Տպել
11.07.2014
Հանդիպում անհետ կորածների հարազատների հետ
1 / 1

Հուլիսի 11-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հանդիպեցին անհետ կորած անձանց հարազատների հետ: Նշենք, որ հանդիպումը նախաձեռնել էր «Առողջության եւ կրթության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործընկերն է եւ այդ համագործակցության շրջանակներում աշխատում է ղարաբաղյան հակամարտությունից մինչ օրս անհետ կորած ազատամարտիկների, զինվորականների եւ քաղաքացիական անձանց ընտանիքների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին անհետ կորած անձանց որոնումներին եւ նրանց ընտանիքներին ցուցաբերվող աջակցության խնդիրները: Ներկաները բարձրացրին անհետ կորածների կարգավիճակի ճանաչման վերաբերյալ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության հարցը: Նշվեց, որ նախորդ գումարման խորհրդարանում շրջանառության մեջ էր դրվել անհետ կորածի մասին օրենքի նախագիծ, որը, սակայն, շրջանառությունից հանվել է:

Նաիրա Զոհրաբյանը եւ Էլինար Վարդանյանը խոստացան առաջիկայում խնդիրները քննարկելու նպատակով հանդիպել ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ եւ ճշտել օրենսդրական կարգավորում պահանջող խնդիրների վերաբերյալ նրանց դիրքորոշումը: Նրանք պատրաստակամություն հայտնեցին առաջիկայում եւս հանդիպել ու քննարկել անհետ կորածների հարազատների առաջարկներն ու խնդիրները: