National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.11.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
22.11.2013
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
1 / 3

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետությունում աղետների ռիսկերի նվազեցման, աղետների վաղ ազդարարման եւ դիմակայման համակարգի ստեղծումը եւ զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին օրենսդիր եւ գործադիր մարմինների, հասարակական եւ գիտական կազմակերպությունների, տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ:

Բացման խոսքով հանդես եկավ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Թեմայի ընտրությունը նա պայմանավորեց մի շարք գործոններով՝ ներկաների ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, որ Հայաստանը գտնվում է բարձր սեյսմիկ ակտիվության եւ սողավտանգ գոտում, եւ այդ վտանգների վաղ ազդարարման անհրաժեշտություն կա, միաժամանակ ոչ պակաս կարեւոր համարեց երաշտին, ցրտին, կարկուտին, անտառային հրդեհներին եւ բնական աղետներին հակազդելու մեխանիզմների կատարելագործումը: Կորյուն Նահապետյանը արձանագրեց, որ աղետների ռիսկերի նվազեցումը ազգային գերակայություն է, ինչը հաստատված է ռազմավարական նշանակություն ունեցող տարբեր փաստաթղթերում եւ նախատեսում է ուժեղ ու կայուն ազգային ինստիտուցիոնար համակարգի ձեւավորում: Նա աղետների ռիսկերի նվազեցման գործում կարեւորեց հատկապես ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի կատարելագործումը, ինչպես նաեւ Ազգային ժողովին վերապահված մշտադիտարկումներ ու վերահսկողություն իրականացնելու գործառույթների հետեւողական իրականացումը: Ոլորտում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը նա մեծապես պայմանավորեց օրենսդիր եւ գործադիր մարմինների, հասարակական կազմակերպությունների ու մասնագետների համատեղ ու հետեւողական աշխատանքով, ինչին էլ միտված են այս քննարկումները:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը զեկուցեց ոլորտում կատարված բարեփոխումների, նախատեսվող ծրագրերի, միջազգային կառույցների ու տարբեր երկրների հետ արդյունավետ համագործակցության մասին՝ տեղեկացնելով, որ Հայաստանը տարածաշրջանի առաջին երկիրն է, որը մշակել է աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ, որտեղ հանգամանալից ներկայացված են աղետներից առաջ եւ հետո, աղետների ընթացքում իրականացվելիք քայլերը: Նա հանգամանորեն անդրադարձավ արտակարգ իրավիճակների տարբեր ստորաբաժանումների՝ աղետների վաղ ազդարարմանն ու կանխարգելմանը, աղետների ռիսկերի նվազեցմանն ու դիմակայմանն ուղղված աշխատանքներին եւ այդ փորձը մարզերում ներդնելու ծրագրերին:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում աղետների 110 տեսակներ կան, որոնք պահանջում են ստեղծել աղետների ռիսկերի նվազեցման կայուն համակարգ: Նրա գնահատմամբ՝ ռիսկերի նվազեցման գործում չափազանց մեծ է գիտելիքի ու տեխնիկական հագեցվածության դերը, իսկ ոլորտում առկա խնդիրները լուծելու համար կարեւոր է պետական կառավարման մարմինների ակտիվ համագործակցությունը, միասնական քաղաքականությունը, տեխնածին վտանգների նվազեցումը, պլանավորումը, բնական ռեսուրսների կառավարման կատարելագործումը, ապահովագրության ներդրումը, հետազոտությունների ակտիվացումը, ուսուցումն ու վերապատրաստումը, օրենսդրական դաշտի կատարելագործումը: Պատգամավորը կարեւորեց նաեւ փրկարարի կերպարի ձեւավորման ու ոլորտում հոգեբանների ներգրավման խնդիրը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ծանոթացրեց մարզում հանդիպող աղետների դրսեւորումներին ու ռիսկերին, քարաթափումների, սողանքների, հրդեհների, վթարային հին շինությունների, հեղեղների ու սելավների հնարավոր հետեւանքներին ու դրանց կանխարգելման ձեւերին: Նա կարեւորեց ՏԻՄ կարողությունների մեծացումը, ուսուցողական ծրագրերի հետեւողական իրականացումը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մարզային ծառայությունների հետ համակարգված աշխատանքը, ուսումնական վարժանքների կազմակերպումը:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանը հիմնականում անդրադարձավ քաղաքաշինության նորմերի խախտման դեպքերին, կանաչ տարածքների վրա կառուցապատման աճին եւ դրա հետեւանքով աղետների ռիսկերի մեծացման խնդիրներին: Կլիմայի գլոբալ փոփոխությունների պայմաններում նա անընդունելի համարեց սելավատար Գետառը խողովակների մեջ առնելը, իսկ տարհանման գոտիները կառուցապատելու, սեյսմիկ վտանգի անտեսումով բարձրահարկ շենքեր կառուցելու նախադեպերը ավելի են շատանում եւ մեծացնում աղետների ռիսկայնությունը:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի «Գառնի» գիտական կենտրոնի պետ Լիոն Հախվերդյանը խոսեց աղետների ռիսկերի օջախների, մասնավորապես Արարատյան դաշտի սեյսմիկ վտանգների, երկրաշարժի կանխագուշակմանն ուղղված «Գառնի» գիտական կենտրոնի աշխատանքների ընթացքի մասին:

Խորհրդարանական լսումների ժամանակ հնչեցին ելույթ-առաջարկներ: Զեկուցողները պատասխանեցին մասնակիցների հարցերին:

Եզրափակիչ ելույթում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը զեկուցողներին ու մասնակիցներին շնորհակալություն հայտնեց ակտիվ քննարկումների համար՝ հավաստիացնելով, որ տարբեր ձեւաչափերով քննարկումները շարունակական են լինելու եւ ամենակարեւորը՝ նպատակային: Այն միտված է լինելու աղետակայուն երկրի ձեւավորմանը, աղետների ռիսկերի նվազեցման աշխատանքների, ինչպես նաեւ համակարգի կառավարելիության արդյունավետության բարձրացմանը, աղետների ռիսկերի նվազեցման կարողությունների ճկուն եւ զարգացող համակարգի ձեւավորմանը, աղետների ռիսկերի նվազեցման գիտելիքների զարգացմանը, բնակչության իրազեկվածության բարձրացմանը եւ համապատասխան մշակույթի ձեւավորմանը, աղետների պատճառով կորուստների ու վնասների նվազեցմանը: Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց նաեւ, որ աշխատանքներ են կատարվում ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ, որի հաջողությունը պայմանավորված է լինելու իրավասու մարմինների ու բանիմաց մասնագետների համատեղ աշխատանքով: Նա հավաստիացրեց, որ այդ նպատակով ստեղծվելիք աշխատանքային խմբում ներկայացված կլինեն բոլոր շահագրգիռ կողմերը:



22.11.2013
Հայ խորհրդարանականների հանդիպումները Ուրուգվայի խորհրդարանականների հետ
ԱԺ նախագահի պաշտոնական այցի շրջանակներում Ուրուգվայի Գլխավոր ասամբլեայում ԱԺ խորհրդարանական պատվիրակության անդամները հանդիպումներ ունեցան իրենց գործընկերների հետ: Հայ կին պատգամավորները հանդիպեցին Ուրուգվայի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի կին պատգամավորների հետ: Կին խորհրդարանականները քննարկեցին...

22.11.2013
Մոնտեվիդեոյում Հովիկ Աբրահամյանը հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Նոյեմբերի 22-ին ԱԺ նախագահը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները այցելեցին Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի, որտեղ հայ խորհրդարանականներին ողջունեց Ուրուգվայի թեմի առաջնորդ Տեր Հակոբ արքեպիսկոպոս Քլնճյանը: Հայ պատգամավորները եղան Ներսիսյան կրթական հաստատությունում, հանդիպեցին ուրուգվա...

22.11.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Ուրուգվայի արտգործնախարարի հետ
Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց ունեցավ Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոյի հետ: Ուրուգվայի արտաքին գերատեսչության ղեկավարը կարեւորեց Հայաստանի խորհրդարանի նախագահի առաջին պաշտոնական այցը Ուրուգվայ եւ վստահություն հայտնեց, որ այն նոր որակ կհաղորդի հայ-ուր...

22.11.2013
Մոնտեվիդեոյում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խերման Կարդոսոյի հետ
Նոյեմբերի 22-ին Մոնտեվիդեոյում՝ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Գլխավոր Ասամբլեայում, ՈւԱՀ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Ներկայացուցիչների պալատի նախագահ Խերման Կարդոսոյի հետ: Ողջունելով ԱԺ նախագահին` Խերման Կարդոսոն նշեց, որ Ուրուգվայը կարեւոր նշանակությ...

22.11.2013
Երիտասարդական խորհրդարանի նիստում
Նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը: Օրակարգը հաստատելուց հետո երիտասարդ խորհրդարանականները քննարկեցին «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն...

22.11.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին եւ Լիբանանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիին` Բեյրութում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջեւ տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Հեռագ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am