Տպել
07.07.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց ՌԴ ԴԺ Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ
1 / 5

Հուլիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահը, շնորհավորելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ բարձր գնահատելով երկու երկրների բարեկամական եւ ռազմավարական հարաբերությունները,  փոխշահավետ գործակցությունը տարբեր բնագավառներում, վստահություն հայտնեց, որ երկու խորհրդարանների համագործակցության շրջանակը հետայսու եւս կընդլայնվի, փոխգործակցությունը կխորանա թե երկկողմ, թե բազմակողմ ձեւաչափերով: Նա կարեւոր համարեց առեւտրատնտեսական կապերի ընդլայնումը, ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդումը, հումանիտար ոլորտում փոխգործակցության հետագա զարգացումը: Տիկին Մատվիենկոն գոհունակությամբ փաստեց միջռեգիոնալ հաջող համագործակցությունը` նշելով, որ ՌԴ 70 սուբյեկտներ փոխգործակցում են Հայաստանի մարզերի եւ քաղաքների հետ: Անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն` Վալենտինա Մատվիենկոն բարձր գնահատեց այդ ուղղությամբ Հայաստանի կողմից կատարվող ակտիվ քայլերը: Նա ողջունեց 2013թ. Հայաստանի խորհրդարանում ռուսական գրադարանի եւ հայ-ռուսական բարեկամության ակումբի բացումը: Դաշնության Խորհրդի նախագահը կարեւոր եւ անհրաժեշտ համարեց համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրի հետագա ընդլայնումն ու խթանումը, ինչը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից է: «Յուրաքանչյուր այց, պաշտոնական հանդիպում կարեւոր ուղենիշ է երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում»,-ասաց Գալուստ Սահակյանը: Նրա համոզմամբ՝ երկու երկրների ղեկավարների, խորհրդարանականների եւ պաշտոնյաների հանդիպումների պարբերական բնույթը, խորհրդարանական երկխոսությունը, ինչպես նաեւ համագործակցության լայն շրջանակները վերստին հաստատում են քաղաքական, տնտեսական, հումանիտար եւ ռազմավարական ոլորտներում փոխգործակցության դաշնակցային մակարդակը: ԱԺ նախագահի խոսքով` երկկողմ փոխգործակցության, ինչպես նաեւ ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման եւ ինտեգրացիոն գործընթացների ամուր իրավական հիմքի ձեւավորման գործում մեծ դերակատարություն ունի միջխորհրդարանական փոխգործակցությունը: «Վստահորեն կարող եմ նշել, որ խորհրդարանական համագործակցությունը կրում է վերընթաց եւ պարբերական բնույթ: Այդ համատեքստում իր կարեւոր դերն ունի Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովը»,- նշեց ԱԺ նախագահը: Ըստ ԱԺ նախագահի` երկկողմ համագործակցության կարեւորագույն ուղղություններից է նաեւ առեւտրատնտեսական փոխգործակցության խթանումը, եւ Հայաստանն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում առեւտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման համար՝ առաջնահերթ ստեղծելով բարենպաստ ներդրումային մթնոլորտ: Գալուստ Սահակյանը նշեց, որ վերընթաց բնույթ է կրում նաեւ միջտարածաշրջանային համագործակցությունը, կայուն փոխգործակցություն է նկատվում ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական ոլորտներում:

Տարածաշրջանային հարցերի համատեքստում ԱԺ նախագահը կարեւորեց Ռուսաստանի ակտիվ դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Պարոն Սահակյանը տիկին Մատվիենկոյին հրավիրեց մասնակցելու 2015թ. ապրիլին Երեւանում կայանալիք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին:

Հանդիպման վերջում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գրառում կատարեց ՌԴ Դաշնության Խորհրդի պատվավոր հյուրերի գրքում եւ տիկին Մատվիենկոյի ուղեկցությամբ շրջայց կատարեց Դաշնության Խորհրդի շենքում:


07.07.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց ՌԴ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ
Հուլիսի 7-ին շարունակվեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն: Առավոտյան ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության անդամները Մոսկվայի Ալեքսանդրյան այգում ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի հուշակոթողին: Այնուհետեւ պատվիրակությունը ուղեւո...