National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.9.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
05.09.2012
Ազգային ժողովն ընդունեց Հունգարիայի եւ Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություն
1 / 9

ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ  2012 թվականի սեպտեմբերի 5-ին գումարվեց ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

 Արտահերթ նստաշրջանի օրակարգում մեկ հարց էր` ՀՀ ԱԺ հայտարարությունը  2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու եւ Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ:

Հայտարարության նախագիծը ներկայացրեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Զեկուցողը տեղեկացրեց, որ նախագիծը մշակել է ԱԺ քաղաքական ուժերի մասնակցությամբ ձեւավորված աշխատանքային խումբը, որը ստեղծվել է  երկու օր առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ ընդունված որոշմամբ: Արտակ Զաքարյանը ասաց նաեւ, որ հայտարարության որոշ կետերի վերաբերյալ եղել են տարակարծություններ, որոնց հավանաբար պատգամավորները կանդրադառնան մտքերի փոխանակման ժամանակ, եւ հայտարարության վերջնական տեքստը կընդունվի քննարկումների արդյունքում:

Նախքան քննարկվող հարցի վերաբերյալ ԱԺ պատգամավորների մտքերի փոխանակմանն անցնելը ԱԺ նիստում նախագահող Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ հուլիսի 4-ին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը Ազգային ժողովի նախագահին հրաժարականի դիմում է ներկայացրել: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն, եթե պատգամավորը գրավոր դիմումով 15 օրվա ընթացքում հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, նրա լիազորությունների դադարեցման մասին ԱԺ նախագահի ստորագրությամբ արձանագրություն է կազմվում եւ հնգօրյա ժամկետում ուղարկվում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Ազգային ժողովը շարունակեց հայտարարության նախագծի վերաբերյալ քննարկումները: Մտքերի փոխանակության համար հերթագրվել էր 29 պատգամավոր:

Բոլոր ելույթ ունեցող պատգամավորները դատապարտեցին Հունգարիայի իշխանությունների դրսեւորած վարքագիծը, Ադրբեջանի անօրինական քայլը, նրա սանձազերծած  հակահայկական թշնամանքը, միջազգային իրավական փաստաթղթերով երաշխավորված մարդու իրավունքների ոտնահարումն ու պետական մակարդակով հայերի հանդեպ Ադրբեջանի կողմից արմատավորված ատելության մթնոլորտը: Ադրբեջանի նախագահի` մարդասպանին ազատ արձակելու հրամանագիրը որակվեց որպես «Դատապարտյալների փոխանցման մասին» կոնվենցիայի կոպիտ ոտնահարում:

Որոշ պատգամավորներ հանդես եկան հայտարարության նախագծում փոփոխություններ կատարելու առաջարկություններով:

 Վահան Հովհաննիսյանն առաջարկեց հստակ եւ կոշտ դիրքորոշում արտահայտել միջազգային իրավական նորմերի խախտմամբ Ադրբեջանի կամայականության վերաբերյալ միջազգային հեղինակավոր կառույցների ոչ «ադեկվատ» գնահատականների համար եւ հայտարարության մեջ ներառել իր խմբակցության ներկայացրած առաջարկը խաղաղ բանակցությունները խոչընդոտելու Ադրբեջանի պատասխանատվության մասին:

Էդմոն Մարուքյանն առաջարկեց պայմաններ առաջարկել Հունգարիային, որոնց կատարման դեպքում միայն կարող են վերականգնվել նրա հետ դիվանագիտական հարաբերությունները:

Կարեն Ավագյանի գնահատմամբ` հայտարարության մեջ պետք է ներառել Լեռնային Ղարաբաղը բանակցություններին նորից մասնակից դառնալու, ինչպես նաեւ ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցությունը կասեցնելու հարցը` կապված միջազգային նորմերը, մասնավորապես սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ քվոտաները Ադրբեջանի կողմից խախտվելու համար:
 
 

            Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն առաջարկեց  «Դատապարտված անձանց փոխանցման մասին» ԵԽ կոնվենցիայի լրացուցիչ արձանագրություն նախաձեռնել` այսօրինակ դեպքերն ընդհանրապես կանխելու ու բացառելու նպատակով: Նշելով, որ այս դեպքը նաեւ մարդու իրավունքների խախտում է` պատգամավորը հնարավոր համարեց եւ առաջարկեց դիմել Եվրոպական դատարան:

            ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն առաջարկեց դիմել Եվրամիությանն  ու ՆԱՏՕ-ին` Ադրբեջանի հետ գործընկերային հարաբերություններն ու ծրագրերը դադարեցնելու պահանջով:

Պատգամավորները ելույթներում խորհրդարանի` հայտարարությամբ հանդես գալու հնարավորությունը, որպես պառլամենտարիզմի  բաղկացուցիչ տարր, կարեւոր համարեցին: Նշեցին նաեւ միջազգային կառույցներում կոշտ դիրքորոշում արտահայտելու անհրաժեշտությունը: Այդուհանդերձ, պատգամավորները  առաջարկեցին չբավարարվել այս քայլերով եւ մշակել գորոծողությունների համալիր ծրագիր` թե գործադիր եւ թե օրենսդիր իշխանությունների իրագործման համար:  Պատգամավորները նաեւ  ընդգծեցին ազգային ու գաղափարական կոնսոլիդացիայի անհրաժեշտությունը:

Անդրադառնալով հայտարարության տեքստին՝ «Ժառանգություն»  խմբակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ  ձեւակերպումներում Ազգային ժողովը պետք է ավելի «ռադիկալ» գտնվի, ինչպես երկրի ղեկավարը, ով բավական սուր գնահատականներ հնչեցրեց, քանի որ դեպքը, պատգամավորի խոսքով, իրոք արտառոց էր: Նրա կարծիքով՝ այս հայտարարությամբ Ազգային ժողովը, վերահաստատելով այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, նաեւ հորդոր պետք է ներկայացնի երկրի ղեկավարին` քննարկելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման նպատակահարմարությունը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն առաջարկ ներկայացրեց  ԱԺ հայտարարության մեջ ներառել Հունգարիայի ներկայիս կառավարության վերաբերյալ որակումներ, որը, պատգամավորի խոսքով, շրջանցեց միջազգային արդարադատության բոլոր չափանիշներն ու եվրոպական արժեքները՝ չդիմանալով նավթադոլարների գայթակղությանը: Սա, ինչպես նշեց, Խոսրով Հարությունյանը, ֆաշիզմ էր պետական մակարդակով, ինչը որակումների տեսքով պետք է տեղ գտնի այս փաստաթղթում:

Հայտարարության վերաբերյալ առաջարկ ներկայացրեց նաեւ Արտաշես Գեղամյանը: Նրա կարծիքով՝ Ազգային ժողովը  հայտարարության տեքստում  առանձին կետով պետք է շեշտի, որ ՀՀ խորհրդարանը հավանության է արժանացնում հանրապետության ղեկավարի՝ դեպքի առիթով վերջին օրերին հնչեցրած բոլոր գնահատականները:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ առաջարկեց շեշտել, որ եթե ուշանա միջազգային հանրության համապատասխան վերաբերմունքը  կատարվածին, Հայաստանի Հանրապետությունը սկսելու է  ԼՂՀ-ն ճանաչելու գործընթացը:
 
 

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց շարունակել եւ առանց ընդմիջման սպառել արտահերթ նստաշրջանի օրակարգը:

Քվեարկության արդյունքում խորհրդարանն ընդունեց ԱԺ նախագահի առաջարկը: 

ԱԺ հայտարարության նախագծի  եւ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց տեսակետներն արտահերթ ելույթներում ներկայացրին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը եւ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

          ՀՀ արդարադատության նախարարն իր ելույթում ստեղծված իրավիճակին անդրադարձ կատարեց իրավական տեսանկյունից  եւ  ներկայացրեց Հայաստանի Հանրապետության հետագա քայլերը:  Հրայր Թովմասյանը նշեց, որ ոճրագործի հանձնումը կատարվել է 1983 թվականին ընդունված «Դատապարտյալների փոխանցման մասին Եվրոպայի կոնվենցիայի» համաձայն: Նախարարը նկատեց, որ  միջազգային իրավունքը մշակել է  որոշակի սկզբունքներ, որոնք վերաբերում են միջազգային պայմանագրերին եւ դրանց մեկնաբանության սկզբունքներին, որոնք սահմանված են  պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիայում:  Մեկնաբանելով  վերջինիս դրույթները` արդարադատության նախարարը նշեց, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը   կարող է շարժվել երկու ընթացակարգով: Առաջինը միջպետական գանգատն է, երբ պետությունը մեկ այլ պետության դեմ գանգատ է ներկայացնում Եվրոպական դատարան, եւ երկրորդը` անհատական գանգատն է, որը կարող են իրականացնել  տուժողի իրավահաջորդները, մյուս դեպքում` տուժողը:

Հրայր Թովմասյանի խոսքով` կատարվելիք քայլերը կլինեն հետեւողական եւ կշռադատված, դրանց  վերաբերյալ հանրությունը կիրազեկվի:

          ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում նշեց, որ  2004 թվականին կատարված ոճրագործությունից հետո եւ դատավարության ընթացքում, ինչպես նաեւ դատավճռի հրապարակումից հետո  Ադրբեջանն ինտենսիվ ջանքեր է գործադրել` ոճրագործին պատժից ազատելու եւ տեղափոխելու համար: Ստանալով պարբերական տեղեկություններ այդ մասին, Հայաստանը տարբեր մակարդակներով` հանրապետության  նախագահի, խորհրդարանի ղեկավարի, վարչապետի, ԱԳ նախարարի, դեսպանների  միջոցով  շարունակաբար հունգարական իշխանությունների ուշադրությունը հրավիրել է ոճրագործի հանձնման անթույլատրելիությանը:  Ըստ ԱԳ նախարարի` հունգարական իշխանություններից բազմիցս  ստացվել են միանշանակ հավաստիացումներ, որ նման քայլը բացառված է:  Այդ հավաստիացումները տրվել են նաեւ օգոստոսի  22-ին, 23-ին, 24-ին Հունգարիայի արտաքին գործերի նախարարության եւ խորհրդարանի կողմից:

          Հայկական կողմի նախաձեռնությամբ օգոստոսի 28-ին  հանդիպումներ են տեղի ունեցել Հունգարիայի ԱԳՆ-ում եւ խորհրդարանում, որտեղ եւս հավաստիացվել է, որ նման քայլը բացառվում է:

          Հայտարարության նախագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն ու առաջարկները ներկայացրեցին ԱԺ խմբակցությունները:

          «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի կարծիքով` հայտարարության նախագիծը թույլ է. անհրաժեշտ է կատարել լրացումներ եւ հստակեցնել պահանջները:

     ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրեց Աղվան Վարդանյանը: Անդրադառնալով խմբակցության առաջարկներին, պատգամավորը տեղեկացրեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու հայտարարության նախագծին: Աղվան Վարդանյանն արտաքին գործերի նախարարությանն առաջարկեց հրապարակել գործին առնչվող գրագրությունը եւ նամակները:

          «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն իրազեկեց, որ իրենց  խմբակցությունը եւս  կողմ է քվեարկելու հայտարարության նախագծին:

          Հայտարարության նախագծին կողմ  քվեարկելու  «ՀԱԿ» խմբակցության  դիրոքրոշումը ներկայացրեց Լեւոն Զուրաբյանը:

Ներկայացնելով «ԲՀԿ» խմբակցության տեսակետը` Ստեփան Մարգարյանը նշեց, որ «ԲՀԿ»-ն եւս կողմ է քվեարկելու հայտարարության նախագծին:

«ՀՀԿ» խմբակցության դիրքորոշումը ներկայացրեց խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, նշելով, որ ՀՀԿ-ն  կողմ է քվեարկելու հայտարարությանը: Անդրադառնալով հնչած ելույթներին` ՀՀԿ խմբակցության ղեկավարը նկատեց, որ քննարկվող փաստաթուղթը մեկնարկային է:

          Հայտարարության նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՀ  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը. 
  
«Հարգելի գործընկերներ,

Հայաստանի Հանրապետության  եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմատենչ հարեւան Ադրբեջանը իր վերջին քայլով` էթնիկ հողի վրա կատարած հանցագործության համար խստագույն պատժի արժանացած մարդասպանին ներում շնորհելով, ստեղծեց վտանգավոր  նախադեպ, երբ նավթադոլարները ծառայեցվեցին եվրոպական արդարադատության համակարգը վարկաբեկելուն, ինչն անհարիր է ոչ միայն առաջադեմ Եվրոպային, այլեւ աշխարհին ընդհանրապես:

Այսքանից հետո  դժվար է անհիմն համարել այն տեղեկությունները, որ Ադրբեջանը պետական մակարդակով ֆինանսական միջոցներ է հատկացնում ծայրահեղական կազմակերպություններին ֆինանսավորելու համար ե’ւ իր տարածքում, ե’ւ դրանից դուրս: Այսինքն, այդ երկիրն իր գործելաոճով վտանգ է ներկայացնում միջազգային հանրության, միջազգային կառույցների ու իր գործընկերների համար:

Ցավոք, գտնվում են նաեւ իշխանություններ, այդ թվում նաեւ Եվրոպայի սրտում, որ  չեն դիմանում  նավթադոլարների գայթակղությանը, ինչը  տեղի ունեցավ օրեր առաջ Հունգարիայի արդարադատության համակարգի եւ իշխանությունների հետ, ովքեր դեմ գնացին ոչ միայն օրենքին, այլեւ բարոյականությանը, խղճին ու բանականությանը: Հունգարիայի իշխանությունները քաջատեղյակ լինելով Ադրբեջանի կողմից Ռամիլ Սաֆարովին եւ նրա ստոր արարքը հերոսացնելու տարիներ շարունակ հնչող հայտարարություններին,  քաղաքական գործարք կնքեցին  Ադրբեջանի իշխանությունների հետ:

Եթե Ադրբեջանի հպարտությունը քնած մարդուն դավադրաբար կացնահարած փոքրոգի մարդասպանն է, ով ներկայացնում է այդ երկիրն ու նրա բանակը, ապա Արցախը հպարտ է ազատագրական պայքարով ձեռք բերած իր անկախ պետականությամբ եւ դրա հարատեւությունը երաշխավորող ոգով ու մարտունակ բանակով:

Օրերս Արցախը հանդիսավորությամբ նշեց իր անկախության 21-րդ տարեդարձը: Նշեց վստահությամբ, հաստատակամությամբ, եւս մեկ անգամ աշխարհին ցույց տալով, որ դե յուրե ճանաչված չլինելով ` դե ֆակտո  ժողովրդավարության չափանիշներով իր հարեւան Ադրբեջանին հաստատապես գերազանցող պետություն է:

ԼՂՀ անկախությունն այլեւս անշրջելի իրողություն է, եւ ԼՂՀ-ն տարեցտարի էլ ավելի ամրապնդում է իր պետականության հիմքերը:  Այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղը  չի կարող լինել Ադրբեջանի կազմում, պարզ է  ոչ միայն Հայաստանի ու Արցախի ժողովրդին, ոչ միայն ողջ հայությանը, այլ նաեւ միջազգային հանրությանը:  Իսկ Ադրբեջանի նախագահ  Ալիեւի  վերջին  հրամանագրերը  հարցականի տակ դրեցին  փոխզիջումների մասին խոսելու նպատակահարմարությունը, եւս մեկ անգամ փաստելով, որ Ադրբեջանը երբեք չի կարող հանդիսանալ  Արցախի բնակչության  ֆիզիկական անվտանգության երաշխավոր:

Հարգելի պատգամավորներ

 Տարբեր առիթներով  նշել ենք, որ Ադրբեջանը միջպետական հարաբերություններում անհուսալի եւ անվստահելի գործընկեր է, ինչի վկայությունն է նրա գործելաոճը  ԼՂ հարցի շուրջ բանակցություններում եւ ընդհանրապես ողջ հակամարտության ընթացքում: Բավական է հիշել այն անպատասխանատու վերաբերմունքը, որ այդ երկիրն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կամ այդ խմբի անդամ երկրների ղեկավարների միջնորդությամբ ընդունված փաստաթղթերի նկատմամբ: Ըստ էության, Ադրբեջանի այդ պահվածքը բնավ էլ զարմանալի կամ անսպասելի չէր, ավելի զարմանալի է այն հանդուրժողականությունը, որ միջազգային հանրության կամ կառույցների կողմից կա այդ երկրի նկատմամբ, որին նույն այդ կառույցները բազմիցս են քննադատել մարդու իրավունքների խախտման, խոսքի ազատությունը խոչընդոտելու եւ Եվրոպայի համար անընդունելի ու դատապարտելի այլ գործողությունների մեջ: Եթե այդ քննադատություները գործնական քայլերի վերածված լինեին, կարծում եմ, Ադրբեջանը չէր հանդգնի ոչ միայն գործարքի գնալ, այլեւ նույնիսկ նման առաջարկ անել ԵՄ անդամ երկրին, որն իր հերթին լինելով բարեկամ երկիր, մեղմ ասած, ոչ բարեկամ պահվածք դրսեւորեց ե’ւ սեփական, ե’ւ եվրոպական արժեհամակարգի նկատմամբ:

Միջազգային հանրությունը գոնե հիմա պետք է կարողանա տեսնել  իրական դեմքը մի երկրի, որտեղ խրախուսվում է հայատյացությունը: Արցախի  ժողովուրդը վաղուց է համոզվել դրանում եւ պատահական չէ մշտապես հայտարարում, որ որեւէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այդ մասին բազմիցս հայտարարել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Չի կարելի վստահել Ադրբեջանի նույնիսկ ամենաբարձր մակարդակով տրված երաշխիքին կամ խոստմանը, հատկապես,  եթե այն վերաբերում է մարդու, առավել եւս հայ մարդու անվտանգությանը:

Իր այս քայլով  Ադրբեջանը ԵՄ անդամ  Հունգարիային  ներքաշելով քաղաքական  խարդավանքների մեջ` փորձում է ամենաթողության մթնոլորտ  ստեղծել եվրոպական ընտանիքում: Հետեւաբար, այդ ընտանիքից անպայմանորեն պետք է հնչեն դատապարտող խոսքեր, կատարվեն  կոնկրետ գործողություններ:

Հակառակ դեպքում դրանք կլինեն սովորական դեկլարատիվ, ձեւական արտահայտություններ:

Հակառակ դեպքում արեւելյան գործընկերությունը կարող է մնալ ձեւաչափ լոկ թղթի վրա, եթե գործընկերներից մեկի կամ մի քանիսի դատապարտելի գործողությունները չեն արժանանում մյուսների կոշտ ու շոշափելի արձագանքին:

Հակառակ դեպքում դժվար կլինի մտածել, որ ՆԱՏՕ-ի  «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրն իրոք գործընկերային է եւ իսկապես հանուն խաղաղության է, երբ այդ գործընկերության շրջանակներում Եվրամիության անդամ երկրում կացնահարվում է հայ սպան, իսկ մարդասպանը  Եվրոպայի Խորհրդի անդամ երկրում դառնում է ազգային հերոս:

Հարգելի պատգամավորներ,

Ազգային ժողովի ընդունած հայտարարությունը կուղարկվի միջազգային խորհրդարանական կառույցներին եւ ազգային խորհրդարաններին, որոնք, կարծում եմ, համարժեք գնահատական կտան եւ կդիմեն գործնական քայլերի»:

Եզրափակիչ ելույթ ունեցավ աշխատանքային խմբի անդամ Արտակ Զաքարյանը: Անդրադառնալով հնչած առաջարկներին` նա նշեց, որ ընդունվածները եղել են խմբագրական բնույթի:

          ԱԺ հայտարարության նախագիծն ընդունվեց 96 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը:
 


05.09.2012
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը
2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու  եւ Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ   Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը...

05.09.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը ԱԺ արտահերթ նստաշրջանում
Հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության  եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմատենչ հարեւան Ադրբեջանը իր վերջին քայլով` էթնիկ հողի վրա կատարած հանցագործության համար խստագույն պատժի արժանացած մարդասպանին ներում շնորհելով, ստեղծեց վտանգավոր  նախադեպ, երբ նավթադոլարները ծառայեցվեցին...

05.09.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսին
Սեպտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրաքի  Հանրապետության փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով փոխվարչապետի այցը Հայաստան ` ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ այն էական ներդրում կունենա հայ-իրաքյան հարաբերությունների ամրապնդման ու հետ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am