Տպել
09.06.2014
Մամուլի ասուլիս Ազգային ժողովում
1 / 2

ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամներ Թեւան Պողոսյանն ու Էլինար Վարդանյանը հունիսի 9-ին հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասներ ներկայացրին մայիսի 30-ից հունիսի 1-ը Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ ԽՎ-ի գարնանային նստաշրջանի աշխատանքներից:

Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց, որ մայիսի 31-ին՝ լիագումար նիստի ընթացքում, ներկայացվել են մի շարք զեկույցներ, զեկույցով հանդես է եկել նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Պարոն Նահապետյանը նշեց, որ պարոն Ռասմուսենի ելույթի առանցքը Ուկրաինայում տիրող իրադրությունը եւ հետագա զարգացումներն են եղել, անդրադարձ է կատարվել նաեւ Աֆղանստանի իրավիճակին, ՆԱՏՕ-ի քաղաքականությանը: Անդրադառնալով Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ հարաբերությունների մակարդակին եւ հետագա զարգացումներին՝ Անդերս Ֆոգ Ռասմուսենը նշել է, որ այդ հարաբերությունները խորացնելու մեծ ներուժ կա: Պատվիրակության ղեկավարը վստահություն հայտնեց, որ առաջիկա տարիներին Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ հարաբերությունները կունենան որակական բարձր մակարդակ: Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց, որ ՆԱՏՕ-ի դաշնակից պետությունների կողմից պաշտպանական ծախսերը էականորեն ավելացնելու խնդիր է դրվել: Նա իրազեկեց, որ լիագումար նիստի ընթացքում ընդունվել են 3 հռչակագրեր՝ «Տրանսատլանտյան հարաբերությունների մասին», «ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին» եւ «Ուկրաինային աջակցելու մասին»:

Քննարկումներ են ծավալվել խորհրդարանական վեհաժողովի 5 հանձնաժողովներում, որոնց ակտիվ մասնակցել եւ հարցադրումներով ու մեկնաբանություններով հանդես են եկել հայկական պատվիրակության անդամները: Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել Քեսաբի դեպքերի առնչությամբ՝ նշելով, որ Թուրքիայի տարածքից այնտեղ ներթափանցել են իսլամական ծայրահեղական ուժեր, եւ ըստ տեղեկությունների՝ Թուրքայի կառավարությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում այդ ուժերին: Հայկական պատվիրակության անդամները հարց են բարձրացրել, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել ՆԱՏՕ-ն, որպեսզի իր անդամ երկրի կողմից նման միջամտություններ չլինեն: Այս կապակցությամբ Թուրքիայի պատվիրակության կողմից եղել է առարկություն: Քննարկվել են «Եվրոպայի արեւելքում զարգացումները. Լիտվայի տեսանկյունը», «ՆԱՏՕ-ի գործընկերությունը եւ դաշինքի բաց դռների քաղաքականությունը», «ՆԱՏՕ-ն 2014 թ. հետո», «ՆԱՏՕ-ի հարավ-արեւելյան սահմաններում անվտանգության դինամիկան», «Տրանսատլանտյան համագործակցության հետեւանքները» զեկույցները: Առանձին քննարկում է տեղի ունեցել ՆԱՏՕ-ում Իտալիայի, Բելգիայի Սլովակիայի դեսպանների մասնակցությամբ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ՆԱՏՕ-ի ուելսյան գագաթաժողովի օրակարգին: Քննարկումների ընթացքում հայկական կողմն անդրադարձել է նաեւ Աֆղանստանի թեմային:

Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց, որ ՆԱՏՕ ԽՎ-ի քաղաքական հանձնաժողովի նախագահ Ժոզե Լելոն հանձնաժողովի նիստի ընթացքում իր գոհունակությունն է հայտնել այս տարվա մարտի 26-27-ը Երեւան կատարած այցի կապակցությամբ: Պարոն Նահապետյանը կարեւորեց երկկողմ հանդիպումները ՆԱՏՕ ԽՎ-ի նախագահ Հյու Բեյլիի եւ վեհաժողովի գլխավոր քարտուղար Դեյվիդ Հոբսի հետ, որոնց ընթացքում ի թիվս մի շարք հարցերի քննարկվել է նաեւ առաջիկայում Բաքվում կայանալիք Ռոուզ-Ռոութ սեմինարին Հայաստանի պատվիրակների մասնակցության հարցը: Հայկական կողմը անվտանգության երաշխիքների ապահովման պարագայում հայտնել է մասնակցելու իր պատրաստակամությունը: Պատվիրակությունը 2015 թ. Ռոուզ-Ռոութ սեմինարը Երեւանում անցկացնելու պաշտոնական առաջարկ է ներկայացրել ՆԱՏՕ ԽՎ-ին: Պարոն Նահապետյանը տեղեկացրեց նաեւ, որ իրենք ԽՎ-ի ղեկավարությանը առաջարկել են, որ Կոսովո եւ Աֆղանստան իրենց կողմից իրականացվող խաղաղապահ առաքելություններին ՀՀ ԱԺ պատգամավորները եւս ներգրավված լինեն:

Հանձնաժողովի անդամներ Թեւան Պողոսյանն ու Էլինար Վարդանյանը մանրամասներ ներկայացրին գիտության եւ տեխնոլոգիաների, տնտեսության եւ անվտանգության հարցերի, անվտանգության քաղաքացիական չափման, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովների աշխատանքների վերաբերյալ: Նրանք նշեցին, որ քննարկումների առանցքում եղել է Ուկրաինայում տիրող իրավիճակը եւ հետագա զարգացումները:

Պատվիրակության անդամները պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին:


09.06.2014
Ազգային ժողովն սկսեց քառօրյա նիստերի աշխատանքը
Հունիսի 9-ին Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հունիսի 8-ին վախճանված Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ազատամարտիկ Սմբատ Այվազյանի հիշատակը: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ ՀՀԿ համամասն...