Տպել
13.04.2013
ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության այցը Սանկտ-Պետերբուրգ
1 / 8

Ապրիլի 10-13-ը Սանկտ-Պետերբուրգում էր գտնվում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Արտաշես Գեղամյանը, Ռուբիկ Հակոբյանը եւ Հայկ Բաբուխանյանը:

ԱԺ պատվիրակությունը մասնակցեց ԱՊՀ ՄԽՎ-ի եւ ՀԱՊԿ ԽՎ-ի Խորհուրդների, ԱՊՀ ՄԽՎ-ի երկու եւ ՀԱՊԿ ԽՎ-ի երեք մշտական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաեւ «Եվրասիական տնտեսական հեռանկար» եւ «Խորհրդարանական կազմակերպությունների դերն առանց բաժանարար գծերի Եվրոպայի կառուցման գործում» միջազգային համաժողովներին:

Ապրիլի 11-ին տեղի ունեցած ԱՊՀ ՄԽՎ-ի Խորհրդի նիստում, որին մասնակցեց ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ի թիվս այլ հարցերի Խորհրդի մասնակիցներին ներկայացվեց նաեւ «ՀՀ Նախագահի ընտրություններում ԱՊՀ ՄԽՎ-ի կողմից կազմված միջազգային դիտորդների մասնակցության մասին» տեղեկատվությունը: Հերմինե Նաղդալյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում մշտադիտարկում իրականացնող ԱՊՀ ՄԽՎ-ի պատվիրակությանը՝ իր անաչառ գործունեության եւ ընտրություններին օբյեկտիվ գնահատական տալու համար:

ՀՀ ԱԺ փոխնախագահը ելույթ ունեցավ «Եվրասիական տնտեսական հեռանկար» միջազգային համաժողովում: Նա, մասնավորապես, նշեց. «Հայաստանի Հանրապետությունը միշտ հանդես է եկել ինտեգրացիոն գործընթացների զարգացման օգտին, լինի դա մեր տարածաշրջանում, թե լայն աշխարհագրական առումով: Մենք, իրոք, շահագրգված ենք տարբեր ինտեգրացիոն կառույցների հետ իրականացնել ամենաակտիվ փոխգործակցություն, եթե այն նպատակաուղղված է հակադրության տրամաբանությունից զերծ փոխշահավետ համագործակցությանը»:

Հերմինե Նաղդալյանը զեկույցով հանդես եկավ նաեւ «Խորհրդարանական կազմակերպությունների դերն առանց բաժանարար գծերի Եվրոպայի կառուցման գործում» միջազգային խորհրդարանական համաժողովում, որը ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը կազմակերպել էր ԵԽԽՎ-ի հետ համատեղ: ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն իր ելույթում նշեց, որ համաշխահային հանրությունն այսօր կանգնած է այնպիսի մարտահրավերների առջեւ, որոնք հաղթահարելու համար պահանջվում են համատեղ ջանքեր եւ անհապաղ գործողություններ: «Անընդունելի է, որ դեռեւս գոյություն ունի պատմության այնպիսի ընկալում, որը կարող է հարուցել անհանդուրժողականություն, ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարում, ավելին՝ ուժային ագրեսիա: Որպեսզի կառուցվի առանց բաժանարար գծերի միացյալ Եվրոպա՝ Ատլանտիկայից մինչեւ Ուրալ, հնարավոր է նաեւ՝ մինչեւ Խաղաղ օվկիանոս, անհրաժեշտ է հասնել համաձայնության եւ ստեղծել վստահության մեխանիզմներ», - նշեց Հերմինե Նաղդալյանը:

Այցի շրջանակներում ԱՊՀ ՄԽՎ-ում Հայաստանի ներկայացուցչությունում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ պատվիրակության հանդիպումը Սերբիայի Հանրապետության Ժողովրդական Սկուպշչինայի նախագահ Ն.Ստեֆանովիչի եւ սերբական խորհրդարանի պատվիրակության հետ: Կողմերը քննարկեցին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Սերբիայի Հանրապետության Ժողովրդական Սկուպշչինայի միջեւ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: