Տպել
26.06.2013
Կլոր սեղան՝ «Թափանցիկությունը պաշտպանության կառավարման ոլորտում» թեմայով
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հունիսի 26-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Թափանցիկությունը պաշտպանության կառավարման ոլորտում» թեմայով քննարկում, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, միջազգային փորձագետներ, պետական մարմինների, ոստիկանության ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նա տեղեկացրեց, որ միջոցառումն անց է կացվում Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի հետ համատեղ: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ անցած ամիսների ընթացքում իրականացված կոնկրետ գործողությունների արդյունքում զարգացել են հանձնաժողովի կարողությունները: Կարեւորելով ընտրված թեման՝ Կորյուն Նահապետյանն ասաց, որ կառավարման ոլորտում թափանցիկության խնդիրը կարեւոր նշանակություն ունի երկրում ժողովրդավարության զարգացման տեսանկյունից: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ թափանցիկությունը ու հաշվետվողականությունը կարեւորագույն գործոններ են, որոնք ապահովում են կառավարման ոլորտում արդյունավետության բարձրացումը: Կորյուն Նահապետյանը նկատեց, որ թափանցիկությունը տեսանելի է դարձնում պաշտպանության ոլորտում իրականցվող քաղաքականությունը, հնարավորություն է տալիս գնահատելու ձեռքբերումները, արձանագրելու բացթողումները եւ նախանշելու այն հիմնական ուղղությունները, որոնց միջոցով հնարավոր է դառնում լուծել առկա խնդիրները:

Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի տնօրենի տեղակալ Ֆիլիպ Ֆլուրիի գնահատմամբ՝ փոխըմբռնման հուշագրի ներքո իրականացվող համագործակցությունը կենտրոնի կողմից հաջողությամբ իրականացվող ծրագրերից է: Խոսելով պաշտպանության ոլորտի նկատմամբ խորհրդարանական լիարժեք վերահոսկողություն իրականացնելու մասին՝ ԶՈՒԺՎ տնօրենի տեղակալն ասաց, որ խորհրդարանը նախ պետք է հասկանա՝ ինչպես են կառավարվում պաշտպանության համակարգը, պաշպանության նախարարությունը եւ զինված ուժերը:

Այնուհետեւ զեկուցողները ներկայացրին պաշտպանության կառավարման ոլորտում լավագույն միջազգային փորձը, անդրադարձան ոլորտի թափանցիկությանը, բարեկեցության ամրապնդմանը, կարեւորեցին խորհրդարանի դերը պաշտպանության կառավարման խնդիրների վերահսկողության գործում:

Բուլղարիայի պաշտպանության նախկին նախարար Թոդոր Թագարեւը անդրադարձավ իր երկրի պաշտպանության նախարարության դերին եւ պատախանատվությանը, խոսեց նաեւ ոլորտում իրականացվող քաղաքականությունից:

Ուկրաինայի պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Լեոնիդ Պոլյակովը խոսեց պաշտպանության ոլորտում կոռուպցիա ծնող պատճառներից, ներկայացրեց ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ռազմավարական մոտեցումները: Նախկին փոխնախարարի կարծիքով՝ կան ոլորտներ, որտեղ հնարավոր չէ ամբողջովին վերացնել կոռուպցիան. այն կարելի է ընդամենը նվազեցնել:

Նիդեռլանդների նախկին սենատոր, պաշտպանության նախկին նախարար, Արեւմտաեվրոպական միության նախկին գլխավոր քարտուղար Վիմ Վան Էէկելենն անդրադարձավ պաշտպանության կառավարման խնդիրների վերահսկողության գործում խորհրդարանի դերին:


26.06.2013
ՏԵՂԵԿԱՆՔ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ հերթական եւ հունիսի 17-ի արտահերթ նստաշրջանների աշխատանքների մասին

Հայաստանի Հանրապետության Ազգային  ժողովի հինգերորդ գումարման երրորդ հերթական նստաշրջանի աշխատանքներն սկսվել են 2013 թվականի փետրվարի 4-ին եւ ավարտվել 2013 թվականի հունիսի 13-ին: Գումարվել է նաեւ մեկ արտահերթ նստաշրջան՝ հունիսի 17-ին: Հաշվետու ժամանակաշրջանում Ազգային  ժողովն ընդունել է 95 ...

26.06.2013
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարը հանդիպեց ԵԽԽՎ Գլխավոր քարտուղարի հետ
Հունիսի 26-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը հանդիպեց ԵԽԽՎ Գլխավոր քարտուղար Վոյտեկ Սավիցկու հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր գնահատվեց Հայաստանի ԱԺ աշխատակազմի եւ ԵԽԽվ քարտուղարության արդյունավետ համագործակցությունը, կարեւորվեց ԵԽԽՎ կողմից թեմատիկ սեմինարների կազ...