Տպել
20.08.2014
ԱԺ նախագահը հանդիպեց «Բազե-2014» հավաքի մասնակիցների հետ
1 / 4

Օգոստոսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Ծաղկաձորում հանդիպեց «Բազե-2014» համահայկական երիտասարդական ամենամյա հավաքի մասնակիցների հետ: Նշենք, որ «Բազե» հավաքը մեկնարկել է օգոստոսի 18-ին: Այն կազմակերպվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից: Հավաքի մասնակիցները շուրջ 500 երիտասարդներ են՝ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հավաքի մասնակիցներին, մտաբերեց, որ «Բազեի» կազմավորման փուլում որոշակի դերակատարում ունեցել է նաեւ ինքը: «Մենք միշտ էլ վստահ ենք եղել, որ «Բազե» ծրագիրը կկայանա, եւ այժմ այն տարեցտարի ամրանում եւ ուժեղանում է: Ուժեղներին եւ հարգում են, եւ փորձում են քննադատել: Մեր ազգի մեջ բազեները շատ են՝ աշխարհի տարբեր ծայրերում: Նրանք տարին մեկ անգամ հավաքվում են «Բազեի» շրջանակներում՝ ինքնադրսեւորվելու, բացահայտելու իրենց կարողությունները: Ցանկացած երիտասարդական հավաք ուժեղացնում է մեր պետությունը»,- նշեց Գալուստ Սահակյանը:

ԱԺ նախագահը սիրով պատասխանեց նաեւ երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին սահմանադրական բարեփոխումներին, խորհրդարանում քաղաքական ուժերի համագործակցությանը եւ այլն:

Անդրադառնալով պետական կառավարման մարմիններում երիտասարդների ներգրավվածությանը՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ պետական համակարգում աշխատողների ավելի քան 60 տոկոսը երիտասարդներ են: Իսկ Ազգային ժողովում գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձանաժողովին կից գործում է երիտասարդական խորհրդարան:

Պատասխանելով սահմանադրական բարեփոխումներին վերաբերող հարցին՝ ԱԺ նախագահը նշեց, որ խնդիրը քննարկումների փուլում է, եւ կընտրվի այն տարբերակը, որը քաղաքական ուժերի կողմից առավել ընդունելի կլինի: «Մենք այդ ճանապարհով պետք է գնանք, որպեսզի քաղաքական դաշտն ավելի հզորանա»,- ասաց Գալուստ Սահակյանը:

ԱԺ նախագահը ներկա գտնվեց նաեւ բազեականների կազմակերպած մշակութային եւ սպորտային միջոցառումներին: