Տպել
20.09.2012
ՀՀ Աժ փոխնախագահն ընդունեց ԼՂՀ խորհրդարանի փոխնախագահին
1 / 1

ՀՀ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 20-ին ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանին: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ  Արպատ Ավանեսյանը, ՀՀ խորհրդարանում ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը:

Ողջունելով ԼՂՀ խորհրդարանականների այցը Ազգային  ժողով, Էդուարդ Շարմազանովը նախ շնորհավորեց Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ, նշելով, որ սա համայն հայության տոնն է` Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում:

Նրա խոսքով, նման այցերը, որոնք վերջին շրջանում հաճախակի են դարձել, այն փաստի վկայությունն են, որ Հայաստանի ու Արցախի Ազգային ժողովների համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է, ինչը պետք է իր շարունակականությունն ունենա:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Հայաստանը, որպես ԼՂՀ անվտանգության երաշխավոր, ամեն ինչ անելու է, որպեսզի Արցախի հիմնահարցը ստանա արդարացի լուծում: Նա այս գործում մեծապես կարեւորեց խորհրդարանական դիվանագիտության դերը: Աժ փոխնախագահի խոսքերով` այլեւս փաստ է Արցախում ժողովրդավարական անկախ պետության կայացումը, ինչի լավ վկայությունն էին նաեւ վերջերս կայացած խորհրդարանական ու նախագահական ընտրությունները, որոնք միջազգային հանրության կողմից արժանացան բարձր գնահատականի: «Արցախը այլեւս չի կարող լինել Ադրբեջանի կազմում. դա փաստ է, որը որեւէ մեկի կողմից վիճարկման առարկա չի կարող լինել»,- նշեց Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով` Ռ. Սաֆարովի ձեռքով գործել է Ադրբեջանի իշխանությունը, նրան ստեղծել է մի պետություն, որը ռասիստական, ֆաշիստական է եւ հայատյացություն է քարոզում: Այս առումով ՀՀ ԱԺ արած հայտարարությունը ուղերձ էր միջազգային հանրությանը, որ երկակի ստանդարտներն այլեւս անթույլատրելի են: Աժ փոխնախագահն ընդգծեց երկու կարեւոր հանգամանք. նախ` Արցախը պետք է լինի բանակցային կողմ, քանի որ առանց ԼՂՀ իշխանությունների ու ժողովրդի որեւէ մեկն իրավունք չունի որոշելու Արցախի ճակատագիրը, երկրորդ` բոլոր ուղղություններով, այդ թվում` խոհրդարանական դիվանագիտական ճանապարհներով, պետք է աշխատանք տանել, որպեսզի սանկցիաներ կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ: Նա հիշեցրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը.  «Արցախի միջազգային ճանաչումը սարերի ետեւում չէ, եւ Արցախի հանրապետության միջազգային ճանաչմանը այլընտրանք չկա»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Արթուր Թովմասյանը շնորհավորեց Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ` մեր երկրին ցանկանալով տնտեսական առաջընթաց, կայունություն, խաղաղություն եւ միասնություն: «Եթե Հայաստանում քաղաքական իրավիճակը կայուն է, ապա դրանից մեծապես շահում է նաեւ Արցախի բնակչությունը, իսկ բանակցային գործընթացում փոքրանում է ճնշումների հավանականությունը»,- ասաց ԼՂՀ ԱԺ փոխնախագահը:

Նա տեղեկացրեց, որ Արցախի խորհրդարանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է Հունգարիայի կողմից Ռ. Սաֆարովին Ադրբեջանին հանձնումը, եւ վերջինիս կողմից նրա ազատ արձակումն ու հերոսացումը, ինչը սպասելի էր: «Այս փաստը եւս մեկ վկայություն է, որ Ղաղարաբաղի հայերը չեն կարող գոյատեւել Ադրբեջանի կազմում»,-ասաց Արթուր Թովմասյանը, կարեւորելով միջազգային հանրությանն այն իրողության հաղորդումը, որ անհնարին է ժողովրդավարական Արցախի գոյատեւումը բռնապետական Ադրբեջանի կազմում:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
 



20.09.2012
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի  20-ի նիստում Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկեց եւ նստաշրջանի ու առաջիկա  քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն տվեց  «Լեզվի մասին» ՀՀ օրենքում ...