Տպել
01.03.2014
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր
1 / 11

Մարտի 1-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների, Արմավիրի մարզպետի եւ այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ Արմավիրի մարզում էր: ԱԺ նախագահի առաջին կանգառը Արշալույս համայնքն էր: Հովիկ Աբրահամյանը հանդիպեց խաղողի այգիներում աշխատող գյուղացիների հետ: Նա  համայնքի բնակիչներին շնորհավորեց գարնան առաջին օրվա կապակցությամբ, ջերմ եւ անկեղծ զրուցեց նրանց հետ եւ հետաքրքրվեց, թե արդյոք այն աջակցությունը, որ  տրվել  է գյուղացիներին անցյալ տարվա կարկտահարությունից հետո, որոշակիորեն մեղմեց նրանց հոգսը: Գյուղացիները խորհրդարանի ղեկավարին հավաստիացրին, որ նվազեցրել են  ջրի վարձը, հողահարկը, եղել է նաեւ դրամական աջակացություն, որը որոշակիորեն լուծել է  իրենց  խնդիրները: Այդուհանդերձ, գյուղացիները Հովիկ Աբրահամյանին խնդրեցին, որ այս տարի եւս ջրի համար տրվող վարձը հնարավորության դեպքում նվազեցվի: Աբրահամյանը հետաքրքրվեց նաեւ, թե արդյոք խաղողի մթերման հետ կապված կան խնդիրներ, սակայն գյուղացիները հավաստիացրին, որ կնքել են  պայմանագրեր, եւ մթերման խնդիր չկա:

Արշալույս համայնքում գյուղացիներին հուզող խնդիրներից  «սպիտակ ցեցեր» վնասատուներն են, որոնք, ըստ գյուղացիների, լուրջ վնաս են հասցնում բերքին եւ վարակի աղբյուր են: Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը նշեց, որ միջոցներ կձեռնարկեն  մեղմելու ցեցերի հասցրած վնասը: Աժ նախագահը խոստացավ, որ բոլոր խնդիրները ուսումնասիրելու են  եւ փորձելու են լուծումներ տալ:

Հաջորդ կանգառը Գեղակերտ համայնքն էր: Այստեղ եւս գյուղացիները Հովիկ Աբրահամյանի հետ ունեցան ջերմ եւ անկեղծ զրույց՝ ներկայացնելով բնակավայրի հիմնախնդիրները: Գյուղացիների խոսքով՝ գյուղը ունի ջրի, գազի, ճանապարհների խնդիրներ: Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ առաջիկայում նրանց խնդիրները կուսումնասիրվեն, կքննարկվեն եւ կփորձեն տալ լուծումներ: Բնակիչները նշեցին, որ համայնքը տրակտոր չունի: ԱԺ նախագահը խոստացավ  օգնել նաեւ այս հարցում, որպեսզի խնդիրը ստանա շուտափույթ լուծում: Գեղակերտի գյուղապետը Հովիկ Աբրահամյանին  խնդրեց օգնել վերականգնելու թամանյանական ճարտարապետությամբ մշակույթի տան տանիքը: Խորհրդարանի ղեկավարը  այս հարցում եւս  կաջակցի:
 
Արմավիրի Արագած  համայնքում էլ Հովիկ Աբրահամյանը ծանոթացավ ջերմոցային տնտեսությունների աշխատանքներին: Համայնքը ունի մոտ 150 հա ջերմոց, որտեղ հիմնականում թարխունի, կարտոֆիլի, կաղամբի դաշտեր են: Գյուղմթերքը հիմնականում արտահանում են Ռուսաստան եւ Վրաստան: Ազգային ժողովի նախագահը  այստեղ եւս ծանոթացավ գյուղի խնդիրներին, խոսեց բնակիչների հետ:

Արագած  համայնքում գյուղացիների հետ միասին համտեսելով նրանց աճեցրած բերքից՝ Հովիկ Աբրահամյանը բոլորի ընտանիքներին լիություն մաղթեց եւ նշեց, որ իշխանությունները  մշտապես լինելու են գյուղացու կողքին, փորձելու են թեթեւացնել նրանց հոգսը: Արագած  համայնքում ամփոփելով աշխատանքային այցը Արմավիրի մարզ`  Հովիկ Աբրահամյանը նշեց, որ գարնան առաջին օրը այցելելով Արարատյան դաշտավայր`  իրենց նպատակն է տեղում ծանոթանալ գյուղացիների խնդիրներին եւ փորձել աջակցել նրանց: ԱԺ  նախագահը հավաստիացրեց, որ բարձրացրած խնդիրների շուրջ քննարկում կկազմակերպվի: Հաջորդ շաբաթ խորհրդարանում կհրավիրեն գարնանային  նախապատրաստական աշխատանքներին վերաբերող լսումներ, որոնց կմասնակցեն նաեւ կառավարության  եւ այդ հացերով զբաղվող մարմինների ներկայացուցիչները: Ըստ ԱԺ նախագահի՝  գյուղի հիմնախդիրները եւ գյուղացիներին աջակցության հարցը ՀՀ Նախագահի ուշադրության կենտրոնում են: