Տպել
30.04.2013
Պարզաբանում

Ապրիլի 29-ին Hayeli.am կայքում հրապարակված «Սպառնում են այրել ԱԺ պաշտոնյաների մեքենաները» վերնագրով հոդվածում փորձ է արվել Արտաշատի սեփականաշնորհված հյուրանոցը կապել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի անվան հետ: Հայտնում ենք, որ Ազգային ժողովի նախագահը որեւէ առնչություն չի ունեցել եւ չունի հիշյալ կառույցի հետ, եւ այն նրա սեփականությունը չէ:

Որպես մի քանի անգամ այդ տարածքից ընտրված ԱԺ պատգամավոր, ինչպես նաեւ երկար տարիներ լինելով Արտաշատի քաղաքապետ ու Արարատի մարզպետ, Հովիկ Աբրահամյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել եւ այսօր էլ շարունակում է պահել Արտաշատի ու տարածաշրջանի խնդիրները: Նա տեղյակ է նաեւ Արտաշատի հյուրանոցի հետ կապված պատմությանը եւ շահագրգռված է, որ այն արդարացի ու բոլոր կողմերի շահերից բխող լուծում ստանա:

Այս համատեքստում հարկ ենք համարում տեղեկացնել, որ ապրիլի 29-ին Ազգային ժողով այցելած՝ Արտաշատի հյուրանոցում բնակվող քաղաքացիները խորհրդարան էին եկել ոչ թե բողոքելու Աժ նախագահից, այլ ակնկալելու նրա աջակցությունը, որպեսզի խնդիրն արդար լուծում ստանա: Այդ մասին նրանք նշել են իրենց հետ հանդիպած՝ Արարատի մարզից ընտրված պատգամավոր Կարինե Պողոսյանի հետ զրույցում: Ի դեպ, իրականությանը չի համապատասխանում այն տեղեկատվությունը, թե պատգամավորը չի ցանկացել հանդիպել բնակիչների հետ: Պետք է հաշվի առնել, որ երեկ մեկնարկել են խորհրդարանի քառօրյա նիստերը, եւ բնականաբար, տիկին Պողոսյանը եւս մասնակցում է դրանց, բայց իր ընտրողների հետ հանդիպելու նպատակով նա դուրս է եկել նիստերի դահլիճից:

Ինչ վերաբերում է հանդիպմանը, Կարինե Պողոսյանն իսկապես խոստացել է ամեն ինչ անել հարցի լուծման եւ բնակիչներին փողոցում չթողնելու համար, իսկ հանդիպման արդյունքների մասին տեղյակ է պահել Ազգային ժողովի նախագահին: Հովիկ Աբրահամյանը ուշադրության կենտրոնում է պահում խնդիրը:Ներկայումս քննարկվում են լուծման տարբերակները: