Տպել
18.03.2014
ՀՀ ԱԺ նախագահը Ժնեւում հանդիպեց Լատվիայի Սաեյմայի նախագահի հետ
1 / 3

Մարտի 18-ին աշխատանքները շարունակեց Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Վեհաժողովը շարունակեց քննարկումները «Միջխորհրդարանական միության 125-ամյակը. մեր հանձնառությունը խաղաղությանն ու ժողովրդավարությանը» թեմայով:

Վեհաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Լատվիայի Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-լատվիական խորհրդարանական հարաբերությունների խորացմանը, միջազգային խորհրդարանական կառույցներում փոխգործակցությանը, Եվրամիություն-Հայաստան համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Փաստելով հայ-լատվիական համագործակցության ներկա բարձր մակարդակը` կողմերը շեշտեցին, որ անհրաժեշտ է առաջ շարժվել` օգտագործելով բոլոր հնարավորությունները եւ առկա մեծ ներուժը: Երկուստեք կարեւորվեց միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդումը, խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերություններում:

Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ արձանագրեց, որ երկու բարեկամ երկրների միջեւ հարաբերությունները զարգանում եւ խորանում են, ինչին նպաստում են բարձր մակարդակի բազմաթիվ փոխայցելությունները: Նրա խոսքով` վերջին շրջանում առավել ընդլայնվել է Հայաստանի եւ Լատվիայի միջեւ իրավապայմանագրային դաշտը, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում երկու երկրների միջեւ տարբեր բնագավառներում առավել ակտիվ համագործակցություն ծավալելու համար:

Կողմերն անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, միջազգային վերջին զարգացումներին: Կարեւորվեց բոլոր խնդիրների եւ հակամարտությունների կարգավորումը խաղաղ բանակցությունների ճանապարհով: Անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը` Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ այն չի խանգարում ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների հետագա զարգացմանը եւ խորացմանը:

Լատվիայի խորհրդարանի նախագահը նույնպես կարեւոր համարեց երկու երկրների խորհրդարանների համագործակցության զարգացումը` բարձր գնահատելով Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լատվիա հայ-լատվիական միջպետական եւ միջխորհրդարանական կապերի զարգացման եւ սերտացման առումով: Տիկին Աբոլտինան կարեւոր համարեց Հայաստանի պատրաստակամությունը զարգացնելու եւ ամրապնդելու Եվրամիության հետ հարաբերությունները, մասնավորապես Արեւելյան գործընկերության շրջանակներում: «Լատվիան պատրաստ է աջակցելու Հայաստանի յուրաքանչյուր նախաձեռնությանը, որն ուղղված կլինի Եվրամիության հետ համագործակցության զարգացմանը»,- ընդգծեց Սոլվիտա Աբոլտինան:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: