Տպել
01.03.2013
Պարզաբանում

Երբ որոշ լրագրողներ չափից դուրս են տրվում երեւակայությանը, դրանից տուժում է ե՜ւ ասելիքը, ե՜ւ ընթերցողը, ով ստիպված է թեկուզեւ ժամանակավորապես՝ մինչեւ ճշմարտությունն իմանալը, երեւակայականն ընկալել իրականության տեղ:

«Ժամանակ» օրաթերթի մարտի 1-ի համարում տպագրված «Ազգային ժողովում վերահսկում են նաեւ լրագրողների՞ էլեկտրոնային հասցեները» հրապարակման հեղինակ Արմինե Ավետյանը հերթական անգամ առաջնությունը տալով սեփական երեւակայությանը, կտրվել է իրականությունից եւ թյուրիմացության մեջ գցել ընթերցողներին: Այս անգամ նրան թվացել է, թե Ազգային ժողովում ամեն ինչ թողած՝ հետեւում են իր էլեկտրոնային փոստին, վերահսկում այն, մի խոսքով՝ լսում եւ տեսնում նրա խորհրդարանական գործունեությունը: Որպեսզի իր գրածն ավելի հիմնավոր դառնա, լրագրողը փորձել է խորհրդարանական համակարգչում իր փոստի հետ իբր թե տեղի ունեցածը վերածել մի ամբողջ դետեկտիվի, որի գլխավոր հերոսը, ցավոք, կրկին նրա երեւակայությունն է, իսկ իրականությունը, կրկին ցավոք, կարծես երես է թեքել լրագրող Արմինե Ավետյանի հոդվածներից:

ԱԺ հասարակայնության ու տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը հայտնում է, որ «Ժամանակ» օրաթերթի վերոհիշյալ հոդվածում արտահայտված փաստերը որեւէ կապ չունեն իրականության հետ, մտացածին են եւ բացառապես հոդվածի հեղինակի վառ երեւակայության արդյունք:

Ազգային ժողովի գործունեության թափանցիկությունը վերաբերում է թե՜ պատգամավորներին, թե ԱԺ աշխատակազմին, թե խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին, ովքեր հավասարապես անկաշկանդ են իրենց գործունեության մեջ՝ առաջնորդվելով համապատասխան իրավական նորմերով՝ ՀՀ Սահմանադրությունից, օրենքներից մինչեւ կանոնադրություն եւ հավատարմագրման կարգ: ԱԺ ղեկավարությունը մշտապես հայտարարել է լրագրողների գործունեության համար բոլոր անհրաժեշտ պայմաններն ստեղծելու եւ նրանց անխոչընդոտ աշխատանքն ապահովելու մասին ու հետեւողական է այդ հարցում: Եթե ոմանց, այդ թվում եւ վերոհիշյալ հոդվածի հեղինակին, դուր չի գալիս Ազգային ժողովի ղեկավարության այդպիսի՝ գուցեեւ չափազանց ժողովրդավարական վերաբերմունքը լրատվական դաշտի ազատ գործունեության նկատմամբ, նրանք կարող են իրենց երեւակայությունն աշխատեցնել ոչ միայն գաղտնալսումների կամ էլփոստը իբրեւ թե վերահսկելու ուղղությամբ, այլեւ սկսել հորինել վիրտուալ իրականության նոր պատկերներ՝ իրենց պատվիրատուներին գոհացնելու համար: Բայց պետք չէ դա անել բարձրագույն օրենսդիր մարմինը վարկաբեկելու, ճշմարտությունը խեղաթյուրելու եւ ընթերցողներին ապակողմնորոշելու հաշվին: