Տպել
28.05.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
1 / 1

«Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ:

Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ որպես անկախության երազանքի եւ ինքնիշխան հայրենիքի գաղափարի մարմնավորում, բեկումնային էր մեր ժողովրդի գիտակցության եւ պատմության  մեջ:  Սարդարապատը, ազգի  հավաքական ուժի ինքնադրսեւորման հաղթարշավները սխրանքների մղեցին  մեր  ժողովրդին, եւ Առաջին Հանրապետությունը պետականաշինության ու հետագա հաղթանակների հիմնաքարը դարձավ:

Առաջին Հանրապետությունը վերականգնված հավատ էր սեփական ուժերի, ինքնուրույն ապագայի եւ ազգային միասնության ուժի հանդեպ: 20-րդ դարի հայկական առաջին պետությունը դարձավ մնայուն երեւույթ մեր ժողովրդի պատմության մեջ եւ վստահելի ուղեցույց նրա հետագա  ճանապարհին,  որը ձգվում է դեպի հաստատուն վաղվա օր:

Կրկին շնորհավորելով Հանրապետության տոնի առթիվ` մաղթում եմ մեր երկրին ու ժողովրդին խաղաղություն եւ բարեկեցություն, նոր  ձեռքբերումներ եւ հաղթանակներ»: