Տպել
26.11.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ազգային կոնգրեսում հանդիպեց Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ
1 / 3

Նոյեմբերի 26-ին պաշտոնական այցով Արգենտինայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ազգային կոնգրեսում հանդիպեց Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ:

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց պաշտոնական հրավերի ու ջերմ ընդունելության համար եւ նշեց, որ Հայաստանը մեծապես հետաքրքրված է Լատինական Ամերիկայի երկրների, այդ թվում Արգենտինայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմամբ եւ խորացմամբ: Նա բարձր գնահատեց հայ-արգենտինյան հարաբերությունների զարգացման ներկայիս քաղաքական մակարդակը եւ կարեւորեց երկկողմ բարձրաստիճան այցելությունների, տարբեր մակարդակներով կանոնավոր շփումների շարունակականությունը: Հովիկ Աբրահամյանի գնահատմամբ` երկու երկրների բարեկամական հարաբերությունները, ինչպես նաեւ ձեւավորված իրավապայմանագրային դաշտն ամուր հիմք են առեւտրատնտեսական, մշակութային, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում լիարժեք համագործակցություն ծավալելու համար: Չնայած Հայաստանի տնտեսության մեջ կատարված արտասահմանյան ներդրումների ծավալով Արգենտինան զբաղեցնում է երրորդ տեղը շնորհիվ անվանի արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի խոշոր ֆինանսական ներդրումների, այնուամենայնիվ, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալները չեն համապատասխանում առկա ներուժին: Պարոն Աբրահամյանը նշեց, որ անհրաժեշտ է համատեղ ջանքերի շնորհիվ գործնական նոր ասպարեզներ գտնել այն առավելագույնս օգտագործելու համար: «ՀՀ Ազգային ժողովը շահագրգռված է Արգենտինայի խորհրդարանի երկու պալատների հետ էլ ավելի զարգացնելու միջխորհրդարանական կապերը, քանզի բոլորս էլ գիտակցում ենք համագործակցության այս ձեւաչափի մեծ դերակատարությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Համոզված եմ, որ մեր այցը դրական տեղաշարժ կարձանագրի մեր երկու բարեկամ պետությունների հարաբերություններում»,- ասաց ԱԺ նախագահը: Նա գոհունակությամբ արձանագրեց, որ երկու խորհրդարաններում ստեղծվել են պատգամավորական բարեկամության խմբեր, որոնք իրենց գործունեությամբ կարող են նպաստել Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ շփումների ակտիվացմանը: Կարեւորվեց համագործակցությունը միջազգային կառույցներում:

Ողջունելով եւ շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահին իր հրավերը ընդունելու եւ Արգենտինա պաշտոնական այց կատարելու համար` Ամադո Բուդուն բարձր գնահատեց հայ-արգենտինյան բարեկամական հարարաբերությունները: Նա անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը, երկկողմ շփումների ակտիվացումը, կարեւորեց բարեկամական խմբերի աշխատանքը: «Վստահ եմ, որ ձեր այցը նոր լիցք կհաղորդի երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը եւ կխթանի բազմակողմ համագործակցությունը: Երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում մեծ դեր ունի հայկական համայնքը, որը կարեւոր ներգրավվածություն ունի Արգենտինայի քաղաքական եւ տնտեսական կյանքում: Հայերը մեծ ներդրում ունեն մեր երկրի բարգավաճման եւ հզորացման գործում»,- ասաց Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուն: Նա կարեւոր համարեց նաեւ Հայաստանի հետ համագործակցության զարգացումը տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված Արգենտինայի չեզոք դիրքորոշումը, ինչը համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների դիրքորոշմանը: ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց 2006 թ-ին Արգենտինայի Ներկայացուցիչների պալատի, ապա նաեւ Սենատի կողմից ընդունված օրինագծի համար, համաձայն որի` երկրում յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հռչակվում է որպես «Հանդուրժողականության եւ ազգերի միջեւ հարգանքի օր»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Հովիկ Աբրահամյանը Ամադո Բուդուին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան. հրավերը սիրով ընդունվեց:

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը շրջայց կատարեց Ազգային կոնգրեսի շենքում:

Նշենք, որ հանդիպումը ուղիղ հեռարձակվում էր Արգենտինայի կենտրոնական հեռուստատեսությամբ:


26.11.2013
ԱԺ պատգամավորները հանդիպեցին Արգենտինայի Ազգային կոնգրեսի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ
Նոյեմբերի 26-ին Բուենես Այրեսում հայ խորհրդարանականները հանդիպեցին Արգենտինայի Ազգային կոնգրեսի Սենատի եւ Պատգամավորների պալատի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում միջխորհրդարանական համագործակցության ...

26.11.2013
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Արգենտինայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Դոմինգեսի հետ
Նոյեմբերի 26-ին Բուենոս Այրեսում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցի շրջանակներում հանդիպեց Արգենտինայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Դոմինգեսի հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց, որ երկու երկրների բա...

26.11.2013
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին
Նոյեմբերի 26-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց երկրորդ ընթերցման ներկայացված «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օր...