National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.6.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
22.06.2012
Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 9

Հունիսի 22-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստարջանի աշխատանքը:     Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց  նախորդ օրը քննարկված «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: 

 Պատգամավորները   շարունակեցին  նախորդ օրը ընդհատված «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ մտքերի փոխանակությունը:

  Քննարկվող հարցի վերաբերյալ  «Օրինաց երկիր» խմբակցության տեսակետը ներկայացրեց Մհեր Շահգելդյանը: Պատգամավորը  նկատեց, որ ներկայացված փաթեթում ամրագրված արտոնագրային վճարների համակարգը հնարավորություն կտա մանր եւ միջին բիզնեսով զբաղվող գործարարներին կանխատեսելի եւ ճկուն դարձնել իրենց գործունեությունը: Բացի այդ` սահմանամերձ համայնքներում կստեղծվեն նոր աշխատատեղեր: Նա  տեղեկացրեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու ներկայացված օրինագծերի փաթեթին:

  Քննարկման ավարտից հետո փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ:

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ քննարկեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ  ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Հաշվի առնելով    խաղատների եւ շահումով խաղերի  կազմակերպման գործունեություն իրականացնողների կողմից գործունեության դադարեցման դեպքում պետական բյուջեի եկամուտների նվազեցման ռիսկը եւ նպատակ ունենալով խրախուսել գործունեություն իրականացնողներին` շարունակելու իրենց գործունեությունը` կառավարությունն առաջարկում է պետական տուրքի չափը մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար որոշել տարեկան պետական տուրքի գումարի մեկ տասներկուերորդի եւ 2012 թվականի ընթացքում հերթական պետական տուրքի վճարման ամսվանից մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում ներառված ոչ ամբողջական ամիսների թվի արտադրյալով:

  Օրինագծի վերաբերյալ ԱԺ  տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

  ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Սեւանա լճի մասին» ՀՀ  օրենքում լրացում կատարելու մասին», «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

 Հիմնական զեկուցող Անդրանիկ Անդրեասյանը տեղեկացրեց, որ փաթեթով առաջարկվում է թույլատրել` այս տարվա ընթացքում Սեւանա լճից  կատարելու հավելյալ 150 մլն խորանարդ մետր ջրառ` ոռոգելու համար հանրապետության շուրջ 40 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության  հողատարածքներ:

  Անդրանիկ Անդրեասյանը նկատեց, որ տարեսկզբին կանխատեսվել էր ջրառատ տարի, սակայն սպասումները չեն իրականացել:

Ի պատասխան պատգամավորների հարցադրումների հիմնական զեկուցողը նշեց, որ իրականությանը չեն համապատասխանում այն տեսակետները, թե ջրառը Սեւանա լճից կատարվելու է հարակից օբյեկտների եւ առանձնատների փրկության համար: Նա տեղեկացրեց,  որ նախատեսվող 150 մլն խմ     ջրառը լճի մակարդակը կնվազեցնի ընդամենը 10-12 սմ-ով, ինչն այս դեպքում էական նշանակություն չի կարող ունենալ: 
 
Սեւանա լճից լրացուցիչ 150 մլն խորանարդ մետր ջուր բացթողնելու կառավարության նախաձեռնությունը որոշ պատագամավորների քննադատությանն արժանացավ: Պատգամավորների մի մասն էլ հասկանալի եւ պարտադրված քայլ համարեց սակավաջրության պայմաններում  գյուղատնտեսական նպատակներով լրացուցիչ ջուր հատկացնելու ոորոշումը:  Կառավարության առաջարկի ընդդիմախոսները  հարցադրումների, այնուհետեւ ելույթների մեջ մտահոգություն հայտնեցին Սեւանա լճի մակարդակը կրկին ցածրացնելու հնարավոր վտանգի մասին` նշելով, որ այն բարձրացվել էր մեծ ջանքերի ու ֆինանսական ռեսուրսների հաշվին: Պատգամավորների գնահատմամբ`  ջրի բացթողումն այս ծավալով  բացասաբար կանդրադառնա լճի էկոմահարկերի վրա: Այս մասին, ըստ ելույթ ունեցողների, ահազանգել են նաեւ բնապահպանական հասարակական կազմակերպություններ: Նախաձեռնությունը պաշտպանողները կարծում են, որ լրացուցիչ ջուր բացթողնելու արդյունքում կկարողանան ոռոգել 40 հազար հեկտար տարածությամբ հողեր` հիմնականում Արարատյան դաշտավայրում:

 Կառավարության ներկայացուցիչ Անդրանիկ Անդրեասյանը, պատգամավորների հարցադրումներին  ի պատասխան, կրկին փաստեց, որ Սեւանը ազգային արժեք է, սակայն դժվար իրավիճակներում, ինչպիսին այս տարի սպասվող սակավաջուր ամառն է, պետք է նաեւ ծառայի ժողովրդին, հատկապես որ Սեւանի մակարդակի բարձրացման առաջանցիկ տեմպերը տալիս են նման հնարավորություն: Նա տեղեկացրեց, որ վերջին 10 տարիներին լճի մակարդակը բարձրացել է 4 մետրով, ծրագրված համադրելի ցուցանիշը 2,5 մետր է: Անդրանիկ Անդրեասյանը  նաեւ նշեց, որ ոռոգման եւ ընդհանրապես ջրամատակարարման հիմնախնդիրը լուծելու համար նախատեսել են տարբեր ներդրումային ծրագրեր եւ հիմնականում ուշադրություն են դարձնելու ներտնային բաշխիչ ցանցերի վերականգնման վրա` ջրի կորուստները նվազագույնի հասցնելու համար: Նաեւ գումարներ են նախատեսվել ջրամբարների կառուցման ու վերանորոգման համար:

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Սամվել Բալասանյանը ներկայացրեց փաթեթի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ նշեց, որ քննարկումների արդյունքում է սահմանվել մինչեւ 320 խորանարդ մետր սահմանգիծը` ավելի քիչ ջուր բացթողնելու հնարավորություն ստեղծելով: Հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն հայտնեց հարցը քննարկել հասարակական կազմակերպությունների հետ` հաշվի առնելով վերջիններիս մեծ ուշադրությունը, նաեւ` լսումների ձեւաչափով:

Քննարկվող հարցի վերաբերյալ պատգամավորների ելույթներից հետո տեսակետներ ներկայացրին խորհրդարանի քաղաքական ուժերը:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացրեց Ռուբիկ Հակոբյանը: Պատգամավորը կոչ արեց ներկաներին դեմ քվեարկել օրինագծերի փաթեթին եւ անհապաղ զբաղվել Սեւանի հարցով:

Ներկայացնելով ՀԱԿ խմբակցության բացասական տեսակետը` Հրանտ Բագրատյանը նույնպես կոչ արեց դեմ քվեարկել: Հրանտ Բագրատյանի կարծիքով` ջրօգտագործման ոլորտում անհրաժեշտ է կատարել բարեփոխումներ:

ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ Վարդան Այվազյանը: Նա տեղեկացրեց, որ մինչեւ 2002թ. գրանցվել է Սեւանի ջրի մակարդակի իջեցում, իսկ 2002-2012 թվականներին` 412 սմ. բարձրացում: Վարդան Այվազյանն անհրաժեշտ համարեց   ոռոգման  նպատակով Սեւանա լճից ջրի հավելյալ բացթողումը:  Նա տեղեկացրեց, որ ՀՀԿ-ն քվեարկելու է հօգուտ օրինագծերի փաթեթի:

ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Սամվել Բալասանյանը: Պատգամավորը կարծում է, որ ջրամբարները ճիշտ օգտագործելու արդյունքում կխնայվեն Հայաստանի ջրային ռեսուրսները: Նա առաջարկեց քննարկվող հարցը մանրակրկիտ ուսումնասիրելու համար ստեղծել ենթահանձնաժողով, կազմակերպել խորհրդարանական լսումներ: Սամվել Բալասանյանը նշեց, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու օրինագծերի փաթեթին:

Եզրափակիչ ելույթում Անդրանիկ Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց Ազգային ժողովին շահագրգիռ եւ բովանդակալից քննարկումների համար եւ հորդորեց հավանություն տալ օրինագծերի փաթեթին:

Քննարկվող հարցի ավարտից հետ անցկացվեցին քվեարկություններ:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ «Սեւանա լճի մասին» ՀՀ  օրենքում լրացում կատարելու մասին», «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի  փաթեթը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց 2012 թվականի մայիսի 3-ին Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված «Ջրամատակարարման եւ ջրահեռացման սեկտորի ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը:

Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ ըստ համաձայնագրի` Ասիական զարգացման բանկը հանրապետության ավելի քան 100 բնակավայրերում  ջրամատակարարման բաշխիչ ցանցեր կառուցելու եւ վերականգնելու նպատակով կտրամադրի 40 մլն դոլար: Վարկային այս միջոցները կուղղվեն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման տարածքի համայնքներին: Ոլորտի պատասխանատուի տեղեկացմամբ` նախատեսված համայնքներում միջինը 3 ժամով կավելանա ջրամատակարման ծավալը, նաեւ` վարակազերծման արդյունքում կբարելավվի ջրի որակը:

Կառավարության ներկայացուցիչը նշեց, որ վարկի տրամադրման ժամկետը  32 տարի է. ծրագիրը ենթադրվում է ավարտել մինչեւ 2017 թվականի ապրիլի 30-ը:

Քննարկվող հարցի վերաբերյալ իրենց դրական եզրակացությունները ներկայացրին գլխադասային հանձնաժողովների` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Վահան Բաբայանը` տեղեկացնելով, որ թեեւ իրենց խմբակցությունը դեմ է արտաքին պարտքի կուտակմանը, բայց հաշվի առնելով ջրամատակարարման ոլորտում կուտակված հիմնախնդիրները` խմբակցությունը որոշել է կողմ քվեարկել վարկային համաձայնագրին:

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ քվեարկությամբ ընդունեց նստաշրջանի օրակարգում ընդգրկված օրինագծերը եւ վավերացրեց «Ջրամատակարարման եւ ջրահեռացման սեկտորի ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը:

Ազգային ժողովը սպառեց օրակարգի հարցերը եւ ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը:


22.06.2012
Գերմանիայի դեսպանի հրաժեշտի այցը խորհրդարան
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 22-ին ընդունեց ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդթին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Խորհրդարանի նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին  հայ-գերմանական միջպետական եւ միջխորհրդարանական հարաբերություններում ունեցած նե...

22.06.2012
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Հունիսի 22-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին` ընտրելու հանձնաժողովների նախագահների տեղակալներին եւ  հաստատելու հանձնաժողովների  կանոնակարգերը: Այսպիսով` ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ԲՀԿ խմբ...

22.06.2012
ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմասնակցի ԵԽԽՎ նստաշրջանի երրորդ մասին
ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հունիսի 25-29-ը կմասնակցի Ստրասբուրգում կայանալիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի երրորդ մասին: ՀՀ խորհրդարանական պատվիրակության ղեկավարն է Դավիթ Հարությունյանը, կազմում են` Հերմինե Նաղդալյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը ե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am