Տպել
30.04.2013
Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 7

Ապրիլի 30-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը:

Քվեարկությունների ավարտից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանի անունից ողջունեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում նիստին ներկա Ժամկոչյանի անվան թիվ 119 դպրոցի աշակերտներին եւ մանկավարժներին:

Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկեց կառավարության հեղինակած «Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը:

Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ ներկայացված օրենսդրական փաթեթի նպատակն է նպաստել լսողության խանգարումներով անձանց կարողությունների զարգացմանը եւ ներգրավվածությանը հասարակական կյանքին, նրանց հիմնարար իրավունքների` մասնավորապես տեղեկատվության եւ կրթության իրավունքների պաշտպանությանը: Ըստ Արմեն Աշոտյանի՝ ուսուցման գործընթացի կազմակերպումը ժեստերի լեզվով իրականացնելու դեպքում կդյուրացվի մատուցվող կրթական ծրագրի յուրացումը լսողական խանգարումներ ունեցողների կողմից, ինչը կապահովի նրանց մասնագիտական, ինչպես նաեւ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը:

Գլխադասային՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Արթուր Գեւորգյանը: Պատգամավորի կարծիքով՝ փաթեթի ընդունումը կնպաստի լսողական խնդիրներ ունեցող անձանց զարգացմանը եւ նրանց էլ ավելի ինտեգրմանը մեր հասարակություն:

ԱԺ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին նաեւ կառավարության հեղինակած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը:

Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ նախագծի ընդունման պարագայում օրենսդրորեն կկարգավորվի «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակների մասով անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող մասնակիցների կողմից կուտակային վճարներ կատարելը:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց 2012 թվականի նոյեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջեւ ստորագրված «Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագիրը»: Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ համաձայնագրով նախատեսվում է 15 տարի ժամկետով Հայաստանին տրամադրել 10 մլն 300 հազար եվրո վարկ ֆինանսավորելու Բագրատաշենի սահմանային անցակետում կամուրջի կառուցումը: Ըստ փոխնախարարի՝ այս վարկը մեկ ամբողջական ծրագրի բաղկացուցիչ մասն է. ամբողջական ծրագրով նախատեսվում է արդիականացնել Բագրատաշենի, Բավրայի եւ Գոգավանի սահմանային անցակետերը: Տեղեկացվեց, որ ակնկալվում է ծրագիրն ավարտին հասցնել համաձայնագրի ստորագրմանը հաջորդող երեք տարիների ընթացքում:

Գլխադասային՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Սամվել Ֆարմանյանը տեղեկացրեց, որ համաձայնագիրը քննարկվել է հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն: Պատգամավորի կարծիքով՝ Բագրատաշենի անցակետն արդիականացնելուց հետո կպարզեցվի եւ կներդաշնակեցվի Հայաստանի եւ Վրաստանի սահմանի այդ հատվածում մարդկանց եւ փոխադրամիջոցների տեղաշարժը՝ նվազագույնի հասցնելով դրա վրա ծախսվող ժամանակը:

Գլխադասային էր նաեւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը, որի դրական եզրակացությունը համաձայնագրի վերաբերյալ ներկայացրեց հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Նախագծով առաջարկվող փոփոխությունները վերաբերում են ավագանու եւ համայնքի ղեկավարի լիազորությունների դադարեցմանը, սահմանվում են հիմքերն ու լիազորությունների դադարեցման համար նախադեպ հանդիսացող հանգամանքները: Օրենքը համալրվում է նոր դրույթով, ըստ որի նախատեսվում է արձանագրել ավագանու նիստերը:

Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ ընդունվել են պատգամավորների ներկայացրած գրեթե բոլոր առաջարկները:

Հարակից զեկույցում տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը նշեց, որ օրինագիծը թե’ առաջին, թե’ երկրորդ ընթերցմամբ մանրամասն քննարկվել է, եւ օրինագծի հեղինակներն ու գլխադասային հանձնաժողովն ընդհանուր հայտարարի են եկել՝ օրենսդրական նախաձեռնությունը վերջնական տեսքի բերելու հարցում: Ստեփան Մարգարյանի խոսքով՝ օրինագծի ընդունման դեպքում կհստակեցվեն համայնքի ղեկավարի եւ ավագանու հարաբերությունները: Ամենակարեւոր փոփոխությունն՝ ըստ գլխադասային հանձնաժողովի ղեկավարի` ավագանու ընտրությունն է ոչ թե ձայների կեսից ավելիի, այլ արդեն 2/3-ով:

Օրինագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական է:

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը ներկայացրեց «Այլընտրանքային ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Հրայր Թովմասյանը շնորհակալություն հայտնեց խորհրդարանին հարցը համակողմանիորեն քննարկելու, թեմայով խորհրդարանական լսումներ կազմակերպելու համար: Նա նաեւ ներկայացրեց առաջինից երկրորդ ընթերցմամբ պատգամավորների առաջարկները, որոնց մի մասն ընդունվել է, մի մասը՝ ոչ: Առաջարկները վերաբերել են օրինագծի տարբեր դրույթներին, մասնավորապես ՝ այլընտրանքային զինծառայություն անցնող անձի ընտրության, ծառայության վայրի, դրա հեռավորության հետ կապված հարցերին: Կառավարությունն Ազգային ժողովից ստացել է նաեւ մոտ երկու տասնյակ խմբագրական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են: Քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին օրենսդրական փոփոխության նպատակն է՝ ըստ Հրայր Թովմասյանի, որ վերանայվեն այն անձանց գործերը, որոնք նախաքննության փուլում են: Հրայր Թովմասյանը խորհրդարանին հորդորեց հաջորդ զորակոչին ընդառաջ հավանության արժանացնել օրինագիծը:

Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Գրիգոր Գրիգորյանը նշեց, որ հանձնաժողովը օրինագծին տվել է դրական եզրակացություն: Նրա խոսքով՝ առաջին ընթերցումից հետո պատգամավորները ներկայացրել են առաջարկներ, որոնք ընդունվել են: Նա կարեւորեց, որ օրինագծի լրամշակմանը մասնակցել են նաեւ հասարակական կառույցների ներկայացուցիչները:

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եւս կարեւորեց փաթեթի շուրջ համակողմանի քննարկումները՝ շնորհակալություն հայտնելով նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ քննարկումներին ակտիվ մասնակցության համար:

ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձավ դեռեւս 2000-ական թվականներին մշակված օրենքի նախագծին, որի հեղինակն այդ ժամանակ ինքն էր, երբ ղեկավարում էր համապատասխան հանձնաժողովը, նաեւ՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիարկությունը: Վահան Հովհաննիսյանը ներկայացրեց իր մտահոգություններն ու առարկությունները օրինագծի վերաբերյալ՝ նշելով, որ այն կարող է վնասակար ազդեցություն ունենալ ազգային անվտանգության տեսանկյունից, ուստի իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Հրայր Թովմասյանը նշեց, որ օրենսդրական փաթեթի ընդունումը բխում է Հայաստանի Սահմանադրության այն դրույթից, համաձայն որի ամրագրված է անձի կրոնական, խղճի, մտքի ազատությունը:

Այնուհետեւ օրենսդիրները քննարկեցին կառավարության ներկայացրած՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագիծն աառաջին ընթերցմամբ ներկայացրեց տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Օրինագծով նախատեսվում է ավագանու նիստերին համայնքի բնակչության մասնակցության ավելացում եւ ապահովում: Վաչե Տերտերյանի խոսքով՝ այդպիսով բանկիչները կարող են մասնակցել ոչ միայն իրենց կողմից ընտրված ավագանու գործունեությանը, այլեւ որոշումների ձեւավորման, ընդունման եւ իրացման գործընթացներին: Փաստաթուղթը նաեւ բնակիչների հարցերն ավագանու աշխատանքային օրակարգում ընդգրկելու վերաբերյալ երաշխիքներ է ամրագրում:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Ուտրեխտում 2009-ին ընդունված լրացուցիչ արձանագրության համաձայն՝ տեղական իշխանության գործերին բնակչության մասնակցության համար անհրաժեշտ ընթացակարգերը պետք է սահմանվեն օրենքով: Բացի այդ՝ 5.1 եւ 5.2 կետերի համաձայն՝ տեղական իշխանությանը մասնակցության իրավունքի ցանկացած նորմ, պայման կամ սահմանափակում պետք է համապատասխանի կողմերի միջազգային պարտավորություններին: Օրինագծում, ըստ խորհրդարանի նախագահի, բացակայում են տեղական իշխանության գործունեությանը բնակիչների մասնակցության իրավունքի իրականացման համար հատուկ մեխանիզմներն ու ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են նախագծով առաջարկված դրույթների գործնական կիրառման համար: Առանց այդ դրույթների, խորհրդարանի նախագահի խոսքով՝ փաստաթուղթը կրելու է դեկլարատիվ բնույթ: Հովիկ Աբրահամյանը հորդորեց հստակեցնել այս խնդիրը՝ վկայակոչելով նաեւ Սահմանադրության 42-րդ հոդվածը, որը եւս այդ խնդրին է անդրադառնում: Ազգային ժողովի նախագահը հորդորեց կառավարության ներկայացուցչին սահմանել այն ընթացակարգերը, որոնք նախագծում բացակայում են: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց Վաչե Տերտերյանի ներդրումը տեղական ինքնակառավարման համակարգի կայացման գործում:

Անդրադառնալով Ազգային ժողովի նախագահի հնչեցրած մտահոգություններին՝ Վաչե Տերտերյանն նշեց, որ համաձայն է խորհրդարանի նախագահի հետ, եւ մինչեւ երկորրդ ընթերցում օրինագիծը կվերանայվի:

Հարակից զեկույցում տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը նշեց, որ նոր գործընթացն օրենսդրորեն ամրագրելով՝ ակտիվանում եւ ամարպնդվում է բնակիչ-ավագանի կապը: Ըստ գլխադասային հանձնաժողովի ղեկավարի՝ կարեւորվում է համայնքային իշխանությունների, ավագանու ինստիտուտի դերը, բարձրանում է բնակիչի վստահությունը համայնքային իշխանության հանդեպ: Հանձնաժողովի եզրակացությունը օրինագծի վերաբերյալ դրական է:

Էդմոն Մարուքյանը կառավարության առաջարկած փոփոխությունները դրական գնահատեց: Ըստ պատգամավորի՝ փոփոխությունը կնպաստի ավագանու ինստիտուտի կայացմանը: Համայնքային կառավարման համակարգում, սակայն, Էդմոն Մարուքյանն առաջարկում է արգելք սահմանել համայնքի ղեկավարի ընտրության հարցում: Այդ մասին իր հեղիանկած օրենսդրական փաթեթին կառավարությունը բացասական եզրակացություն է տվել: Նա առաջարկում է հինգ հազար եւ ավելի բնակիչ ունեցող համայնքներում նույն անձի՝ երկուսից ավելի անգամ համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվելու մասին դրութը սահմանափակել:

Եզրափակիչ ելույթում Վաչե Տերտերյանը շնորհակալություն հայտնեց Ազգային ժողովին շահագրգիռ քննարկումների համար՝ նշելով, որ պատգամավորների տեսակետները համահունչ է գործադիր իշխանության տեսակետներին: Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանի՝ համայնքի ղեկավարի երկու անգամ ընտրվելու վերաբերյալ բարձրացրած հարցին, ապա Վաչե Տերտերյանն նշեց, որ կա այդ հարցի այլընտրանքային լուծումը, համայնքների համաչափ զարգացման ապահովման դեպքում՝ ըստ հիմնական զեկուցողի, կառաջանա համայնքի ղեկավարի մրցակցային ընտրություն:

Այնուհետ պատգամավորները քննարկեցին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Նրա խոսքով՝ 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների բյուջեներին նախատեսվող դոտացիաները հաշվարկվում են հավասարաչափ: Գործող օրենքի համաձայն՝ մինչեւ 300 բնակչություն ունեցող համայնքները պետությունից ստանում են 3.5մլն դրամ դոտացիա, իսկ 300-ից ավելի բնակչություն ունեցող համայնքներ համար հաշվարկվում էին բանաձեւով, որը ստեղծում էր անհավասարություն: Գործող օրենքը հնարավորություն է ստեղծում, որպեսզի 300-ից ավելի բնակչություն ունեցող համայնքները եւս ստանան 3.5 մլն դրամ դոտացիա: Այդ համայնքների թիվը ներկայումս 28-ն է:

Հարակից զեկույցում տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը տեղեկացրեց, որ օրենքի նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն:

Այնուհետեւ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Նրա խոսքով՝ օրենքի նախագծով սահմանված գույքահարկի հավաքագրման, տեղեկությունների տրամադրման ներկայումս գործող ընթացակարգը արդյունավետ չէ, առաջանում են խոչընդոտներ, որի արդյունքում համայնքների բյուջեները կրում են վնասներ: Գործող օրենքով ֆիզիկական անձանց համար սահմանվում է չմարված հարկային պարտավորությունների անցումը նոր սեձականատիրոջը, միեւնույն ժամանակ սահմանվում է , որ փոխադրամիջոցի սեփականատերը գույքահարկը վճարում է իր հաշվառման համայնքի բյուջե: Հաշվառման բացակայության դեպքում գույքահարկի գումարը վճարվում է հիմնական բնակության վայրի բյուջե, որի բացահայտումը ժամանակատար է, կարող է առաջացնել խնդիրներ: Արդյունքում դժվարանում է նաեւ գույքահարկի՝ դատական կարգով բռնագանձումը: Օրենքի նախագծի ընդունման նպատակը գույքահարկի գանձման պարզեցումն է՝ ձերբազատվելու ավելորդ բարդություններից, ինչպես նաեւ ակնկալվում է դյուրացնել փոխադրամիջոցների գույքահարկի գանձման գործընթացը:

Հարցի քննարկումը կշարունակվի խորհրդարանի՝ մայիսի 2-ի նիստում:


29.03.2024
Ալեքսեյ Սանդիկովը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
Թիվ մեկ խնդիրը տարածաշրջանում խաղաղություն հաստատելը եւ Հայաստանի անվտանգային հարցերը լուծելն է. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Խորհրդարանականն անդրադարձել է օրենսդիր մարմնո...

29.03.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 29-ի արտահերթ նիստում որոշել է ապրիլի 4-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման:   ...

29.03.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

29.03.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 08.04.2024 - 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 19.04.2024 - 14:00-16:00: 1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 02.04.2024 - 15:00-17:00, 2. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 03.04.2024 -10:0...

29.03.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի ապրիլի 1-ին՝ ժամը 15:00-ին, 214 դահլիճում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա ապրիլի 2-ին` ժամը 10:00-ին, 314 դահլիճում: Ապրիլի 2-ին` ժամը 14:00-ին, 414 սրահում կկայանա Գիտության, կրթությ...