National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.3.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
25.03.2014
Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 10

Մարտի 25-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով պատգամավորները ողջունեցին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում խորհրդարանում հյուրընկալված եւ ԱԺ նիստին հետեւող Երեւանի թիվ 112 ավագ դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին:

Այնուհետեւ ԱԺ խմբակցությունները շարունակեցին իրենց դիրքորոշումները ներկայացնել «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ 2012-2013 թթ. ընթացքում արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երեւանում ուղեւորափոխադրումների ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» պատգամավորների մեկ երրորդի նախաձեռնած ԱԺ որոշման նախագծի վերաբերյալ:

ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը, կարեւորելով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման եւ մտահոգիչ հարցերի քննարկման անհրաժեշտությունը, անդրադարձավ ոլորտը կարգավորող օրենսդրության թերություններին եւ խնդիրներին, անհրաժեշտ համարեց քննարկել դրանք եւ լուծումներ գտնել:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ներկայացնելով իր ղեկավարած խմբակցության բացասական վերաբերմունքը որոշման նախագծի վերաբերյալ, աննպատակահարմար համարեց ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Ռուբիկ Հակոբյանը տեղեկացրեց, որ որոշման նախագծի հեղինակներն ընդունում են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ մտահոգիչ հարցերի կապակցությամբ խորհրդարանական լսումներ անցկացնելու առաջարկը եւ նախագծի քվեարկությունը հետաձգում մինչեւ հաջորդ քառօրյա:

Արձագանքելով Ռուբիկ Հակոբյանին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց կարճ ժամկետում պատկան մարմիններին ներկայացնել հարցաշարը եւ պատասխանների առկայությամբ անցկացնել խորհրդարանական լսումներ:

Աժ նախագահը տեղեկացրեց, որ որոշման նախագծի քվեարկությունը կիրականացվի ԱԺ հաջորդ քառօրյա նիստերի ընթացքում:

Առաջին ընթերցմամբ խորհրդարանը քննարկեց պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Խոսրով Հարությունյանի, Հովհաննես Սահակյանի, Մնացական Մնացականյանի, Արմեն Մխիթարյանի եւ Հակոբ Հակոբյանի հեղինակած «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող Խոսրով Հարությունյանը տեղեկացրեց, որ առաջարկվում է վերաշարադրել օրենքի 8-րդ հոդվածը եւ սահմանել, որ հարկի դրույքաչափի բարձրացում, նոր հարկատեսակի սահմանում նախատեսող օրենքները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքներն ընդունելու տարվան հաջորդող ֆինանսական տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակումից հետո վեցերորդ ամսվա սկզբից: Ինչպես նկատեց հիմնական զեկուցողը, առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն պաշտպանելու տնտեսվարողների շահերը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ ներկայացրեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:

Հարակից ելույթում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ կառավարության կարծիքը փաթեթի վերաբերյալ դրական է, ընդունվել է առաջարկների մեծ մասը:

Փաթեթի վերաբերյալ իրենց դրական վերաբերմունքն արտահայտեցին պատգամավորներ Հրանտ Բագրատյանը, Վարդան Այվազյանը եւ Միքայել Մելքումյանը:

Երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվեց «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նա նշեց, որ առաջարկների գերակշիռ մասն ընդունվել է:

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Լյովա Խաչատրյանը:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ներկայացմամբ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Նախնական մասնագիտական /արհեստագործական/ եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է նախնական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող բոլոր կառույցներն իրավաբանորեն ընդգրկել մեկ միասնական դաշտում:

Առաջարկվում է ներառական կրթության սկզբունքը Հայաստանում ներդնել ամբողջությամբ եւ համընդհանուր ընդգրկումով: Նախատեսվում է, որ նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատության շրջանավարտը նույնպես պետք է բուհ ընդունվի մրցութային կարգով, ինչը, ըստ հեղինակի, կխթանի նախնական եւ միջին մասնագիտական դաշտում մասնագիտացված կադրերի հոսքը դեպի աշխատաշուկա եւ հավասար պայմաններ կստեղծի բուհ ընդունվողների համար: Օրենսդրական նախաձեռնությունը հնարավորություն կտա սահմանել եւ պարտադիր վերապատրաստումների միջոցով ուսումնարանների եւ քոլեջների տնօրենների հավակնորդներին հնարավորություն տալ հասնելու ուսումնական հաստատությունը կառավարելու նվազագույն պահանջներին:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Ռուզաննա Մուրադյանը:

Հարցի քննարկումը կշարունակվի մարտի 26-ի նիստում:

Վերջին նիստի մեկ ժամը ԱԺ Կանոնակարգի համաձայն հատկացվեց պատգամավորների հայտարարություններին:


25.03.2014
ԱԺ պատգամավորները մեկնել են Սիրիա
Մարտի 24-ի երեկոյան ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Նաիրա Կարապետյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Արման Սահակյանը, Թեւան Պողոսյանը եւ Էդմոն Մարուքյանը մեկնել են Սիրիա՝ տեղում ծանոթանալու Քեսաբ քաղաքում եւ հարակից բնակավայրերում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: Վերադառնալուց հետո նրանք Ազգա...

25.03.2014
Բաց դաս Ազգային ժողովում
Մարտի 25-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողով էին այցելել Երեւանի Շավարշ Սիմոնյանի անվան համար 112 ավագ դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները: Նրանց հետ բաց դաս անցկացրեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Ն...

25.03.2014
Հարգանքի տուրք՝ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
Մարտի 25-ին լրացավ ՀՀ նախկին վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահվան յոթերորդ տարելիցը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Հերմինե Նաղդալյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ պատգ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am