Փետրվարի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում դիտորդական առաքելությամբ գտնվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորիին, ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Տոնինո Պիցուլային եւ ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվեց ազատ եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը եւ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական գործընթացներում առաջընթացի գրանցումը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց , որ ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը անաչառ գնահատական կտա նախագահական ընտրություններին: Խորհրդարանի ղեկավարը կարեւորեց համապետական ընտրություններում միջազգայիպն հեղինակավոր կազմակերպությունների կողմից իրականացվող դիտորդական առաքելությունները` որպես մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման կարեւոր խթան: « Մենք աշխատել ենք մինչեւ առաջիկա ընտրությունները լուծում տալ նախորդ ընտրություններից հետո միջազգային դիտորդական առաքելությունների արձանագրած թերություններին: Հայաստանի իշխանությունները ունեն քաղաքական կամք եւ շահագրգռվածություն` անցկացնելու 2013 թվականի նախագահական ընտրությունները էլ ավելի բարձր մակարդակով եւ եվրոպական չափանիշներին համապատասխան»,-նշեց Հովիկ Աբրահամյանը: