National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
31.3.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
31.03.2014
Խորհրդարանական լսումներ «Վիրավորանքը եւ զրպարտությունը համացանցում. առկա հիմնախնդիրները եւ առաջարկվող լուծումները» թեմայով
1 / 9

Մարտի 31-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվեցին խորհրդարանական լսումներ՝ «Վիրավորանքը եւ զրպարտությունը համացանցում. առկա հիմնախնդիրները եւ առաջարկվող լուծումները» թեմայով: Լսումներին մասնակցում էին պատգամավորներ, լրագրողներ, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մեդիա ոլորտի փորձագետներ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի, Էդմոն Մարուքյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի, Թեւան Պողոսյանի, Արմեն Ռուստամյանի, Ստեփան Դեմիրճյանի, Գագիկ Ջհանգիրյանի եւ Հեղինե Բիշարյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է ինտերնետում, մասնավորապես տարբեր ինտերնետային լրատվամիջոցների նյութերի ներքո տեղ գտնող, զրպարտանք եւ վիրավորանք պարունակող մեկնաբանությունների կարգավորումներին:

Ըստ Դավիթ Հարությունյանի, խնդիրն արդիական է, քանի որ ինտերնետային լրատվամիջոցները լուրջ մրցակից են դարձել սովորական, դասական լրատվամիջոցների համար: Նա պարզաբանեց, որ տարբեր երկրներ ոլորտը կարգավորում են տարբեր եղանակներով, որոնք արտահայտվում են ինչպես կոշտ, այնպես էլ լիբերալ ձեւերով :

Ըստ հեղինակների՝ ոլորտի կարգավորման խնդիրն առկա է նաեւ մեր երկրում: Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, որ լսումների նպատակն է քննարկել միջազգային փորձը, վերհանել խնդիրները եւ համատեղ գտնել լուծման ուղիներ: Նա նշեց, որ օրենսդրական նախաձեռնությունը մշակելիս հեղինակները հաշվի են առել միջազգային փորձը:

Օրենսդրական նախաձեռնությունը, ինչպես նաեւ տարբեր երկրների փորձը քննարկվող ոլորտում ներկայացրեց օրենսդրական նախաձեռնության համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը: Նա, մասնավորապես, անդրադարձավ լրատվական նյութի տակ գրվող զրպարտչական կամ վիրավորական բնույթի մեկնաբանություններին եւ ներկայացրեց դրանց վերաբերյալ առկա միջազգային հայեցակարգերը, դրանց էությունն ու տարբերությունները: Առաջին մոդելը, որն անվանվել է «Առավել խիստ պատասխանատվության» մոդել, այն է, երբ համացանցային միջնորդները պարտավոր են ակտիվ վերահսկողություն իրականացնել իրենց լրատվական նյութի տակ տեղ գտած մեկնաբանությունների նկատմամբ: Երկրորդն «Ապահով ապաստարանի ռեժիմն» է, որն առավել ընդունված է Եվրոպական Միության երկրներում : Այս մոդելի սկզբունքն է «Ծանուցել եւ հանել», որն էլ, ինչպես ասաց Արփինե Հովհաննիսյանը, ընկած է քննարկվող օրինագծի կարգավորումների հիմքում: Երրորդ մոդելն այն է, երբ միջնորդը կամ լրատվական գործունեություն իրականացնողը պատասխանատու չէ այլ անձանց կողմից ստեղծված նյութի համար այնքան ժամանակ, քանի դեռ չի միջամտում այդ նյութին: Չորրորդ մոդելն առաջ է քաշում «Ծանուցել եւ կրկին ծանուցել» մոտեցումը:

Նախագծի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը պարզաբանեց, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում նախատեսվող լրացումները պայմանավորված են Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի դրույթների առավել հստակեցման անհրաժեշտությամբ: Առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր պարբերություններով, որոնք վերաբերում են տեղեկատվության աղբյուրի անհայտ լինելուն, զրպարտանք կամ վիրավորանք պարունակող մեկնաբանության հեռացման պահանջին, լրատվական գործունեություն իրականացնողի պատասխանատվությանը, հրապարակային էլեկտրոնային կայքի իրավատիրոջ կողմից վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանության հեռացման վերաբերյալ պահանջի չկատարման դեպքում սահմանվող պատժամիջոցներին եւ այլն :

Նախագծի վերաբերյալ եղան ելույթներ:

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանն առաջարկեց շրջանառությունից հանել օրինագիծը, քանի որ այն վտանգավոր է լրատվամիջոցների համար: Ըստ նրա՝ հեղինակները միակողմանի են մոտեցել հարցին եւ հաշվի չեն առել լրատվամիջոցների շահերը: Նրա տեսակետը պաշտպանեցին «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ ղեկավար Սուրեն Դեհերյանը, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Մեդիա ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով էլ, նախագիծը բազմաթիվ հարցեր է առաջացնում, խնդիրներ կարող են ունենալ նաեւ ինտերնետային բոլոր ակտիվ օգտատերերը: Ի պատասխան օրենսդրական նախաձեռնությունը շրջանառությունից հանելու որոշ առաջարկների՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ դրանք հիմնավորված չեն, քանի որ հեղինակները խոսում էին ընդհանուր վտանգների մասին: Նրա խոսքով՝ տպավորությունն այնպիսին է, կարծես նախագիծը շրջանառությունից հանելու առաջարկների հեղինակները ծանոթ չեն քննարկվող նախագծի դրույթներին:

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշեց, որ նախաձեռնության մշակման համար իրեն դիմել են նաեւ լրագրողներ եւ խմբագիրներ, ովքեր եւս անհրաժեշտ են համարում ոլորտի կարգավորումը: Նա տեղեկացրեց, որ խնդիրը քննարկվել է նաեւ ԵԽԽվ-ում, առաջարկ է եղել ազգային խորհրդարաններին հանդես գալ նման նախաձեռնություններով:

Ալեքսանդր Արզումանյանի համոզմամբ՝ ոլորտն օրենսդրական կարգավորման կարիք չունի: Ըստ նրա, փորձ է արվում մտնել մի ոլորտ, որը վերահսկելն անհնար է:

Պատգամավոր Մարգարիտ Եսայանի խոսքով՝ առաջարկվող օրենսդրական լուծումները կվտանգեն խոսքի ազատությունն ու ժողովրդավարության սկզբունքները, ինչին համամիտ չէր պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով աննպատակահարմար էր համարում յուրաքանչյուր նման պահանջի դեպքում դատարան դիմելու պրակտիկան:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանն անդրադարձավ հնչած տեսակետներին, գոհունակությամբ փաստեց, որ գրեթե բոլոր ելույթ ունեցողները համակարծիք էին, որ ոլորտում կան խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Նա լսումների մասնակիցներին առաջարկեց ներկայացնել կառուցողական առաջարկներ, որոնք հեղինակները պատրաստակամ են քննարկելու:

Ամփոփելով լսումները, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն անդրադարձավ բարձրացված հարցերին եւ առաջարկներին, նշելով, որ քննարկման ընթացքում եղան նաեւ արժեքավոր առաջարկներ, որոնք կքննարկվեն ստեղծվելիք աշխատանքային խմբում:


31.03.2014
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Մարտի 31-ին Ստեփան Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի առաջարկով հանձնաժողովը որոշեց մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգել կառավարության հեղինակած «...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am