Տպել
17.09.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեխիայի Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկային եւ Սենատի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը
1 / 3
Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկային եւ Սենատի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ նրանց այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-չեխական հարաբերությունների եւ հատկապես միջխորհրդարանական համագործակցության զարգացման գործում: «Վստահ եմ, որ մեր երկու երկրների խորհրդարանների միջեւ բարեկամական կապերի վրա հիմնված համագործակցությունն առավել կամրապնդվի եւ կզարգանա` ի շահ մեր երկրների», - նշեց Հովիկ Աբրահամյանը: Նրա գնահատմամբ` տարբեր մակարդակներում հայ-չեխական համագործակցությունը վերընթաց բնույթ է ստացել, եւ Հայաստանը կարեւորում է Չեխիայի հետ համակողմանի փոխգործակցությունը, քաղաքական երկխոսության շարունակականությունը, միջխորհրդարանական հարաբերությունների հետագա խորացումը: ԱԺ նախագահի համոզմամբ` խորհրդարանական երկխոսությունը կարող է օգտակար լինել նաեւ փոխճանաչելիության բարձրացման, միմյանց ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգի հարցերի մասին լավ պատկերացումներ կազմելու, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում միմյանց աջակցելու տեսանկյունից:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումները ԼՂ հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաեւ վերջին արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ: Նա բարձր գնահատեց ԼՂ հակամարտության հարցում Չեխիայի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումը: ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ մինչեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Չեխիայի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ կմիանա այն երկրներին, որոնք ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ կատարված ոճրագործություն: Հայաստանի Հանրապետության Մաքսային Միությանն անդամակցելու որոշմանը անդրադառնալով` ԱԺ նախագահը նշեց, որ այն պայմանավորված է աշխարհաքաղաքական իրողություններով եւ բխում է մեր երկրի շահերից: «Հայաստանը իր արտաքին քաղաքականության մեջ մշտապես առաջնորդվել է եւ շարունակում է առաջնորդվել շահերի համադրման սկզբունքով եւ շարունակելու է խորացնել ու ընդլայնել հարաբերությունները թե մեր եվրոպական գործընկերների եւ թե մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ»,-ասաց Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով` Հայաստանը միշտ բաց է եղել համագործակցության համար բոլոր միջազգային հարթակներում, հանդես եկել հօգուտ ինտեգրացիոն գործընթացների, բայց երբեք չանտեսելով երկրի ռազմավարական շահերը` հատկապես փակ սահմանների ու հակամարտության առկայության պայմաններում: «Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ եվրոպական արժեքներին ու սկզբունքներին, եւ մենք վճռական ենք՝ մեր եվրոպացի գործընկերների հետ միասին ընդլայնելու եւ խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը` ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանը»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Չեխիայի Սենատի փոխնախագահը կարեւորեց Հայաստանի հետ համագործակցության զարգացումը եւ ընդլայնումը տարբեր ոլորտներում: Տիկին Հորսկան բարձր գնահատեց երկու երկրների խորհրդարանների միջեւ ստեղծված ջերմ հարաբերությունները` անհրաժեշտ համարելով դրանց հետագա խորացումը եւ զարգացումը: Նա կարեւոր համարեց համագործակցության ընդլայնումը նաեւ մարզերի եւ քաղաքների միջեւ` գոհունակությամբ փաստելով Կառլովի Վարի եւ Ջերմուկ քաղաքների միջեւ գործակցությունը, որի հիմքը դրվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի Չեխիա կատարած պաշտոնական այցի ընթացքում:

Սենատի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահ Միրոսլավ Կրեյչան, անդրադառնալով Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշմանը, նշեց. «Կարծում եմ՝ բոլոր պետությունները պետք է հարգեն Հայաստանի ընտրությունը` Մաքսային միությանը անդամակցելու որոշումը»: Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է շարունակի ձգտումը դեպի Եվրոպա, եւ կարեւորը կատարված ու առաջիկայում կատարվելիք աշխատանքն է:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


17.09.2013
Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատվիրակությունը ալցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Սեպտեմբերի 17-ին Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատվիրակությունը ալցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք ծաղկեպսակ դրեցին 1915 թ-ի Հայոց Մեծ եղեռնի մեկ ու կես միլիոն ամեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: Պատվիրակության անդամները եղա...

17.09.2013
Հանդիպում Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամների հետ
Սեպտեմբերի 17-ին Կալիֆորնիայի Նահանգային ժողովի նախագահ Ջոն Պերեսի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Գալուստ Սահակյանի, Վարդան Օսկանյանի, Ռուզաննա Մուրադյանի, Արթուր Գեւորգյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի հետ: Ողջունելով հյուրերի այցը Հայաստան՝ Գալուստ Սահակյանը ...

17.09.2013
Արմավիրի մարզի կարկտահարության հետեւանքների վերացմանն ուղղված միջոցառումների ամփոփման վերաբերյալ խորհրդարանական լսումներ
Սեպտեմբերի 17-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր լսումներ՝ մայիսի 12-ին Արմավիրի մարզի կարկտահարության հետեւանքներիվերացմանն ուղղված միջոցառումների ամփոփման վերաբերյալ։ ՀՀ ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանու...

17.09.2013
Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատվիրակությունը ՀՀ Ազգային ժողովում
Սեպտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Կարեն Ճշմարիտյանը եւ խմբի անդամներ Կարինե Աճեմյանը, Նաիրա Կարապետյանը եւ Մհեր Շահգելդյանը հանդիպեցին Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատվիրակության անդամներին: Ողջունելով արդեն երրորդ անգամ Հայաստան այցելած բր...

17.09.2013
Չեխիայի խորհրդարանական պատվիրակության հանդիպումները խորհրդարանում
Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 17-ին ընդունեց Չեխիայի Հանրապետության Սենատի՝ Եվրամիության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը, որը գլխավորում էր Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկան: Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-չեխական խորհրդարան...

17.09.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի նախագահ Ջոն Պերեսին
Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի նախագահ Ջոն Պերեսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին եւ կարեւորելով նրանց այցը Հայաստան ` ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ այն մեծապես կնպաստի Հայաստանի ե...

17.09.2013
Հանդիպում Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամների հետ
Սեպտեմբերի 17-ին Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը, անդամներ Կարինե Պողոսյանը, Շիրակ Թորոսյանը, Միքայել Մելքումյանը եւ Թեւան Պողոսյանը հանդիպեցին Բեռլինի Հումբոլդտի համալսարանի գիտնականների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-գերմանական կրթական եւ մշակութային կապերի զարգ...