Տպել
20.03.2013
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Գունար Վիգանդին
1 / 7

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 20-ին ընդունեց Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով Գունար Վիգանդին եւ պատվիրակության անդամներին՝ ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի բանակցությունների 12-րդ փուլին մասնակցելու նպատակով Երեւան ժամանելու կապակցությամբ, Հովիկ Աբրահամյանն իր գոհունակությունը հայտնեց, որ ներկա բանակցություններում դրական արդյունք է արձանագրվել: Նա նշեց, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները բավական հագեցած են եւ լավ նախադրյալներ կան համագործակցության օրակարգն առաջ տանելու համար ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր մարմինների մակարդակով: ԱԺ նախագահի գնահատմամբ՝ զգալի է առաջընթացը 2010թ. հուլիսից մեկնարկած Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում: Նրա խոսքով՝ այդ առաջընթացը վկայում է ինչպես երկու կողմերի բարձր պատրաստակամության, այնպես էլ հիմնական խնդիրների շուրջ մոտեցումների ու պատկերացումների ընդհանրության մասին: Խորհրդարանի ղեկավարը վստահություն հայտնեց, որ Համաձայնագիրը նոր ուժ եւ որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Անդրադառնալով Ասոցացման համաձայնագրի կարեւոր մաս հանդիսացող Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու վերաբերյալ դրույթներին՝ ԱԺ նախագահը նշեց, որ այդ կապակցությամբ 2012թ. հունիսից մեկնարկած ՀՀ-ԵՄ բանակցությունները հաջողությամբ են ընթանում եւ հայկական կողմը մտադիր է մինչեւ 2013 թ. Վիլնյուսի գագաթաժողովն ավարտին հասցնել դրանք:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գունար Վիգանդը հիշեց իր, ինչպես նաեւ ԵՄ բարձրաստիճան ղեկավարության նախորդ այցերը Ազգային ժողով, որոնք աներկբա ապացույցն են նրա, որ առկա է քաղաքական կամք՝ ավելի սերտ եւ խորը հարաբերություններ հաստատելու համար: Նա բարձր գնահատեց հայ խորհրդարանականների՝ այս գործընթացին սատարելու պատրաստակամութունը, որի ապացույցն էր նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի Բրյուսել կատարած այցը: «Մենք հաստատակամ ենք ու վստահ եւ կշարունակենք մեր համագործակցությունը՝ շաղախելով այն ավելի ամուր կապերով»,-ասաց բանակցային խմբի ղեկավարը: Ըստ նրա, խոսքը չի գնում ձեւական կամ խորհրդանշական հարաբերությունների մասին, այլ շատ ավելի նյութական փոխգործակցության, որը կօժանդակի Հայաստանի տնտեսական եւ քաղաքական բարեփոխումներին: Ընդ որում՝ խոսքը գնում է ոչ միայն Հայաստանի ստանձնած պարտավորությունների, այլ նաեւ ԵՄ-ի՝ ՀՀ-ի հանդեպ ունեցած պարտավորությունների մասին, ինչը ներառում է նաեւ որոշակի ֆինանսական օժանդակություն: «Գաղափարները, հասկացությունները կարող են ամփոփվել համաձայնագրերի մեջ, սակայն շատ կարեւոր է, որ մենք դրանց հաղորդենք գործնական բովանդակություն»,-նշեց Գունար Վիգանդը: Նրա խոսքով՝ համաձայնագրի ստորագրմամբ գործընթացը ոչ թե ավարտվում, այլ դրանով միայն սկիզբն է հայտարարվում, եւ հետագայում կարեւոր է լինելու բոլոր օղակների, այդ թվում օրենսդիր մարմնի ակտիվ գործունեությունը: Գունար Վիգանդը հույս հայտնեց, որ Համաձայնագրի ստորագրումից հետո Ազգային ժողովը անհապաղ ձեռնամուխ կլինի դրա վավերացմանը: Ըստ նրա՝ ակնկալվում է, որ փաստաթղթի նախաստորագրումը տեղի կունենա 2013 թ. Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ:

Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեց, որ ՀՀ ԱԺ-ն հնարավորինս արագ կվավերացնի Համաձայնագիրը: Նրա խոսքով՝ Ազգային ժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը եւ օպերատիվ կերպով իրականացրել եվրոպական չափանիշներին համահունչ օրենսդրական փոփոխություններ, որոնք բխում էին նաեւ ՀՀ ներքին օրակարգից:

Կողմերն անդրադարձան այլ հարցերի եւս:


20.03.2013
Ազգային ժողովի նիստում
Մարտի 20-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրինագծերը: Խորհրդարանն ընդունեց նաեւ ՀՀԿ խմբակցության ներկայացրած որոշման նախագիծը, որով առաջարկվում է 2013 թվականի ապրիլի 9-ին գումարել ՀՀ ԱԺ հատուկ նիստ եւ այն անցկացնել Երեւ...

20.03.2013
ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԵՊՀ ուսանողների հետ
Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մարտի 20-ին հանդիպում ունեցավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ, որոնք իրենց ուսումնական պրակտիկան են անցկացնում խորհրդարանում: Նկատելով, որ ուսանողների մեծ մասը իգական սեռի ներկայացուցիչներ են՝ Հերմինե Նաղդալյանը զրույցը սկսեց ...