Տպել
19.05.2012
Հարգանքի տուրք` Թուրքիայի կողմից հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին
1 / 5

Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ, ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության  գործերի ժամանակավոր հավատարմատար Վասիլիկի Դիկոպուլոն, Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների միության նախագահ Արկադի Խիտարովը, հոգեւոր դասի եւ հունական համայնքի ներկայացուցիչներ այցելեցին Ծիծեռնակաբերդ: Պարոն Շարմազանովը Հայաստանի օրենսդիր իշխանության անունից ծաղկեպսակ դրեց Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին: 
  
Ներկաները լռությամբ հարգեցին Փոքր Ասիայի տարածքում 1923 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ 
  
ՀՀ ԱԺ փոխնախագահը, դատապարտելով 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից Փոքր Ասիայի տարածքում կազմակերպված ոճրագործությունը, նշեց. «Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության միջազգային դատապարտման ուղղությամբ։ Հայաստանի խորհրդարանն ապրիլի 24-ին հանդես է եկել կոչով, որպեսզի միջազգային հանրությունը դատապարտի ոչ միայն Հայոց, այլեւ հույն եւ ասորի ժողովուրդների ցեղասպանությունը։ Մենք պետք է միավորենք մեր ջանքերն այս ուղղությամբ, որովհետեւ ցեղասպանության ժխտումը նույնքան վտանգավոր է, որքան ցեղասպանություն կատարելը։ 21-րդ դարում ժխտողականությունը նույնքան վտանգավոր է եւ, այս իմաստով, ես շնորհակալ եմ մեր հասարակությանը, որ մենք շատ պատվախնդիր ենք եւ գնում ենք ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման ու դատապարտման ուղղությամբ։ Այլ ճանապարհ չկա, եւ ուշ թե շուտ Թուրքիան պետք է ճանաչի թե Հայոց, թե Պոնտոսի հույների, թե ասորիների եւ ազգային այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը, որովհետեւ միայն դատապարտելով, միայն հաշտվելով իր պատմության հետ՝ Թուրքիան կարող է ապացուցել, որ եվրոպական քաղաքակրթության կրող է, թեեւ ես դրանում խորապես կասկածում եմ»։