National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
30.04.2013
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի սաներին
1 / 6

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 30-ին հանդիպեց Երեւանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին:

Հովիկ Աբրահամյանը ողջունեց «Բաց դաս» ծրագրի շնորհիվ 2008 թ.-ից ի վեր պարբերական դարձած՝ աշակերտների եւ ուսանողների այցը խորհրդարան: Այն մի կողմից պատանիներին եւ երիտասարդներին է հնարավորություն ընձեռում ծանոթանալ երկրի օրենսդիր մարմնի աշխատանքին ու պատգամավորներին, մյուս կողմից խորհրդարանի ղեկավարությունն է լսում երիտասարդներին հուզող խնդիրներն ու այս կամ այն հարցի շուրջ նրանց կարծիքները:

ԱԺ նախագահը դպրոցականների համար մանրամասնեց օրենսդիր մարմնի կառուցվածքը, գործառույթները, համամասնական-մեծամասնական ընտրակարգերի առանձնահատկությունները, ինչպես նաեւ խոսեց խորհրդարանում ընդդիմադիր եւ իշխանական քաղաքական ուժերի հարաբերակցության մասին: Հովիկ Աբրահամյանը կարեւոր համարեց ընդդիմության դերակատարությունը խորհրդարանում՝ նշելով, որ ուժեղ ընդդիմություն ունենալն ու բազմակարծությունը միայն նպաստում են խորհրդարանի գործունեության արդյունավետությանը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը երիտասարդներին ներկայացրեց պետության ներքին եւ արտաքին առաջնահերթությունները, նկարագրեց Ազգային ժողովի մասնակցությունն ու դերակատարությունը գերակա խնդիրների լուծման հարցում: Խորհրդարանի ղեկավարի խոսքերով՝ անելիքները շատ են սոցիալական խնդիրները լուծելու, արտագաղթի դեմ պայքարելու, տնտեսությունն աշխուժացնելու ուղղությամբ: ԱԺ նախագահը նշեց, որ նախագահական, խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրություններից հետո բարեփոխումների ամենանահարմար պահն է եւ համոզմունք հայտնեց, որ իշխանություններն ու նոր ձեւավորվելիք կառավարությունն արդյունավետ կօգտագործեն այդ պահը: Այս համատեքստում ԱԺ նախագահը կարեւոր գործիք համարեց խորհրդարանի վերահսկողական գործառույթը՝ նշելով այն լիարժեքորեն կիրառելու անհրաժեշտությունը:

Արտաքին խնդիրներից Հովիկ Աբրահամյանն առանձնացրեց մի քանիսը: Նա դպրոցականներին տեղեկացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի, երեք սկզբունքների մասին, մեջբերեց արդեն իրողություն դարձած ինքնորոշման օրինակներ: ԱԺ նախագահի գնահատմամբ՝ խորհրդարանական պատվիրակությունները միջազգային կառույցներում շատ ակտիվ են աշխատում եւ ջանքերը հաճախ են միավորում գործադիրի քայլերին՝ ադրբեջանական ապատեղեկատվության ու լոբբինգի դեմ պայքարելու համար: ԱԺ նախագահն անդրադարձավ Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ համոզմունք հայտնեց, որ Թուրքիան երբեւէ ստիպված է լինելու ճանաչել այդ փաստը: Բանախոսի գնահատմամբ՝ փակ սահմանների ու հաղորդակցման սակավ ուղիների պայմաններում Հայաստանի տնտեսությունը շատ է տուժում, եւ հայ-թուրքական արձանագրություններն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, եթե Թուրքիան նախապայմաններ առաջ չքաշեր, մեր երկրի համար կբացեին ուղիղ ճանապարհ դեպի Եվրոպա: ԱԺ նախագահին հարց ուղղվեց կառավարման կոալիացիոն մոդելի ՝ այլ կուսակցություններ եւս ներգրավելու մասին: Հովիկ Աբրահամյանը նկատեց՝ թեեւ ՀՀԿ-ն խորհրդարանում ունի մեծամասնություն, սակայն վերջին տարիներին այլ կուսակցությունների եւս հնարավորություն է տալիս մասնակցել երկրի կառավարմանը: Քաղաքական առումով ԱԺ նախագահը ճիշտ համարեց կոալիցիոն համակարգը՝ հաշվի առնելով, իհարկե, պրոֆեսիոնալ կադրերի առաջադրումը:

ԱԺ նախագահը լսեց նաեւ ուսուցիչների մտահոգությունները. նա առաջարկեց հանդիպմանը ներկա՝ խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին անդրադառնալ բարձրացված հարցերին եւ լուծումներ առաջարկել:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS