Տպել
04.05.2004
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում

Մայիսի 4-ին տեղի ունեցավ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի հերթական նիստ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը:

Արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանը հանձնաժողովի քննարկմանը առաջին ընթերցմամբ ներկայացրեց «ՀՀ ընտանեկան օրենսգիրք» օրինագիծը, որը հեղինակել է կառավարությունը` հիմքում ունենալով ԱԺ պատգամավորներ Ռաֆիկ Պետրոսյանի, Կարեն Կարապետյանի, Վիկտոր Դալլաքյանի, Արմեն Դանիելյանի, Հովհաննես Մարգարյանի եւ ԵՊՀ պրոֆեսոր Գեղամ Կարախանյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունները:

Ընտանեկան օրենսգրքի նախագծումնորովի են ներկայացված ամուսնության, ամուսնալուծության, որդեգրման, ալիմենտի բռնագանձման, ծնողական իրավունքների սահմանափակման կարգերը:

Նախատեսվում է նաեւ ամուսնացողի բժշկական հետազոտում` կամավորության սկզբունքով եւ մյուս ամուսնացողի ցանկությամբ:

Թե տղամարդկանց, թե կանանց համար ամուսնության սկզբնատարիք սահմանվել է 18-ը, սակայն հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի կարծիքով կանանց համար նախընտրելի է 17-ը:

Օրինագծի առնչությամբ ելույթ ունեցավ ԵՊՀ պրոֆեսոր Գեղամ Կարախանյանը եւ ներկայացրեց իր դիտողություններն ու առաջարկները:

Տիգրան Մուկուչյանի ներկայացմամբ պատգամավորները քննարկեցին նաեւ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» կառավարության նախագիծը եւ պատգամավորներ Աշոտ Արսենյանի, Հերմինե Նաղդալյանի հեղինակած «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքների նախագծերը: Վերջին նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում եւ թույլատրել խաղատներ եւ շահումով խաղեր կազմակերպել առողջարանային գոտիներում`  Դիլիջանում, Ծաղկաձորում, Ջերմուկում եւ Սեւանում:

Քննարկված բոլոր օրինագծերն ստացան հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կերաշխավորվեն ընդգրկվելու ԱԺ առաջիկա եռօրյա նիստերի օրակարգում: