National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.3.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
27.03.2014
Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 9

Մարտի 27-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ առաջին ընթերցումով ընդունեց նախորդ օրը քննարկված՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Թատրոնի միջազգային օրվա առթիվ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց թատերարվեստի բոլոր ներկայացուցիչներին՝ մաղթելով ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ: Հովիկ Աբրահամյանի առաջարկով ԱԺ պատգամավորները ողջունեցին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ քառօրյա նիստին հետեւող Երեւանի Արարատ Ղարիբյանի անվան համար 142 ավագ դպրոցի մանկավարժներին եւ աշակերտներին:

Այնուհետեւ պատգամավորները շարունակեցին իրենց տեսակետները հայտնել «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ու «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի վերաբերյալ: Նաիրա Զոհրաբյանը եւ Նիկոլ Փաշինյանը անդրադարձան օրենսդրական փոփոխությունների իրականացմանը միտված քայլերին, դրանց արդյունավետությանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու օրինագծերի փաթեթին: Նրա գնահատմամբ՝ առաջարկվող փոփոխությունները համակարգաստեղծ են: Պարոն Հակոբյանը կարծում է, որ պետք է ոլորտի խնդիրների մասին բարձրաձայնել եւ համատեղ աշխատանքի արդյունքում լուծել դրանք: «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կարեւորեց ուսման վարձերի վերին շեմ սահմանելու գաղափարը եւ նշեց, որ իրենց խմբակցությունը ողջունում է առաջարկվող փոփոխությունները: Նա առաջարկներ ներկայացրեց մինչեւ 2 տարեկան երեխա ունեցող ուսանողների, ազատամարտիկների երեխաների ուսման վարձերի զեղչերի սահմանման, առաջին կուրսեցիների ուսման վարձերի վճարման գործընթացի կազմակերպման վերաբերյալ: «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ կրթության ոլորտում իրականացվող քաղաքականությանը, կատարվող բարեփոխումներին եւ բացթողումներին, ներկայացրեց իր մտահոգությունները: «Հանրապետական» խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն անդրադարձավ երկօրյա քննարկումների ընթացքում հնչած տեսակետներին: Պարոն Սահակյանը կարեւորեց ներկայացված օրենսդրական փոփոխությունները, որոնք, նրա գնահատմամբ, միտված են սոցիալապես անապահով ուսանողների խնդիրների լուծմանը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն հայտնեց շահագրգիռ քննարկումների համար:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ հարակից 5 օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկներ չեն ներկայացրել:

Հարակից զեկույցում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Քննարկվեց 2013 թ. հունիսի 24-ին Ամմանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ կրթության եւ գիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ համաձայնագրի նպատակն է երկու երկրների միջեւ հաստատել եւ զարգացնել համագործակցությունը գիտության եւ կրթության բնագավառներում: Նախատեսվում է, որ կողմերը կմշակեն եւ կիրականացնեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գիտահետազոտական ծրագրեր եւ նախագծեր, կտրամադրեն կրթաթոշակներ մյուս կողմի քաղաքացիներին՝ միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու համար, ինչպես նաեւ կխրախուսեն գիտաշխատողների, պրոֆեսորների, ուսուցիչների, ուսանողների եւ աշակերտների փոխադարձ այցելությունները? կրթության եւ գիտության բնագավառներում իրենց ձեռք բերած փորձն ու նվաճումները փոխանակելու նպատակով:

Հարակից զեկուցող, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշեց, որ հանձնաժողովը համաձայնագրի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

Այնուհետեւ պատգամավորները առաջին ընթերցմամբ քննարկեցին «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը նշեց, որ Հայաստանն անկախ պետականության կայացման տարիներին տնտեսությունը վերակազմավորել է առանց ռազմարդյունաբերության պետական համակարգված քաղաքականության եւ զարգացման հստակ ծրագրերի: Նրա խոսքով` չկա Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի այնպիսի իրավական դաշտ, որը հիմք կստեղծի եւ կնպաստի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական ունեցվածքի նոր նմուշների ստեղծման համար անհրաժեշտ կայուն, համակարգված, իրավական, տնտեսական, սոցիալական, ինչպես նաեւ գիտական եւ տեխնիկական կադրային քաղաքականության եւ հավակնոտ ծրագրերի իրականացմանը: Նազարյանը նշեց, որ օրենքի նախագծով կկարգավորվեն իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, Հայաստանի Հանրապետության գործադիր մարմինների միջեւ հարաբերությունները ռազմարդյունաբերական համալիրում պետական ռազմարդյունաբերական քաղաքականության ձեւավորման, իրականացման հարցերում, ինչպես նաեւ պետության տնտեսական ու ֆինանսական հնարավորությունների շրջանակներում կընդլայնվեն ներհանրապետական արտադրության տեսականին եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը եւ այլ զորքերը կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով:

Հարակից զեկույցում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եւս մեկ անգամ վերահաստատեց օրենքի նախագծի կարեւորությունը: Ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը եւ կայացումը, ըստ պատգամավորի, Հայաստանի քաղաքական առաջնահերթություններից է: Նա նշեց նաեւ, որ օրենքի նախագիծը ոլորտի մասնագետների հետ համատեղ մանրամասն քննարկվել է հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն:

Պատգամավորներ Շիրակ Թորոսյանը, Մհեր Շահգելդյանը, Վարդան Այվազյանը եւ Միքայել Մելքումյանը իրենց ելույթներում եւս մեկ անգամ կարեւորեցին օրենքի նախագիծը՝ նշելով, որ այն նպաստելու է Հայաստանի ազգային անվտանգության համակարգի, ինչպես նաեւ երկրի պաշտպանողական համակարգի ամրապնդմանը:

Ամփոփիչ ելույթում պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին շահագրգիռ քննարկման համար:

Առաջին ընթերցումով պատգամավորները քննարկեցին «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը տեղեկացրեց, որ առաջարկվում է մինչեւ Սեւ ջուր գետի եւ Արարատյան դաշտի ստորգետնյա ավազանի սակավաջրության խնդրի լուծումը եւ առաջնահերթ ջրամբարաշինության միջոցառումների իրականացման ավարտը մինչեւ 2019 թ. հունվարի 1-ը Uեւանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակ uահմանել առավելագույնը 240 մլն խ.մ.՝ կախված Սեւանա լճից սնվող ոռոգման համակարգերի ջրաղբյուրների (գ. Հրազդան, Ապարանի, Ազատի, Մարմարիկի ջրամբարներ) ջրատվության աստիճանից: Համակարգի պահանջվող հատվածներում անհրաժեշտ ծավալներն ապահովելու համար Սեւանա լճից բաց կթողնվի 77.2 մլն.խ.մ լրացուցիչ ջրի ծավալ: Հիմնական զեկուցողը նշեց, որ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է Արարատյան դաշտի մշակվող հողերի ոռոգումն ապահովելու անհրաժեշտությամբ, արտեզյան ավազանի եւ Սեւ ջուր գետի ջրատվության նվազմամբ:

Պատգամավորները հարցուպատասխանի միջոցով պարզաբանումներ ստացան Uեւանա լճից ջրի բացթողնման անհրաժեշտության վերաբերյալ: Նրանք իրենց մտահոգությունները հայտնեցին նաեւ ջրամբարաշինարարական ծրագրերի կատարման մասով, ինչին ի պատասխան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց ջրամբարաշինարարական ծրագրերը եւ ընդգծեց, որ ՀՀ Նախագահը հետեւողական է լինելու ջրամբարների կառուցման հարցում:

Հարակից զեկույցում ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լյովա Խաչատրյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը օրինագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի հաջորդ նիստում:

Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը:


27.03.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը
Մարտի 27-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկա գտնվեց ամենամյա թատերական «Արտավազդ» մրցանակաբաշխությանը, որն այս անգամ նվիրված էր հայ ականավոր բեմադրիչ Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 90-ամյակին: Մրցանակաբաշխությունը անցկացվում է Ազգ...

27.03.2014
Բաց դաս Ազգային ժողովում
Մարտի 27-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում խորհրդարան էին այցելել Երեւանի Արարատ Ղարիբյանի անվան համար 142 ավագ դպրոցի մի խումբ ուսուցիչներ եւ աշակերտներ: Բաց դասը վարեց Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը...

27.03.2014
ԱԺ պատգամավորները հանդիպեցին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հետ
Մարտի 27-ին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, պատվիրակության անդամները եւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպեցին ՆԱՏՕ ԽՎ-ի քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ Ժոզե Լելլոյի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ Կորյուն ...

27.03.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը
Մարտի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի ՆԱՏՕ-ի գործընկերության ենթահանձնաժողովի պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը նշեց, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները եվրոպական ինտեգրման քաղաքականության կենտրոն...

27.03.2014
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ
«Ջերմորեն շնորհավորում եմ թատերարվեստի ներկայացուցիչներին Թատրոնի միջազգային օրվա առթիվ: Այսօրվա արվեստը չեմ պատկերացնում առանց մարդկության պատմության մեջ վաղնջական ժամանակներից հիշատակվող թատերարվեստի: Որպես արվեստի հնագույն եւ դասական տեսակ՝ թատրոնն իր անգնահատելի դերն ունի սերունդների աշխարհայացք...

27.03.2014
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Մարտի 27-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձան երկու խ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am