National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.6.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
20.06.2012
Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվեց ՀՀ կառավարության ծրագիրը
1 / 11

Ազգային ժողովը, առաջնորդվելով Սահմանադրության 74-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 106-րդ հոդվածներով, հունիսի 20-ին սկսեց «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» որոշման նախագծի քննարկումը: Կառավարության ծրագրի քննարկման հարցը ընդգրկված էր հինգերորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի օրակարգում, իսկ նստաշրջանի աշխատանքն ընդհատվել էր խորհրդարանի ղեկավար կազմի ու հանձնաժողովների նախագահների ընտրությունից հետո, մինչեւ որ կառավարությունը կներկայացներ իր գործունեության ծրագիրը:

Մինչ օրակարգային հարցին անդրադառնալը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունեց առաջին անգամ ԱԺ նիստին մասնակցող «Ժառանգություն» եւ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունների պատգամավորներին: Նրանք, ինչպես նաեւ ՀՀԿ եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների համամասնական ցուցակով պատգամավորական մանդատ ստացած Հովհաննես Սահակյանը եւ Հովհաննես Մարգարյանը, ովքեր փոխարինում են գործադիրում պաշտոն ստանձնած Գագիկ Բեգլարյանին եւ Սամվել Թադեւոսյանին, ԱԺ կանոնակարգի համաձայն, նիստում երդվեցին:

ԱԺ կանոնակարգի 14-րդ հոդվածի սահմանած կարգով` նիստում խորհրդարանական երեք քաղաքական ուժեր` ՀՅԴ , «Ժառանգություն» եւ ՀԱԿ խմբակցությունները, հայտարարեցին  ընդդիմադիր լինելու մասին:

Խորհրդարանական ընտրություններից հետո նոր կազմավորված կառավարության ծրագիրը օրենսդիրի գնահատմանը ներկայացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մինչ ծրագրի առաջնահերթությունները ներկայացնելը վարչապետը շնորհավորեց պատգամավորներին ընտրվելու կապակցությամբ եւ մաղթեց արդյունավետ օրինաստեղծ աշխատանք: Վարչապետն իր ելույթն սկսեց այն համոզմունքով, որ  յուրաքանչյուրին, անկախ կուսակցական պատկանելությունից, միավորում է համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման վեհ գաղափարը:

Վարչապետի խոսքով` որակյալ աշխատատեղերի սակավությունը, արտագաղթը, աղքատությունը  շարունակում են մնալ առաջնային լուծում պահանջող խնդիրներ, իսկ կոռուպցիան չի հաջողվել արմատախիլ անել ամբողջությամբ: Ըստ Տիգրան Սարգսյանի` անելիքներ կան նաեւ մրցակցային հավասար պայմաններ ստեղծելու ուղղությամբ. գերիշխող դիրքի չարաշահումը տնտեսության մեջ հաճախ հանդիպող երեւույթ է: Որպես չլուծված խնդիր, վարչապետը մատնանշեց նաեւ դատաիրավական համակարգի նկատմամբ  հասարակության վստահության ցածր  մակարդակը: Կառավարության ծրագիրը, բանախոսի ներկայացմամբ, ուղղված է լինելու վերոնշյալ խնդիրների վերացմանը:

 Խորհրդարան ներկայացված ծրագիրը կազմվել է` հաշվի առնելով ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության, ՀՀ նախագահի, Հայաստանի հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների նախընտրական ծրագրերի հիմնական դրույթները, խորհրդարանական այլ կուսակցությունների` նշված փաստաթղթերի հետ համադրելի  գաղափարները: Վարչապետի բնորոշմամբ` վերջին տարիները մեր պետության համար նոր մարտահրավերների ու բարդ փորձությունների հաղթահարման ժամանակաշրջան էին, եւ այս ընթացքում հաջողվել է էապես մեղմել ներքին քաղաքական պառակտվածությունն ու անհանդուրժողականության դրսեւորումները` չեզոքացնելով ներդրումային ու բիզնես միջավայրի վրա դրանց բացասական ազդեցությունը: Իշխանությունները, վարչապետի խոսքով, կարողացել են երկիրը զերծ պահել մեր հարեւանությամբ ընթացող պատերազմական գործողությունների ցնցումներից, ապահովել երկրի անվտանգությունը, մեղմել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքները` այդ թվում եւ սոցիալական: Կառավարության ծրագրի հիմքում երեք հիմնական գերակայություններ են` տնտեսության մրցունակության բարձրացում` որպես երկարաժամկետ կայուն աճի գլխավոր պայման, մարդկային կապիտալի եւ ինստիտուցիոնալ  կարողությունների զարգացում: Կառավարության ծրագրում շարադրված են այս առաջնահերթություններն իրագործելու համար անհրաժեշտ գործողությունները: Կառավարության առաջիկա հինգ տարիների գործունեության  արդյունքում ակնկալվում  է 5-7 տոկոս տնտեսական աճ, նվազագույն աշխատավարձի կրկնապատկում, աղքատության կրճատում` 8-10 տոկոսով, 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում, պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճ` տարեկան ՀՆԱ-ի 0,3-0,4 տոկոսի չափով, ներմուծման նկատմամբ արտահանման ծավալների ավելացում եւ այլն: Կառավարությունը ծրագրում է տնտեսական աճի հայեցակարգից անցնել տնտեսական զարգացման հայեցակարգի` առաջնորդվելով այն սկզբունքով, որ տնտեսական աճի բարձր տեմպերը դեռ բավարար չեն մրցունակ տնտեսություն ունենալու համար: Տնտեսական աճը, վարչապետի համոզմամբ, չի կարող լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները, եթե հիմնված չէ  տնտեսության  նոր ոլորտների ու գործունեության նոր տեսակների, համաշխարհային շուկայում մրցունակ ապրանքների արտադրության վրա: Այս նպատակով կառավարությունն առանձնացրել ու կարեւորել է իր ծրագրում արդյունաբերական քաղաքականությունը, ինչպես նաեւ փոքր ու միջին բիզնեսի կայացման ու զարգացման երաշխիքների ստեղծումը: 2012-2017 թթ. տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններից է լինելու համագործակցությունը պետության ու մասնավոր հատվածի միջեւ:

Առանձին ոլորտներում իրականացվելիք քաղաքականությունը նկարագրելուց բացի, կառավարության ներկայացրած փաստաթղթում տեղ է հատկացված նաեւ ծրագրի իրագործման արտաքին ռիսկերին:  Որպես այդպիսիք` նշված են համաշխարհային տնտեսական աճի ցածր տեմպերը, եվրոպական բանկերի վճարունակության հարցն ու դեֆոլտի հնարավորությունը եվրագոտում: Այդ ռիսկերը կարող են բերել արտաքին միջոցների ներգրավման նվազմանը:

Վարչապետը խորհրդարանում իր ելույթը եզրափակեց Հանրապետության նախագահի խոսքերով. «Նոր Հայաստան կերտելու պատմական հնարավորւթյունը մեր ձեռքերում է, առանց չափազանցության` մեզանից յուրաքանչյուրի ձեռքում, եւ մենք դա անելու ենք»:

Տիգրան Սարգսյանը պատասխանեց նաեւ հերթագրված 20 պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին ծրագրում տեղ գտած հիմնական առաջնահերթություններին, մասնավորապես տնտեսության մեջ մրցունակության ապահովման, հարկային վարչարարության, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, արտագաղթի կանխարգելման, աղքատության նվազեցման, աշխատատեղեր ստեղծելու ուղիներին ու քաղաքականությանը: 
  
  Կառավարության ծրագրի վերաբերյալ տեղի ունեցավ մտքերի փոխանակություն,  իրենց կարծիքներն ու դիրքորոշումները հայտնեցին  ԱԺ պատգամավորները:

ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արա Բաբլոյանը եւ Արտակ Զաքարյանը, բարձր գնահատելով կառավարության գործունեության ծրագիրը,  նկատեցին, որ այն առաջ է քաշում ժողովրդի կենսամակարդակի բարելավմանն ուղղված մի շարք ողջունելի դրույթներ` նպատակ ունենալով բարձրացնելու կրթության, բուժսպասարկման որակը, վերացնելու աղքատություն եւ անհավասարություն ծնող պատճառները, ապահովելու մարդու եւ բնության ներդաշնակ զարգացումը, բարելավելու սոցիալ-տնտեսական իրավիճակը, ամրապնդելու պետության պաշտպանունակությունը, ապահովելու օրենքի գերակայությունը:

ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի, ՀԱԿ խմբակցության անդամներ Հրանտ Բագրատյանի եւ Նիկոլ Փաշինյանի կարծիքները կառավարության ներկայացրած ծրագրի վերաբերյալ բացասական էին, քանի որ, ըստ նրանց, քննարկման ներկայացված ծրագրի դրույթներն ընդհանրական են, նշված չեն  իրագործման հստակ մեխանիզմները, եւ կառավարության ծրագիրը չի արտացոլում հայաստանյան իրականությունը:

Արտահերթ ելույթում ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների հնչեցրած քննադատություններին, տվեց պարզաբանումներ: Ըստ նրա` ներկայացված ծրագիրը գրված է բավականաչափ հստակ, պարզորոշ նշված են նաեւ ծրագրերի իրագործման մեխանիզմները:

Նախարարը նկատեց, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամով պայմանավորված` համաշխարհային տնտեսության մեջ զարգացման միտումները դանդաղել են, առկա են անորոշություններ: Միջազգային մի խումբ կազմակերպությունների կանխատեսմամբ` համաշխարհային տնտեսության զարգացումը մոտ ապագայում տատանվելու է 2-3 տոկոսի սահմաններում, ինչը չի կարող ազդեցություն չունենալ Հայաստանի տնտեսության վրա:

ՀԱԿ խմբակցությունից Ստեփան Դեմիրճյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Ալեքսանդր Արզումանյանը, ՀՅԴ խմբակցությունից Աղվան Վարդանյանը, Վահան Հովհաննիսյանը արձանագրեցին, որ ծրագիրը անորոշ է, չհիմնավորված, ներկայացված չեն նշված ոլորտների զարգացման մեխանիզմներն ու ուղիները, ուստի իրենք դեմ են քվեարկելու կառավարության ներկայացրած ծրագրին:

ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, Վարդան Օսկանյանը, Վահե Հովհաննիսյանը նույնպես ներկայացրեցին իրենց տեսակետները կառավարության թերացումների շուրջ:

ՀՀԿ խմբակցության անդամներ Արտակ Դավթյանը, Դավիթ Հարությունյանը, Կորյուն Նահապետյանը նկատեցին, որ քննադատությունը չի արտացոլում այն իրավիճակը, որ կա երկրում, կառավարության ծրագիրը հիմնավորված  է եւ ենթածրագրերի հետեւողական մշակմամբ հնարավոր կլինի արդյունավետորեն կյանքի կոչել այն: Նրանք  հայտարարեցին, որ իրենք աջակցում են եւ կողմ են քվեարկելու կառավարության ներկայացրած ծրագրին:

ԱԺ խմբակցություններում չընդգրկված, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ծրագրի  արդյունավետ իրականացումը պայմանավորեց նաեւ  հասարակական կառույցների ակտիվ մասնակցությամբ ու վերահսկողությամբ:

Ազգային ժողովի հերթագրված մյուս պատգամավորները ելույթ կունենան ԱԺ հունիսի 21-ի նիստում:
 


20.06.2012
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը  Սամվել Բալասանյանի նախագահությամբ հունիսի 20 -ի նիստում քննարկեց  «Սեւանա լճի մասին»  ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  եւ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am