Տպել
31.10.2013
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Միլան Ցաբրնոխը հանդիպեց ԱԺ խմբակցությունների հետ
1 / 6

Հոկտեմբերի 31-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը եւ խմբակցության անդամ Ռուզաննա Մուրադյանը հանդիպեցին ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի գլխավորած պատվիրակությանը:

Հովհաննես Սահակյանը ներկայացրեց ՀՀԿ խմբակցության տեսակետը Հայաստան-Եվրոպական միություն եւ Հայաստան-Մաքսային միություն համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Նրա գնահատմամբ՝ ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացված բարեփոխումները արդյունավետ են եղել, եւ Հայաստանը լավ է գիտակցում եվրաինտեգրման կարեւորությունն ու անհրաժեշտությունը: Նա արձանագրեց, որ Հայաստանը միաժամանակ ակտիվ մասնակցություն է ունեցել ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի աշխատանքներին, որոնց անդամ է Հայաստանը եւ գտնվում է անվտանգության նույն համակարգում: Ըստ նրա՝ սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահի հայտարարությունը Մաքսային միություն մտնելու որոշման մասին նորություն չէր, առավել եւս որ Հայաստանը միջազգային բոլոր կառույցների հետ միշտ էլ ակտիվ հարաբերություններ զարգացնելու դիրքորոշում է ունեցել: Նա հույս հայտնեց, որ ԵՄ-ի հետ մեր երկրի համագործակցությունը շարունակական կլինի, եւ կավելանան բարեփոխումների ոլորտում ունեցած ձեռքբերումները: Ռուզաննա Մուրադյանը արձանագրեց, որ ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանի կրթական ոլորտում հաջողությամբ իրականացվել են բազմաթիվ բարեփոխումներ, որոնք նպաստել են ԵՄ-ին Հայաստանի մերձեցմանն ու ինտեգրմանը, եւ ցանկալի է, որ դրանք շարունակական լինեն:

Միլան Ցաբրնոխը բարձր գնահատեց վերջին երեք ու կես տարիներին ծավալված ԵՄ-Հայաստան համագործակցությունն ու ասոցացման պայմանագրի հետ կապված բանակցությունները, որոնք, նրա գնահատմամբ, ընդհատվեցին Հայաստանի քաղաքականության մեջ կատարված շրջադարձով: Ըստ նրա՝ այժմ ստեղծվել է քաղաքական մի իրավիճակ, որից պետք է ելք գտնել: Ինչ վերաբերում է փոխգործակցությանը, ապա ԵՄ-ն պատրաստ է աջակցելու Հայաստանում ընթացող բարեփոխումներին:

Նույն օրը Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի գլխավորած պատվիրակության հետ հանդիպեցին նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց խմբակցության մոտեցումները, թե ինչպիսի կարեւորագույն հարցերի շրջանակներում են իրենք տեսնում եվրոպական համայնքի հետ երկխոսության շարունակությունը՝ կարեւորելով կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, ազատ ընտրությունները եւ արդարադատության համակարգում կատարվող բարեփոխումները:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ այս հարցերի համախումբը երկրի համար կարեւոր ռազմավարական նշանակություն ունի եւ անհրաժեշտ է, որ Եվրոպական միության եւ եվրոպական կառույցների հետ երկխոսությունը անպայմանորեն շարունակվի:

Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը հանդիպեց նաեւ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամների հետ:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց խմբակցության տեսակետները Հայաստանի քաղաքական իրավիճակի, ներքաղաքական զարգացումների եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների շուրջ: Լեւոն Զուրաբյանը նշեց, որ Հայաստանը դեռեւս չլուծված խնդիրներ ունի խոսքի ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ ընտրությունների հետ կապված: Եվ այդ խնդիրները խոչընդոտում են երկրի կայուն զարգացմանը, ժողովրդավարության հաղթանակին: Ըստ խմբակցության ղեկավարի՝ Եվրամիություն-Հայաստան համագործակցության շարունակման եւ զարգացման դեպքում Հայաստանը կկարողանա ռացիոնալ լուծում տալ խնդիրներին:

Զրուցակիցներն անդրադարձան Եվրամիություն-Հայաստան համագործակցությանը՝ կարեւորելով Հայաստանի անդամակցությունը եվրոպական ընտանիքին: Միլան Ցաբրնոխը նշեց, որ Եվրամիությունը հարգում է Հայաստանի որոշումը եւ պատրաստակամություն է հայտնում շարունակելու համագործակցությունը նոր պայմաններում:

«Օրինաց երկիր » խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը նշեց, որ Եվրամիությունը Հայաստանը համարում է Արեւելյան գործընկերության շրջանակներում կարեւոր երկիր եւ շարունակելու է աջակցությունն ու համագործակցությունը մարդու իրավունքների եւ ժողովրդավարական գործընթացների զարգացման, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ:

Անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը՝ պարոն Ցաբրնոխը նշեց, որ հարգում են Հայաստանի որոշումը եւ հետագայում կփնտրեն Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու նոր հարթակներ: «Մեզ համար Հայաստանը տարածաշրջանում առանցքային գործընկեր է»,- նշեց Միլան Ցաբրնոխը:

ՕԵԿ խմբակցության պատգամավորները նշեցին, որ Հայաստանը կողմնակից է եվրոպական համընդհանուր արժեքների որդեգրմանը եւ եվրոպական կառույցների հետ սերտ համագործակցությանը: Պատգամավորների խոսքով՝ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին բխում է մեր երկրի անվտանգության եւ տնտեսության շահերից: Խմբակցության անդամները նշեցին նաեւ, որ Հայաստանի նպատակն է ունենալ սերտ համագործակցություն երկու կողմերի հետ :

Նույն օրը ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի հետ հանդիպեց նաեւ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Կողմերը քննարկեցին Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումից հետո երկրում ստեղծված իրավիճակը եւ առաջիկա քայլերը: Պարոն Վարդանյանը կարեւորեց երկկողմ փոխգործակցության ընդլայնումը եւ խորհրդարանական կապերի սերտացումը՝ նշելով, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների դինամիկ զարգացումը չպետք է տուժի վերջին զարգացումների պատճառով: ՀՅԴ խմբակցության քարտուղարը, անդրադառնալով ԵԽԽՎ վերջին բանաձեւին, ցավով նշեց, որ բանաձեւում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տեղ են գտել մտահոգիչ ձեւակերպումներ, որոնք իրականության հետ կապ չունեն: Նրա գնահատմամբ՝ հայ ժողովրդի պատմական-մշակութային ժառանգությունը, հոգեկերտվածքը եւ ապագայի վերաբերյալ պատկերացումները ի վերջո մեզ մերձեցնելու են Եվրոպային, եւ այսօրվա քաղաքական գործիչների խնդիրն է չարգելափակել այդ ճանապարհը:

Միլան Ցաբրնոխը նշեց, որ Եվրամիությունը Հայաստանը համարում է տարածաշրջանում հիմնական ու առանցքային գործընկեր պետություն եւ շարունակելու է աջակցությունը մի շարք ծրագրերի ուղղությամբ:

Կողմերն անդրադարձան նաեւ տարածաշրջանային զարգացումներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը:

Նույն օրը Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը հանդիպեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամների հետ: Խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կարեւորեց Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններն ու դրանց զարգացումը հատկապես այս օրերին, երբ Հայաստանը հայտարարել է Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ իր որոշման մասին: Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը դեմ է արտահայտվել այդ որոշմանը, անցկացրել է բողոքի հանրահավաք: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը նշեց, որ ակնկալում են եվրոպական կառույցների աջակցությունն ու խորհրդարանական համագործակցության խորացումը ԱԺ այն խմբակցությունների հետ, որոնք միտված են զարգացնելու եվրոպական ինտեգրումը:

Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը նշեց, որ Եվրամիությունը հարգում է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ կայացրած որոշումը եւ պատրաստակամ է շարունակելու եւ խորացնելու տարբեր ուղղություններով ձեւավորված համագործակցությունը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին՝ նա ցավ հայտնեց, որ այդ հարցում առաջընթաց չի գրանցվել: Նա նշեց, որ Եվրամիությունը հնարավորության շրջանակներում կաջակցի ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ գտնելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ:



29.04.2024
Ժողովրդավարությունն է ապահովելու մեր երկրի անվտանգությունը, զարգացումը եւ կայունությունը տարածաշրջանում. Մերի Գալստյան
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (ՖԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը մասնակցել է ՖԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին, որը կայացել է ապրիլի 29-30-ը՝ Լյուքսեմբուրգում:Հայկական պատվիրակությունն առաջարկել է փոփոխություններ եւ լրացո...

29.04.2024
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...

29.04.2024
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...

29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...