Տպել
14.11.2012
Խորհրդարանը շարունակեց ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը
1 / 9

Նոյեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկությամբ մերժեց նախորդ օրը քննարկված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել էին ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Վահան Հովհաննիսյանը եւ Վահան Բաբայանը:

Այնուհետեւ խորհրդարանը շարունակեց «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները: Մտքերի փոխանակության համար հերթագրվել էին երկու տասնյակ պատգամավորներ:

Նիկոլ Փաշինյանը, վերլուծելով բյուջեի նախագծով տարբեր ոլորտներին հատկացվելիք ֆինանսական միջոցները, այն որակեց «կոնսերվացման բյուջե»՝ նշելով, որ ներկայացված նախագիծը ոչ միայն չի կանխարգելում արտագաղթը, այլեւ խրախուսում է: Միքայել Մելքումյանը, ներկայացնելով իր հարցադրումները եւ տեսակետները, կարծիք հայտնեց, որ քննարկվող նախագիծն անբավարար է եւ այս տեսքով չի կարող լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները: Արտաշես Գեղամյանը, դրական գնահատելով նախագիծը, կարեւորեց բյուջեի նախագծին կից ներկայացված ռիսկերի գնահատման վերաբերյալ վերլուծությունը: Ըստ նրա՝ եթե կյանքի կոչվեն կառավարության կողմից մշակման փուլում գտնվող մի շարք ծրագրեր, հնարավոր կլինի հաջորդ տարի ապահովել երկնիշ տնտեսական աճ: Արծվիկ Մինասյանն անդրադարձավ գործազրկության խնդրին եւ դրա մեղմացմանն ուղղված քայլերի անբավարար լինելուն, արդյունաբերությանը եւ մի շարք այլ ոլորտներին բյուջետային հատկացումների սակավությանը: Նա հայտարարեց, որ դեմ է քվեարկելու նախագծին:

Արտահերթ ելույթ ունեցավ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նշելով, որ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում ծախսերի մոտ 27 տոկոսը վերաբերում է սոցիալական պաշտպանության ոլորտին, նախարարը հակիրճ ներկայացրեց 78 ծախսային ծրագրերից մի քանիսը, որոնք հիմնականում ուղղված են դժվարին կացության մեջ հայտնված ընտանիքների, անձանց սոցիալական պաշտպանությանը, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների կարգավորմանը: Արտեմ Ասատրյանը նշեց, որ քննարկվող նախագիծը թույլ կտա ապահովել նախանշված ծրագրերի իրականացումն ու շարունակականությունը:

Հովհաննես Մարգարյանն անդրադարձավ «Օրինաց երկիր» խմբակցության առաջարկներին եւ գոհունակությամբ նկատեց, որ դրանցից շատերն ընդունվել են եւ իրենց արտացոլումը գտել նախագծում: Բացի այդ՝ շարունակվելու են աղետի գոտու բնակարանաշինական, անվճար ծննդօգնության ծրագրերը: Մհեր Շահգելդյանը, մատնանշելով Մերձավոր Արեւելքում ընթացող գործընթացները եւ հնարավոր զարգացումները, կառավարությանն առաջարկեց գումար հատկացնել համապատասխան կազմակերպություններին՝ այդ տարածաշրջանի զարգացումների վեաբերյալ կանխատեսող ուսումնասիրություններ անելու նպատակով:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի տեսակետով՝ կառավարության այս տարվա բյուջեի նախագիծը շահեկանորեն տարբերվում է նախորդներից. այն ծրագրային է, պարունակում է ռիսկերի գնահատում, արդյունաբերության զարգացումը դիտարկվում է որպես թիրախ:

Արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընգծեց, որ, չնայած նախընտրական տարուն, կառավարության ներկայացրած ֆինանսական փաստաթուղթը նախընտրական չէ, զերծ է պոպուլիզմի, դեմագոգիայի, ամբոխահաճության տարրերից: Նախընտրական ելույթներ, Աժ փոխնախագահի գնահատմամբ, այդուհանդերձ եղան: Էդուրադ Շարմազանովը բյուջեի նախագիծը համարեց իրատեսական եւ գործողությունների՝ միաժամանակ նշելով, որ այն «մեր երազանքների բյուջեն չէ», ցանկություններն ավելի հեռուն են գնում: Նա որպես ձեռքբերում նշեց նախագծում արտացոլված՝ ռիսկերի գնահատման, սոցիալական ծախսերի հասցեականության եւ շարունակականության, պաշտպանության եւ անվտանգության ոլորտին ուղղված ծախսերի ավելացման մասին: Նաեւ ընդգծեց հանրապետության նախագահի՝ տարածքային համաչափ զարգացման ծրագրի դրույթները բյուջեի նախագծում արտացոլելու, մասնավորապես աղետի գոտում բնակարանաշինությունը շարունակելու մասին: Արձագանքելով բյուջեի նախագիծն անբավարար գնահատած պատգամավորին՝ խորհրդարանի փոխնախագահը նկատեց, որ 2010, 2011 եւ 2012 թթ. բյուջեների ծախսային եւ եկամտային մասերն ավելի փոքր էին, մինչդեռ այսօր դեմ արտահայտվող պատգամավորը քվեարկել է հօգուտ դրանց: Այս վարքագիծը նա բնորոշեց ոչ ազնիվ եւ հավելեց՝ որքան էլ ցանկությունները կարեւոր են, այդուհանդերձ՝ ազնիվ ու շիտակ գործերն ավելի կարեւոր են:

ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Ռուզաննա Մուրադյանը, նախ ողջունեց սոցիալական ոլորտին բյուջեի 42 տոկոսն ուղղելու ռազմավարությունը, ապա տարվա գլխավոր փաստաթուղթը գնահատեց կրթության ոլորտին հատկացումների տեսանկյունից: Նրա խոսքերով՝ ծախսերն այստեղ ավելացել են կրթական բարեփոխումներին համահունչ:

Իր գլխավորած հանձնաժողովի ոլորտում նախատեսված ծախսերին անդրադարձավ նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը եւ արձանագրեց աճ թե գիտության, թե հանրակրթության ու մասնավորապես ներառական կրթության բնագավառներում: Իր ելույթի քաղաքական մասում պատգամավորը հակադարձեց ընդդիմությանը՝ նախ մեջբերելով հեղինակավոր կազմակերպությունների վարկանիշային աղյուսակում Հայաստանի բարելավված դիրքերի մասին տեղեկություններ, նաեւ՝ արտագաղթը բանաձեւելով ընդդիմության վարքագծով՝ տրված եւ չկատարած խոստումներով:

Խոսրով Հարությունյանը եւս խոսեց ծրագրային բյուջեի առավելությունների մասին եւ նկատեց, որ իշխանությունների քաղաքական որոշումները կաշկանված են ոչ թե բարոյախրատական ելույթներով կամ օրենքներով, այլ առկա հնարավորություններով: Նա խոսեց բյուջե 2013-ի երկու առանձնահատկության մասին եւ նշեց, որ կառավարության հետեւողական աշխատանքի արդյունքում ստվերային տնտեսությունը կրճատվել է՝ վերջին տարիների 50-60 տոկոսի փոխարեն կազմելով 30-40 տոկոս: Նաեւ ողջամիտ համարեց գործադիրի ռազմավարությունը՝ ճգնաժամից հետո վարել ոչ թե ընդլայնողական քաղաքականություն, այլ նախ ձերբազատվել կուտակված պարտքերից:

Սամվել Նիկոյանը, դիտարկելով քննարկումների ընթացքը, նկատեց՝ ելույթներն առավելապես պայմանավորված էին քաղաքական կողմնորոշմամբ եւ հիմնավորեց՝ նախորդ տարիների առավել համեստ ցուցանիշներով բյուջեներ որոշ ուժեր, որոնք այսօր քննադատողի դերում են, դրական են գնահատել:

Գալուստ Սահակյանն ընդիմությանը կոչ արեց քննադատել, բայց չանպատվել ու լինել կառուցողական:

ՀԱԿ խմբակցության պատագամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ նախագծի վերաբերյալ կառավարությանն է ուղարկել 40 առաջարկ, ցույց տալով դրանց ֆինանսավորման աղբյուրները, սակայն պատասխան չի ստացել: Նաեւ՝ անընդունելի համարեց բյուջեի նախագծի եկամտային մասն առանց խորությամբ քննարկելու ծախսերին անդրադառնալը: Նա անհմաձայանություն հայտնեց կառավարության տնտեսական քաղաքականության վերաբերյալ:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի կարծիքով ՝ ընթացիկ տարվա եւ 2013-ի բյուջեները ոչնչով չեն տարբերվում, իսկ 2008 թ.-ի քաղաքական նույն թիմը հավակնոտ բյուջեից 5 տարի հետո անցում է կատարել զգուշավոր բյուջեի:

Նախագծի վերաբերյալ արտահերթ ելույթ ունեցան երկու նախարարներ: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց իր ղեկավարած ոլորտում ավելացած ծախսերը՝ նշելով, որ ծրագրեր են իրականացվում նաեւ դրամաշնորհային միջոցներով, որոնք արտացոլված չեն բյուջեում: Նրա գնահատմամբ՝ նախագիծը համահունչ է ՀՀԿ-ի նախընտրական ծրագրին, որն էլ ընտրություններին ստացել է բնակչության մեծամասնության հավանությունը:

Գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձավ նախագիծը լիագումար նիստում ՀՀ վարչապետի կողմից չներկայացնելու վերաբերյալ շահարկումներին: Նա ներկայացրեց 2000 թ.-ից ի վեր բյուջեների ներկայացման ձեւաչափերը՝ նկատելով, որ հաճախ են նախագծերը ներկայացրել ֆինանսների նախարարաները, հետեւաբար չկա ավանդույթի խախտում: Նախարարը ընդդիմադիրներին հիշեցրեց իր առաջարկի մասին՝ ներկայացնել այլընտրանքային բյուջեի նախագիծ, քաղաքական իրենց տեսլականը:

Քառօրյայի չորեքշաբթի օրվա վերջին նիստում, առաջնորդվելով ԱԺ կանոնակարգով, պատգամավորները հարցեր ուղղեցին կառավարության անդամներին:


25.04.2024
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

25.04.2024
Օրենսդրական փաթեթի քննարկումը հետաձգվել է
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 25-ի նիստի օրակարգում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի եւ Մարիամ Պողոսյանի հեղինակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ կից օրենք...

25.04.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

25.04.2024
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը հանդիպել է ֆրանսիացի գործընկերների հետ
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ղեկավարած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հ...

25.04.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Ապրիլի 26-ին՝ ժամը 11:00-ին, 214 դահլիճում տեղի կունենա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Ապրիլի 26-ին՝ ժամը 12:00-ին, 414 դահլիճում տեղի կունենա Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: ...