Տպել
31.10.2013
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում քննարկվում է «ՀՀ 2014 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը
1 / 7

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Էլինար Վարդանյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ հոկտեմբերի 31-ին քննարկվեց «ՀՀ 2014 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆինանսավորման հարցը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրեց ոլորտի ֆինանսավորման ծավալները, իսկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն անդրադարձավ ոլորտի կարիքներին: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար նախատեսված է տրամադրել 213 մլն 421.5 հազար դրամ գումար: Աշխատակազմի պահպանման ծախսերը կկազմեն 211 մլն 813.3 հազար դրամ, կարողությունների զարգացման ծրագրով կտրամադրվի 1,288.2 հազար դրամ: Մարդու իրավունքների պաշտպանի եւ նրա աշխատակազմի կողմից մատուցվելիք ծառայություններում խոշոր փոփոխություններ են համարվում «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արդյունավետության եւ մատչելիության ապահովում եւ խթանում» ծրագրի շրջանակներում Հայաստանի 3 մարզերում մեկական գրասենյակի ստեղծումը, որոնք նախատեսվում է պահպանել 2014 թ. բյուջետային միջոցների հաշվին: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ներդրված 24 ժամ գործող թեժ գիծ եւ արագ արձագանքման խումբը, որոնք ծառայում են Երեւանում եւ մարզերում իրավախախտումների ժամանակ իրավական օգնություն տրամադրելու համար, նույնպես նախատեսվում է պահպանել 2014 թ. բյուջետային միջոցների հաշվին: Աշխատակազմի կողմից նախատեսվում է ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր խոշտանգումների դեմ կանխարգելող ազգային մեխանիզմի գործառույթների եւ մարզային գրասենյակների հետ կապված, ֆինանսական ակտիվների ձեռք բերում (բաժնետոմսերի ձեռք բերում, վարկերի տրամադրում) չի նախատեսվում:

ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությանը ներկայացվել է 243 մլն դրամի հայտ, նախատեսվել է հատկացնել 213 մլն 421,5 հազար դրամ: Պակասող 31 մլն դրամն ուղղվելու էր մարզային 3 գրասենյակների եւ արագ արձագանքման ծառայության պահպանմանը, որոնք ընթացիկ եւ նախորդ տարիներին գործել են բացառապես դրամաշնորհների միջոցով: Նշենք, որ ՄԻՊ գրասենյակը անկախության նկատառումներից ելնելով՝ հրաժարվել է դրամաշնորհներից:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որը նախագահում էին Նաիրա Զոհրաբյանը եւ Գագիկ Մինասյանը, քննարկվեցին «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում ընդգրկված եվրոպական ինտեգրման հարցերին վերաբերող ֆինանսական հատկացումներն ու նախատեսված ծրագրերը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրեց ոլորտի ֆինանսական հատկացումները: Նա նշեց, որ պետական բյուջեից 122 մլն դրամ հատկացվելու է ԵՄ օրենսդրությունը հայերեն թարգմանելու գործին: 40 մլն դրամ նախատեսված է հատկացնել ԵՊՀ-ում գործող «Եվրոպական իրավունքի ինտեգրման կենտրոնի պետական աջակցություն կենտրոնին»՝ պահպանման ծախսերի համար:

Բյուջետային հատկացումներից բացի՝ ոլորտ կուղղվեն նաեւ մի շարք դրամաշնորհներ, որոնք հատկացնելու է Եվրամիությունը: Ըստ Պավել Սաֆարյանի՝ դրամաշնորհների ստացման հիմնական նպատակն է բարելավել պետական հատվածում հաշվապահական հաշվառումը, կատարելագործել պետական գնումների քաղաքականությունը եւ օրենսդրական դաշտը, բարձրացնել պետական ֆինանսների կառավարման եւ պետական հատվածի գործունեության թափանցիկությունը եւ արդյունավետությունը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ոլորտում 2014 թվականի համար նախատեսված ծրագրերը: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ ԱԳՆ ներկայացուցիչը նշեց, որ այս պահին Հայաստանը ակտիվ երկխոսության մեջ է գտնվում Եվրամիության գործընկերների եւ անդամ պետությունների հետ: Փոխնախարարը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Հայաստան-ԵՄ համագործակցությունը շարունակելու եւ խորացնելու ԵՄ մտադրությունը:

Նույն օրը Արտակ Զաքարյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որտեղ ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված ԱԳՆ ֆինանսավորումը: Այն կկազմի 11 մլրդ 93 մլն դրամ, որը 2013 թ.-ի բյուջեի համեմատ ավել է մոտ 497 մլն դրամով: Նշվեց, որ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմամբ պայմանավորված ավելացել են նախարարության պահպանման ծախսերը: Ըստ Պավել Սաֆարյանի՝ 2014 թ.-ին նախատեսվում է 165 մլն դրամով կրճատվել ներկայացուցչական ծախսերը: Տեղեկացվեց, որ կառավարության պահուստային ֆոնդից լրացուցիչ գումարներ կհատկացեն Շվեդիայում եւ Վատիկանում բացված դեսպանությունների ծախսերը հոգալու համար:

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրեց 2014 թ.-ի այն ծրագրերը, որոնք կիրականացնի ԱԳՆ-ը: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը հետեւողականորեն շարունակելու է իր ակտիվ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ: Ըստ Շավարշ Քոչարյանի՝ 2014 թ.-ը լինելու է ծանրաբեռնված՝ պայմանավորված Հայոց ցեղասպանության 100 տարելիցին ընդառաջ` լրացուցիչ աշխատանքների իրականացմամբ: Փոխնախարարը նշեց, որ լրացուցիչ աշխատանք է սպասվում Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության հայտի ներկայացման հետ կապված:


31.10.2013
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահների ասուլիսը խորհրդարանում
Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահներ Սամվել Ֆարմանյանի եւ Միլան Ցաբրնոխի մամուլի ասուլիսը: Սամվել Ֆարմանյանը նշեց, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը երկու ուղղությամբ է զարգանում՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության եւ Արեւելյա...

31.10.2013
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի Եվրոպայի պահպանողականներ եւ ռեֆորմիստներ խմբի անդամներին
Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի Եվրոպայի պահպանողականներ եւ ռեֆորմիստներ խմբի անդամներ Չարլզ Թանոքին եւ Ռիշարդ Չառնեցկուն: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը կարեւորեց նրանց այցը Հայաստան եւ նշեց, որ այն կնպաստի Եվրոպական խորհրդարանի հետ գործակցության խ...

31.10.2013
ԱԺ աշխատակազմի ղեկավարը հանդիպեց KOICA-ի ներկայացուցիչների հետ
Հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանն ընդունեց Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) ներկայացուցիչներ Իսահակ Կիմին եւ Օուեն Լիին, ովքեր Ազգային ժողովում էին գտնվում ԱԺ նիստերի դահլիճի տեխնիկական վերազինման ծրագրի ամփոփման եւ արդյունքների մասին գ...

31.10.2013
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եղան ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի անդամները
Հոկտեմբերի 31-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի անդամները: Նրանք ծաղիկներ դրեցին 1915 թ. Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակը: Հյուրե...

31.10.2013
Հնդկաստանի Բարի կամքի խորհրդարանական պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստան այցելած Հնդկաստանի Բարի կամքի խորհրդարանական պատվիրակությունը՝ խորհրդարանական հարաբերությունների պետնախարար Պաբան Սինգհ Գաթովարի գլխավորությամբ, հոկտեմբերի 31-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթո...

31.10.2013
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Միլան Ցաբրնոխը հանդիպեց ԱԺ խմբակցությունների հետ
Հոկտեմբերի 31-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը եւ խմբակցության անդամ Ռուզաննա Մուրադյանը հանդիպեցին ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի գլխավորած պատվիրակությանը: Հովհաննես Սահակյանը ներկայացրեց ՀՀԿ խմբակցության տեսակետը Հայաստան-Ե...