գործում:

Ֆրանսիացի պատգամավորները նշեցին, որ առաջին անգամ պատրաստվում են գնալ նաեւ Ջավախք եւ ծանոթանալ ջավախահայության խնդիրներին:



10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...