Տպել
10.06.2013
Ազգային ժողովն սկսեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 12

Հունիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 10-13-ի քառօրյա նիստերի օրակարգի մասին ԱԺ որոշումները հաստատելուց հետո Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց նախորդ քառօրյայում քննարկված օրինագծերը:

ԱԺ պատգամավորները շարունակեցին նախորդ քառօրյայի վերջին նիստում ընդհատված ՀՀ կենտրոնական բանկի 2013 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկումը:

Հարակից զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ 2013 թվականի տնտեսական աճի վերաբերյալ  կառավարության  կանխատեսումները 1%-ով ավել են ԿԲ-ի կանխատեսումներից, որը կազմում է 4,7-5,7%: ԿԲ-ի այդ կանխատեսումը մասնավորապես պայմանավորված է  գյուղատնտեսության ոլորտում տնտեսական աճի ցածր գնահատականով, որը կազմում է 2-4%, այնինչ իրենք այս ոլորտում նախատեսում են 4,5% տնտեսական աճ: Ըստ նրա՝ հիմնավորված չէ նաեւ ԿԲ-ի՝ առեւտրի պայմանների վատացման վերաբերյալ կանխատեսումը: Նախարարը անդրադարձավ նաեւ ճկուն դրամավարկային քաղաքականության անհրաժեշտությանը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հարակից զեկուցման ժամանակ տնտեսական աճի վերաբերյալ ԿԲ-ի կանխատեսումները պահպանողական համարեց: Ըստ նրա՝ թեեւ գազի գնի թանկացմամբ պայմանավորված՝ գնաճը կարող է բարձրանալ, բայց պետք է այն պահպանել ծրագրով նախատեսված միջակայքում՝ միաժամանակ փորձելով ապահովել ավելի բարձր տնտեսական աճ:

Ներկայացնելով ՀՅԴ խմբակցության տեսակետը՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ վարվող դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունը չեն նպաստում տնտեսության մեջ առկա խոչընդոտների հաղթահարմանը, իսկ տնտեսության դիվերսիֆիկացման քաղաքականությունը ձեւական բնույթ է կրում: Նա կոչ արեց վերանայել վարվող քաղաքականությունը՝ այն դարձնելով նպատակային ու հետեւողական:

Քննարկվող հարցի վերաբերյալ արտահերթ ելույթ ունեցավ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա բնական համարեց հարցի քննարկման ընթացքում  պատգամավորների արտահայտած մտահոգությունները, քանզի բոլորն էլ շահագրգռված են երկրի տնտեսության զարգացմամբ, ինչով էլ պայմանավորված են քաղաքացիների կենսամակարդակի բարձրացումն ու տարբեր ոլորտներում մեր երկրի զարգացման հեռանկարները: ԱԺ նախագահը երկրի տնտեսության զարգացման գործում կարեւոր դեր վերապահեց ճիշտ վարկային քաղաքականությանը: Նրա գնահատմամբ՝ եթե ցածր տոկոսով ու երկարաժամկետ վարկեր տրամադրվեն վարկառուներին,  դա ուղղակի կնպաստի տնտեսության զարգացմանը, ինչն էլ իր հերթին կնվազեցնի գործազրկությունն ու արտագաղթը: ԱԺ նախագահը նշեց, որ  բոլորն են պատասխանատու  տնտեսության զարգացման եւ երկրի առջեւ ծառացած  խնդիրների համար:

Հովիկ Աբրահամյանը կոչ արեց ՀՀ ֆինանսների նախարարին եւ ԿԲ  նախագահին՝ ստեղծված իրավիճակին համարժեք եւ պատասխանատու  քայլեր ձեռնարկել եւ համատեղ ուժերով գտնել խնդրի  լուծման արդյունավետ միջոցը:

Ազգային ժողովը քննարկեց ՀՀ կառավարության ներկայացրած «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը: Նա տեղեկացրեց, որ Դիլիջան քաղաքում նախատեսվում է կառուցել եւ շահագործել միջազգային չափանիշներին համապատասխան դպրոց: Ծրագրի արժեքը գնահատվում է շուրջ 550 մլն ԱՄՆ դոլար, որից 150 մլն ԱՄՆ դոլարը նախատեսվում է ներդնել շենքի կառուցման եւ անհրաժեշտ գույքային միջոցների ձեռքբերման, իսկ շուրջ 400 մլն ԱՄՆ դոլարը` գործառնական ծախսերի ու դպրոցի հետագա զարգացման նպատակով: Նախագծով առաջարկվում է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի իրականացման համար տրամադրել հարկային եւ մաքսային վճարների արտոնություններ: Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նպաստել միջազգային չափանիշներին համապատասխան կրթահամալիրի կառուցման եւ շահագործման աշխատանքներին, որն էլ իր հերթին կնպաստի տարածաշրջանում նոր աշխատատեղերի ստեղծմանը, գործազրկության մակարդակի կրճատմանը, զբոսաշրջության զարգացմանը:

Հարցի քննարկումը Ազգային ժողովը կշարունակի հունիսի 11-ի նիստում:


 


10.06.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիին
«Խոր ցավով տեղեկացանք սույն թվականի հունիսի 6-ին Աֆղանստանի Հելմանդ նահանգում տեղի ունեցած անմարդկային ու դաժան ահաբեկչության  մասին, որին զոհ գնացին խաղաղապահ բարձր առաքելություն իրականացնող վրաց յոթ զինծառայողներ: Այս ողբերգական իրադարձության կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժող...