National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
31.5.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
31.05.2012
Հովիկ Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրվելու կապակցությամբ

Հարգելի գործընկերներ,

Տիկնայք եւ պարոնայք,

Շնորհակալ եմ Ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնում իմ թեկնածությունը կրկին առաջադրելու համար: Նախ եւ առաջ երախտապարտ եմ Հանրապետության Նախագահին նման վստահության համար, երախտագիտության իմ խոսքն եմ ուղղում նաեւ իմ հարազատ կուսակցությանը, բոլոր իմ գործընկերներին:

Հայաստանի Հանրապետության 5-րդ գումարման խորհրդարանը` այս խորհրդարանը, ներկայացուցչական մարմին է բառի ամենաուղղակի իմաստով. այսօր Ազգային ժողովում ներկայացված է Հայաստանի գրեթե ողջ քաղաքական դաշտն իր ամենալայն ներկապնակով: Ուրախ եմ, որ մեզ հաջողվել է լավ ընտրությունների միջոցով ձեւավորել ուժեղ օրենսդիր մարմին: Վստահ եմ, որ ներկա Ազգային ժողովը մեր երկրում պառլամենտարիզմի ավանդույթները նոր մակարդակի է բարձրացնելու եւ դառնալու է քաղաքական միջավայրի հասունության իսկական խորհրդանիշ:

Ասել, որ մեծ հպարտություն ու լուրջ պատասխանատվություն եմ համարում նման խորհրդարանի ղեկավարի պաշտոնին առաջադրվելը, նշանակում է քիչ բան ասել: Ես լավ պատկերացնում եմ` ինչպիսի դերակատարություն է վերապահվելու Ազգային ժողովի նախագահին եւ հաստատապես պատրաստ եմ դրան:

Դեռ ընտրապայքարի ընթացքում ուշադրությամբ հետեւել եմ այսօր արդեն խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի կողմից բարձրաձայնվող նպատակադրումներին եւ ուսումնասիրել եմ բոլոր ծրագրերը: Տեսել եմ ահռելի ընդհանրություն հնչեցված խոսքի ու հռչակած մտադրությունների մեջ.

- բոլորն էլ առաջ էին քաշում սեփական ուժերին հավատալու անհրաժեշտությունը,

- բոլորն էլ պնդում էին փոփոխությունները շարունակելու կարիքը,

- բոլորն էլ ասում են, որ անհրաժեշտ է շարունակել պայքարը մեր կյանքի արատավոր երեւույթների դեմ,

- բոլորն էլ խոսում են մարդու, որպես մեր երկրի ամենաէական եւ հիմնարար արժեքի մասին:

Դա շատ լավ է:

Դա նշանակում է, որ մեր հասարակությունը կայացել է որպես հավաքական պահանջարկ ձեւավորող սուբյեկտ:

Դա նշանակում է, որ այդ կայացումն արդեն անշրջելի է:

Դա նշանակում է, որ մեր երկրի բոլոր ուժերը ակամայից համաձայնության են եկել ընդհանուր արժեքային համակարգի շուրջ:

Վերջիվերջո, դա նշանակում է, որ մենք բոլորս էլ, որքան էլ իրար քննադատենք, իրականում իրար շատ մոտ ենք մեր երկրի ապագայի պատկերացումների առումով եւ պատրաստ ենք միեւնույն ճիշտ ուղղությամբ տանել մեր երկրի զարգացումը:

Ես հավատում եմ, որ մենք բոլորս էլ մեր երկրի հայրենասեր քաղաքացիներն ենք: Եվ այս տրամաբանությամբ կառուցված ընտրապայքարում հաղթել է ոչ թե մեկ քաղաքական ուժ, այլ ամբողջ Հայաստանը եւ մեր ժողովուրդը:

Համոզված եմ, որ սա միայն ու միայն ավելի ուժեղ է դարձնելու մեր երկիրը: Վստահ եմ, որ դրանում շատ արագ կհամոզվենք Ազգային ժողովի գործունեության արդեն առաջին մի քանի ամիսների ընթացքում:

Եկել է աշխատելու ժամանակը:

Ու պիտի աշխատենք բոլորս միասին: Որովհետեւ մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները կարելի է միայն համագործակցաբար լուծել, որովհետեւ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը կարելի է միայն միասնաբար բարձրացնել:

Հարգելի գործընկերներ,

Ազգային ժողովի գործունեության վերաբերյալ իմ ծրագրային մոտեցումները չեն փոխվել: Ընդհակառակը, անցած տարիների ընթացքում, հասցնելով տիրապետել խորհրդարանի գործունեության ամենաաննկատ կողմերին, անտեսանելի նրբություններին, ես այսօր առավել քան վստահ եմ ուժեղ եւ արդյունավետ խորհրդարանի վերաբերյալ իմ մոտեցումներում:

1. Այսօր էլ կրկնում եմ, որ խորհրդարանի բնականոն եւ արդյունավետ գործունեության համար առաջնային նշանակություն ունի փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության եւ գործընկերության մթնոլորտի ապահովումը: Այս առումով պատահական չէ, որ ստանալով Ազգային ժողովում քաղաքական մեծամասնություն, Հանրապետական կուսակցությունը, ինչպես եւ նախկինում, այսօր էլ հանդես է գալիս որպես հանրային համերաշխության եւ բազմակողմանի համագործակցության համոզված կողմնակից:

Հինգ տարի մենք աշխատելու ենք միասին: Շատ բան ենք իմանալու միմյանց մասին, բազմաթիվ շինծու միֆեր են ցրվելու, շատ առիթներ են լինելու ներքուստ համոզվելու նախկին որոշ պատկերացումների կեղծության մեջ եւ կրկին հիշելու, որ պարտադիր չէ, որ մեր մտավախությունները լինեն դիմացինի մտադրությունները: Այս խորհրդարանը լավ խորհրդարան է լինելու եւ հեղինակության խնդիր չի ունենալու: Համենայն դեպս ես եռանդ չեմ խնայի դրա համար:

Ամեն ինչ անելու եմ նաեւ, որ ցանկացած բանավեճ կամ անհամաձայնություն երբեւէ չանդրադառնա խորհրդարանի բնականոն գործունեության եւ աշխատանքային մթնոլորտի վրա:

2. Ազգային ժողովը քաղաքական կյանքի առաջնային ամբիոնն է: Սա է քաղաքական բանավեճի բարձրագույն հարթակը: Այս դահլիճում են սկսվելու եւ ավարտվելու քաղաքական մտքի բոլոր հիմնական զարգացումները մեր երկրում եւ այստեղ են հատվելու Հայաստանի զարգացման ուղու վերաբերյալ մոտեցումներն ու տարբերվող տեսակետները: Ես եռանդ չեմ խնայելու բաց, ակտիվ եւ ծանրակշիռ դերակատարությամբ Ազգային ժողով կայացնելու ճանապարհին: Միասին ենք կայացնելու:

Օրինաստեղծ աշխատանքը դնելու ենք պրոֆեսիոնալ հիմքերի վրա: Ինչ խոսք, միշտ էլ կլինի պոպուլիստական հռետորաբանություն, կլինեն երեւակայականը իրականի տեղ մատուցելու փորձեր, եւ դա բնական է: Բայց դա լինելու է բացառությունը, ոչ թե օրինաչափությունը, իսկ օրինաչափությունը լուրջ, համակողմանի կշռադատված, ամենօրյա հետեւողական օրինաստեղծ աշխատանքն է լինելու, ինչի համար էլ մենք առաջին հերթին հավաքվել ենք այստեղ:

3. Ազգային ժողով-կառավարություն հարաբերությունները տեսնում եմ դինամիկ զարգացման հարթությունում: Այո, կառավարությունը ձեւավորում է իշխող քաղաքական ուժը եւ ես, որպես այդ քաղաքական ուժի ներկայացուցիչ, ունեմ կառավարության գործունեության վրա ազդելու ներկուսակցական հարթությունը: Միեւնույն ժամանակ ես համոզված եմ, որ անկախ առկա այլ մեխանիզմերից, Ազգային ժողովն է, որ պետք է եւ կարող է առավել ընդգրկուն կերպով դիտարկել իրականացվող քաղաքական տարբեր ասպեկտները եւ նոր երանգներ հաղորդել: Չկասկածեք, որ որպես խորհրդարանի նախագահ ես չեմ վարանելու լինել կառավարության քննադատը բոլոր այն հարցերում, որոնք, իմ կարծիքով, լուծվում են անբավարար արդյունավետությամբ կամ արագությամբ: Միեւնույն ժամանակ ամբոխահաճո կամ ինքնանպատակ քննադատության դեպքում լինելու եմ կառավարության առաջին պաշտպանը, քանի որ ինձ համար չկան ինքնանպատակ գերատեսչական կամ կուսակցական շահեր, կա միայն Հայաստանի ու մեր ժողովրդի շահը, եւ հանուն դրա իրականացվող գործունեությունն եմ միայն համարում արդարացված:

4. Եվ վերջապես, ներկա իրողությունների պայմաններում մենք պետք է լուրջ տեղ հատկացնենք խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը: Մեր որոշ հարեւաններ լայն թափով հակահայ գործունեություն են ծավալում աշխարհի գրեթե բոլոր քաղաքական հարթակներում: Նման ռեսուրսների դիմաց մենք պարտավոր ենք առավել արդյունավետ օգտագործել մեր բոլոր հնարավորություններն ու մեխանիզմները: Այս հարցում մեծ դեր ունի նաեւ խորհրդարանը, եւ մենք բոլորս շատ ակտիվ պետք է լինենք ամենատարբեր ձեւաչափերում մեր երկրի շահերին հետամուտ լինելու հարցում:

Սրանք էին իմ հիմնական մոտեցումները Ազգային ժողովի գործունեության առանցքային ուղղությունների վերաբերյալ: Դրանք չեն փոխվել վերջին տարիների ընթացքում: Փոխվել են միայն իմ համոզմունքները խորհրդարանի, համագործակցային միջավայրի եւ համատեղ աշխատանքի դրական ներուժի մասին: Դրանք շատ ավելի ամուր են դարձել: Եվ ես պատրաստ եմ իմ այդ համոզմունքներով վարակել յուրաքանչյուրին:

Մեկ անգամ եւս շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու եւ ինձ աջակցելու համար:

Շնորհակալություն:
 
 


31.05.2012
Մեկնարկեց ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը
Մայիսի 31-ին Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո մեկնարկեց ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: ՀՀ ԱԺ կանոնակարգի համաձայն` մինչեւ նորընտիր Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նիստերը վարեց տարիքով ավագ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am