Տպել
24.03.2014
Մեկնարկեց Ազգային ժողովի հերթական քառօրյան
1 / 10

Մարտի 24-ին  Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերը հաստատելուց հետո Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց նախորդ նիստում քննարկված օրինագծերը:

Պատգամավորները ողջունեցին Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ ԱԺ նիստի ընթացքին հետեւող Երեւանի թիվ 94 ավագ դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին:

 Ազգային ժողովը շարունակեց  նախորդ քառօրյայում ընդհատված «Պետական գույքի կառավարման մասին» օրինագծի քննարկումը: Հիշեցնենք, որ նախագիծը նպատակ ունի օրենսդրորեն կանոնակարգելու պետական գույքի, այդ թվում՝ գույքային իրավունքների, տնօրինման, տիրապետման եւ օգտագործման հետ կապված,  պետական գույքի շրջանառության առնչությամբ պետական կառավարչական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց միջեւ հարաբերությունները, սահմանելու պետական  գույքի կառավարման  առանձնահատկությունները, որոնք  կանոնակարգված չեն գույքային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերով:

ՀԱԿ խմբակցության տեսակետը նախագծի վերաբերյալ ներկայացրեց Գագիկ Ջհանգիրյանը: Նա անընդունելի համարեց ՀՀ Սահմանադրությանը հակասող, նման տեսքով նախագծի քննարկումը, եւ առաջարկեց խորհրդարանական մեծամասնությանը նախագծի վերաբերյալ  լուրջ քննարկումներ կազմակերպել:

Արձագանքելով Գագիկ Ջհանգիրյանին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեց, որ քննարկումներ անպայման կլինեն, եւ Ազգային ժողովը չի ընդունի ցանկացած օրենք, եթե պարզվի, որ այն հակասում է մայր օրենքին:

Եզրափակիչ ելույթում հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովում օրինագծի քննարկումներից հետո էլ մտահոգությունները չեն վերացել: Նրա կարծիքով՝ Ազգային ժողովը մասնավորեցման ծրագրից դուրս օբյեկտների սեփականաշնորհման թույլտվության իրավասությունը պետք է վերապահի օրենսդիր մարմնին:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, եզրափակիչ ելույթում հղում անելով ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածներին, հավաստիացրեց, որ ՀՀ կառավարությունը իրեն վերապահված լիազորությունների սահմաններում է գործում, եւ որ այս նախագծով ընդամենը կանոնակարգվում է ոլորտը: Նա նշեց, որ մինչեւ երկրորդ ընթերցում մտահոգության տեղիք տվող հոդվածները մեկ անգամ եւս կքննարկվեն եւ հարկ եղած դեպքում անհրաժեշտ փոփոխություններ կարվեն:

Ազգային ժողովը քննարկեց պատգամավորների մեկ երրորդի նախաձեռնած «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական եվ իրավաբանական անձանց նկատմամբ 2012-2013թթ. ընթացքում արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երեւանի ուղեւորափոխադրումների ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացրեց հեղինակ, ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: Նա տեղեկացրեց, որ նախագիծը, ըստ էության, խորհրդարանական չորս խմբակցությունների՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» նախաձեռնությունն է:

Ըստ հիմնական զեկուցողի՝ ժամանակավոր հանձնաժողովի նպատակը պետք է լինի Հանրապետության ավտոճանապարհներին տեղադրված արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի, Երեւան քաղաքում ձեւավորված վճարովի ավտոկայանատեղերի գործողության արդյունքում 2012-2014 թվականների ընթացքում սպառողների հարկային բեռի փոփոխության եւ նրանց շահերի պաշտպանության  վիճակի, ՀՀ գերատեսչությունների եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից տնտեսվարող սուբյեկտների հետ կնքված պայմանագրերի հիմնավորվածության, Երեւանի ուղեւորափոխադրումների ուղեւարձի հնարավոր վերանայման օբյեկտիվ պատճառների առկայության, չշահագործվող ավտոմեքենաների սեփականատերերի նկատմամբ պարտադիր ապահովագրության ուղղությամբ կիրառված տուգանքների հետեւանքների գնահատման եւ դրանց վերանայման հնարավորությունների ուսումնասիրությունը եւ նշված խնդիրների հետ կապված եզրակացությունների ու առաջարկների ներկայացումը:

ԱԺ պատգամավորները քննարկվող հարցի վերաբերյալ մտքեր փոխանակեցին:

Արտահերթ ելույթում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախագծի հեղինակ չորս խմբակցություններին առաջարկեց մտահոգիչ հարցերը առանձնացնել ըստ ոլորտների, ուղարկել պատկան մարմիններին, այնուհետեւ  խորհրդարանական լսումներ անցկացնել, հանգամանորեն քննարկել այդ հարցերը՝  լսելով  պատկան մարմինների բացատրությունները: ԱԺ նախագահի գնահատմամբ՝ հարցի քննարկման իր առաջարկած ձեւաչափը ավելի արդյունավետ կլինի եւ կբացառվեն  քաղաքական շահարկումները:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը աննպատակահարմար համարեց նման հանձնաժողովի ստեղծումը: ՀՀ կառավարության ներկայացուցիչը անդրադարձավ ավտոճանապարհներին տեղադրված արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի նպատակահարմարությանն ու դրանց կանխարգելիչ նշանակությանը:

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, անդրադառնալով ստեղծվելիք ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրության հարցերից մեկին՝ չշահագործվող ավտոմեքենաների սեփականատերերի նկատմամբ կիրառվող տուգանքներին եւ համաձայնելով, որ իրականում կա այդ խնդիրը, տեղեկացրեց, որ կառավարությունը նախագիծ է մշակում, որի համաձայն՝ չշահագործվող մեքենաները ավտոմատ կերպով կհանվեն գրանցումից, որ տուգանքներ չգանձվեն:

ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշեց, որ, համաձայն ՀՀ Սահմանադրության, Ազգային ժողովը տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը միջամտելու լիազորություն չունի, եւ այս քայլը կդիտվի որպես օրենքի խախտմամբ անհարկի միջամտություն: Նա համոզմունք հայտնեց, որ բարձրացված հարցերին Ազգային ժողովը կարող է միայն օրենսդրական լուծում տալ:

ՀԱԿ խմբակցության տեսակետը քննարկվող հարցի  վերաբերյալ ներկայացրեց խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա անարդյունավետ համարեց ոլորտի օրենսդրական կարգավորման նախաձեռնությամբ հանդես գալը եւ կարեւորեց ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը:

Ազգային ժողովը հարցի քննարկումը կշարունակի մարտի 25-ի նիստում:
 


24.03.2014
Բաց դաս Ազգային ժողովում
Մարտի 24-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովը հյուրընկալել էր Երեւանի Գուրգեն Մարգարյանի անվան համար 94 ավագ դպրոցի աշակերտներին: Բաց դասը վարեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ով աշակերտներին ներկայացրեց ...

24.03.2014
Ցուցահանդես Ազգային ժողովում
Մարտի 24-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում բացվեց գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես, որը նախաձեռնել էր «Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպությունը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահները, պատգամավորներ, նկարիչներ: Ցուցահանդե...