Տպել
22.07.2014
Աշխատանքային քննարկում Ազգային ժողովում
1 / 5

Հուլիսի 22-ին ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Եվրոպական խորհրդարանի եւ ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարանների միջեւ համագործակցության մասին» թեմայով աշխատանքային քննարկում:

Բացման խոսքում ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը նշեց, որ Եվրամիությունը մնում է ՀՀ կարեւորագույն գործընկերներից մեկը եւ Հայաստանը շահագրգռված է շարունակելու եւ խորացնելու համագործակցությունը ԵՄ հետ նաեւ խորհրդարանական ձեւաչափով: Ըստ պարոն Ֆարմանյանի՝ նման քննարկումները նպաստում են ավելի լավ հասկանալու միմյանց դիրքորոշումները, կատարելու եզրակացություններ, որոնք կարող են օգտակար լինել խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հետագա աշխատանքների համար:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան նաեւ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հարցերի խորհրդատու Կայա Կրավչուկը, Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Դիդենկոն եւ Եվրոպական Խորհրդարանի գլխավոր քարտուղարության Արտաքին քաղաքականության գծով տնօրինության Ընդլայնման եւ եվրոպական տնտեսական գոտու բաժնի ղեկավար Թոմաս Գրուները: Նշվեց, որ ներկայումս ՀՀ Ազգային ժողովի եւ Եվրոպական խորհրդարանի միջեւ հարաբերությունները հիմնականում սահմանափակվում են Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եւ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում կազմակերպվող հանդիպումներով: Ուստի նշվեց, որ քննարկման նպատակն է զարգացնել ՀՀ Աժ-ի կարողությունները՝ բարձրացնելով իրազեկվածությունը ԵԽ գործելակերպի, մեխանիզմների եւ աշխատանքային մեթոդների վերաբերյալ:

Մասնակիցները քննարկեցին տարբեր մակարդակներում Եվրախորհրդարանի եւ ՀՀ ԱԺ-ի միջեւ առկա աշխատանքային հարաբերությունները խորացնելու հնարավորությունները: