Տպել
05.11.2013
ԱԺ նախագահն այցելեց Տավուշի մարզ
1 / 14

Նոյեմբերի 5-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այցելեց Տավուշի մարզ: ԱԺ նախագահին ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ԱԺ պատգամավորներ` Կարինե Աճեմյանը, Ռուբեն Հակոբյանը, Ռուզաննա Մուրադյանը, Կարինե Պողոսյանը, Շուշան Պետրոսյանը, Աղվան Վարդանյանը, Հակոբ Հակոբյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելեց Դիլիջանի միջազգային դպրոց: Նշենք, որ Դիլիջանի միջազգային դպրոցը լայնածավալ բարեգործական նախաձեռնություն է, որը նորովի կներկայացնի Հայաստանը աշխարհի կրթօջախների քարտեզի վրա: Դիլիջանի միջազգային դպրոցի դռները կբացվեն 2014 թ. սեպտեմբերին: Առաջին ուսումնական տարում այն կընդունի 90 աշակերտ, որոնց քանակը 2023 թ.-ին կհասնի 650-ի` առնվազն 60 երկրներից: Շնորհալի աշակերտների 90 տոկոսը դպրոցում սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ: Այժմ դպրոցում իրականացվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ, որոնց ընթացքին ծանոթացավ խորհրդարանի ղեկավարը: Պատասխանատուները պարոն Աբրահամյանին ներկայացրին միջազգային դպրոցում նախատեսված շինարարության ծավալը, իրականացված աշխատանքը եւ առաջիկայում կատարվելիք քայլերը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հաջորդ կանգառը Գոշավանք վանական համալիրն էր: Խորհրդարանի ղեկավարը եւ պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մխիթար Գոշի հիշատակը հավերժացնող արձանին: Նշենք, որ արձանը կանգնեցվել է Մխիթար Գոշի մահվան 800-ամյա տարելիցի առթիվ: Գոշավանքում Տավուշի մարզի հոգեւոր թեմի առաջնորդ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը հյուրերին նվիրեց Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթագիրքը: ԱԺ նախագահը, ՀՀ փոխվարչապետը եւ ԱԺ պատգամավորները բարձրաձայն ընթերցեցին հատվածներ գրքում զետեղված 24 աղոթքներից: Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին այցի համար: Նա անդրադարձավ Մխիթար Գոշի ստեղծագործական ուղուն, այնուհետեւ ներկայացրեց 12-13-րդ դարերի կառույցի վիճակը՝ նշելով, որ եկեղեցին վերակառուցման կարիք ունի: Պարոն Աբրահամյանը հորդորեց Տավուշի մարզի հոգեւոր թեմի առաջնորդին առաջարկներ ներկայացնել վանքի վերանորոգման աշխատանքների վերաբերյալ եւ խոստացավ աջակցել խնդիրների լուծմանը: Այնուհետեւ խորհրդարանի ղեկավարը շրջեց վանական համալիրով, ծանոթացավ պատմամշակութային կոթողի խնդիրներին:

Օրվա ավարտին Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ամփոփեց այցի արդյունքները: Նա նշեց, որ յուրաքանչյուր հայ պարտավոր է իր ավանդն ունենալ հոգեւոր կենտրոնների պահպանման գործում: Պարոն Աբրահամյանի գնահատմամբ՝ այս բնագավառում եւս, եթե կան օրենսդրական լուծում պահանջող խնդիրներ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը ձեռնամուխ է լինում խնդիրների քննարկմանը եւ լուծմանը: ԱԺ նախագահը, խոսելով մարզային այցերի մասին, ընդգծեց, որ ԱԺ պատգամավորները՝ որպես օրենսդիրներ, պարտավոր են պարբերաբար լինել մարզերում, շփվել բնակիչների հետ եւ ծանոթանալ խնդիրներին: Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով Դիլիջանի միջազգային դպրոց կատարած այցին, ասաց, որ 1 տարվա ընթացքում լայնածավալ աշխատանք է կատարվել: Պարոն Աբրահամյանը հավելեց, որ միջազգային դպրոցի պատասխանատուների հետ զրույցից հասկացել է, որ նախաձեռնության հեղինակներին չի հետաքրքրում շահույթը, նրանք կարեւորում են որակյալ կրթությունը: «Դա մեծ հարստություն է մեր երկրի համար նաեւ երկիրը ճանաչելու տեսանկյունից: Ես համոզված եմ, որ նախաձեռնողները մեծ գործ են արել մեր երկրի, մեր ժողովրդի համար»,- ընդգծեց խորհրդարանի ղեկավարը: Նախնական 50 մլն դոլարի ներդրման փոխարեն 190 մլն դոլարի ներդրում է կատարվելու: Նա տարածքների համաչափ զարգացման համատեքստում կարեւորեց մարզերում նման ծրագրերի իրականացումը:


05.11.2013
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Նոյեմբերի 5-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը: ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկեց «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կ...