Տպել
25.09.2013
Հանձնաժողովի նիստում
1 / 1

Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը Արտակ Դավթյանի նախագահությամբ: ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ներկայացրեց իր հեղինակած «2013 - 2017 թթ.-ին գիտության ֆինանսավորման չափերի եւ կարգի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկում էր բարձրացնել գիտության բնագավառի ծախսերը: Պատգամավորն առաջարկում էր գիտության բնագավառի ծախսերը 2013 թվականի համար սահմանել 2011 թվականի ՀՆԱ-ի 1 տոկոսի չափով եւ առաջիկա տարիներին շարունակել ծախսերի բարձրացման գործընթացը:

ՀՀ ԿԳ նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ներկայացրեց կառավարության բացասական դիրքորոշումը: Նրա խոսքով՝ գիտության բնագավառի ծախսը պետք է լինի ՀՆԱ-ի 1% -ից ոչ պակաս: Նա կարեւորեց նաեւ կրթության նոր մոդելների իրագործումը, գիտական մեգածրագրերի իրականացումը:

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի առաջարկով հետ վերցրեց հանձնաժողովին ուղղված գրությունը` ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնության շրջանակներում համատեղ քննարկելու համար: