Տպել
09.06.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
1 / 2
Տեսանյութ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ  Աբրահամյանը  հունիսի 9-ին  ընդունեց  ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցին: Հանդիպմանը ներկա էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի ղեկավար Արտակ Դավթյանը:

 ԱԺ նախագահը գոհունակությամբ  փաստեց, որ վերջին տարիների ընթացքում հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը եւ փոխգործակցությունը ձեռք են բերել դինամիկ բնույթ: «Հայաստանը կարեւորում է Գերմանիայի  հետ հարաբերությունների զարգացումը  թե երկկողմ եւ թե  բազմակողմ ձեւաչափերով: Հայ-գերմանական համագործակցությունը մենք դիտում ենք որպես կարեւոր բաղադրիչ Հայաստանի  եվրաինտեգրման քաղաքականության  ընդհանուր համատեքստում` հաշվի առնելով Գերմանիայի ծանրակշիռ դերը Եվրամիության կառույցներում»,-նշեց պարոն Աբրահամյանը: ԱԺ նախագահի համոզմամբ`  երկու երկրների միջեւ հարաբերությունների սերտացման գործում մեծ դեր է վերապահված խորհրդարաններին եւ այդ համատեքստում կարեւորվեց  միջխորհրդարանական կապերն աշխուժացնելու, պատգամավորական բարեկամության խմբերի աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտությունը, միջազգային կազմակերպություններում երկուստեք հետաքրքրություն ներակայացնող հարցերի շուրջ համագործակցությունը:  ԱԺ նախագահի խոսքով ` Հայաստանը մեծապես շահագրգռված է Գերմանիայի հետ առեւտրատնտեսական կապերի շարունակական զարգացմամբ ու խորացմամբ:

Ռուպրեխտ Պոլենցը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ շնորհավորեց Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Նա նույնպես կարեւորեց հայ-գերմանական հարաբերությունների  էլ ավելի զարգացումը եւ խորացումը:

Հանդիպման ընթացքում անդրարդարձ եղավ տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը եւ հայ- թուրքական հարաբերություններին: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում, խաղաղ բանակցային ճանապարհով եւ հավատարիմ է իր այդ դիրքորոշմանը: Պարոն Պոլենցի համոզմամբ  նույնպես հիմնախնդիրը պետք է կարգավորվի Մինսկի խմբի շրջանակում:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: