Տպել
19.11.2013
Աշխատանքային այց Արմավիրի զորամաս
1 / 7

Նոյեմբերի 19-ին Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը հերթական աշխատանքային այցն էր կազմակերպել Արմավիրի զինվորական զորամաս:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, հանձնաժողովի անդամներ Գրիգոր Գրիգորյանը, Թեւան Պողոսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Առաքել Մովսիսյանը եւ երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչները հանդիպեցին սպայակազմի եւ ժամկետային ծառայություն անցնող զինվորների հետ, ծանոթացան նրանց կենցաղային պայմաններին, մարտական պատրաստությանը, ծառայողական հարաբերություններին:

ԱԺ պատգամավորները եղան զինվորական ճաշարանում, սնվեցին զինվորների հետ եւ ծանոթացան նրանց սննդակարգին: Նրանք այցելեցին զորանոց, բուժկետ, բաղնիք, հետաքրքրվեցին զինվորների հանգստի, բուժօգնության ու հիգիենայի պայմաններով, եղան ուսումնական մասնաշենքում, ծանոթացան վարժասարքերով ու տեխնիկական այլ միջոցներով կազմակերպվող ուսումնական պրոցեսի արդյունավետությանը, ուսումնական ծրագրերին ու մասնագիտացումներին:

Այցի ողջ ընթացքում պատգամավորները առիթը բաց չէին թողնում զրուցելու զինվորների հետ, հետաքրքրվելու ոչ միայն նրանց ծառայության պայմաններով, այլեւ հասկանալու, թե ինչքան է բարձր զինվորի պարտքի գիտակցումը հայրենիքի հանդեպ: Հայ զինվորը նրանց հուսախաբ չարեց: