Տպել
21.11.2013
ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության
1 / 5

Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հրավերով` նոյեմբերի 21-ին սկսվեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Ուրուգվայ:

ՈւԱՀ Գլխավոր ասամբլեայում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հետ: Ողջունելով ԱԺ նախագահին ու պատվիրակության անդամներին եւ բարձր գնահատելով Հայաստանի խորհրդարանի ղեկավարի այցը Ուրուգվայ` պարոն Աստորին վստահություն հայտնեց, որ այն նոր լիցք կհաղորդի հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերություններին, միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը եւ կնպաստի բազմակողմ համագործակցության էլ ավելի խորացմանը: «Ուրուգվայը միշտ Հայաստանի կողքին է, եւ բարեկամ հայ ժողովուրդը մեր սրտերում եւ հոգիներում է»,- ասաց Ուրուգվայի Սենատի նախագահը: Նա բարձր գնահատեց հայ համայնքի դերը հայ-ուրուգվայական կապերի ամրապնդման գործում: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման խնդրին` Դանիլո Աստորին ասաց. «Վստահ եմ, որ ապագա չի կարելի կերտել, եթե չհիշենք անցյալը»:

Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար` Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի անկախացումից ի վեր ԱԺ նախագահի առաջին պաշտոնական այցը Ուրուգվայ կարեւոր նշանակություն կունենա երկկողմ հարաբերությունները ամրապնդելու եւ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար: Նա կարեւոր համարեց միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը, բարեկամական խմբերի փոխգործակցության ամրապնդումը: Հովիկ Աբրահամյանն անհրաժեշտ համարեց առեւտրատնտեսական, զբոսաշրջության, դեղագործության եւ այլ ոլորտներում ակտիվ համագործակցություն հաստատելը: «Անհերքելի փաստ է, որ մեր երկու երկրների միջեւ ձեւավորված են ջերմ բարեկամական հարաբերություններ, սակայն, չպետք է սահմանափակվենք ունեցածով, պետք է մեկտեղենք մեր բոլոր ջանքերը համագործակցության նոր ասպարեզներ գտնելու համար»,- ասաց ԱԺ նախագահը: «Ուրուգվայն առաջին պետությունն էր, որ 1965թ. ճանաչեց Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը: Բոլորս էլ գիտակցում ենք, որ նման ոճրագործություններն անտեսելը նպաստում է դրանց կրկնվելուն, քանի որ անտարբերությունը դառը հետեւանքների պատճառ կարող է դառնալ»,- նշեց Հովիկ Աբրահամյանը: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին` ԱԺ նախագահը շեշտեց, որ Հայաստանը հարցի կարգավորումը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում` խաղաղ բանակցությունների արդյունքում, ինչը մեծապես կնպաստի Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը` զերծ պահելով տարածաշրջանը ռազմական գործողությունների աղետալի հետեւանքներից: Արձագանքելով ԱԺ նախագահի խոսքին` ՈՒԱՀ փոխնախագահը նշեց, որ Ուրուգվայը, հիմք ընդունելով ՄԱԿ-ի սկզբունքները, կողմնակից է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ հիմնված ժողովուրդների ազատության եւ ազգերի ինքնորոշման, ինչպես նաեւ տարածքային ամբողջականության սկզբունքների վրա: «Պետք է հարգել այդ հողի վրա ապրող ժողովրդի ազատությունը, մշակույթը, սովորույթները»,- հավելեց Դանիլո Աստորին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: Հովիկ Աբրահամյանը Դանիլո Աստորիին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան. հրավերը սիրով ընդունվեց: ԱԺ նախագահը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում:

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը շրջայց կատարեց Ուրուգվայի Գլխավոր ասամբլեայի շենքում:

Նույն օրը Հովիկ Աբրահամյանը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները այցելեցին Մոնտեվիդեոյի կենտրոնում գտնվող Արմենիա հրապարակ, որը նվիրված է Հայաստանին եւ խորհրդանշում է հայ-ուրուգվայական բարեկամությունը: Հովիկ Աբրահամյանը ջերմ եւ անմիջական զրույց ունեցավ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:


21.11.2013
Տեսաֆիլմի շնորհանդես խորհրդարանում
Նոյեմբերի 21-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի կողմից ներկայացված գրական տեսաֆիլմի շնորհանդես, որի հիմքում Վիլյամ Սարոյանի «Հայը եւ հայը» պատմվածքն է: Շնորհանդեսին ներկա էին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ,  ԱԺ աշխատակազմի անդամն...

21.11.2013
Հանդիպում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
Նոյեմբերի 21-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հանդիպեց ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի զեկուցող Մայլիս Ռեփսի հետ: Նա տարածաշրջան է այցելել փաստահավաք առաքելությամբ՝ «Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում ...

21.11.2013
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպեց ԵՊՀ ուսանողների հետ
Նոյեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի ուսանողների հետ: Արտակ Զաքարյանը օրենսդիր մարմնի աշխատանքներին եւ խորհրդարանական դիվանագիտությանը ծանոթանալու տեսանկյունից կարեւորեց նմանօրինակ ...