Տպել
15.05.2012
Կորեայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ
1 / 5

Եռօյա այցով Հայաստանում գտնվող Կորեայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Հոն Ջաե Հյոնի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ, այցելեց Ծիծեռնակաբերդ։

Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ հարգեցին մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

Կորեայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության անդամները եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, մեծ հետաքրքրությամբ դիտեցին ցուցանմուշները։

Հոն Ջաե Հյոն «Պատվո հյուրերի» հուշամատյանում գրառեց. «Ծանր զգացողություն ունեցա տեսնելով եւ լսելով 20-րդ դարի ընթացքում տեղի ունեցած ողբերգության մասին։ Հուսով եմ, որ նման ողբերգություններ երբեւէ չեն կրկնվի»։

Պատվիրակության ղեկավարը պատասխանելով լրագրողների հարցերին՝ նշեց. «Հայաստանը եւ Կորեան ունեն բազմադարյա  պատմություն։  Երկու ժողովուրդներն էլ բազում դժվարություններ են տարել, անցել փորձությունների միջով։ Այժմ երկու երկրներն էլ բռնել են զարգացման եւ ժողովրդավարության ուղին։

Կորեայում Հայոց ցեղասպանության մասին քչերը գիտեն։ Ներկայում տարվում են աշխատանքներ՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ներկայացնելու ուղղությամբ։ Մեր խորհրդարանի պատգամավոր Նահ Յոուն Մին գիրք է գրել, որի առաջին մասում մանրամասն ներկայացված է Հայոց ցեղասպանությունը»։

 Նահ Յոուն Մինը լրագրողներին ներկայացնելով իր գիրքն ասաց, որ գրելու պատճառը  եղել է այն մտահոգությունը, թե ինչպես է նման ողբերգություն պատահել 20-րդ դարի առաջին կեսին։ «Հրեաների հոլոքոստը ճանաչվել է, կարծում եմ ժամանակին ողջ մարդկության կողմից կճանաչվի նաեւ Հայոց ցեղասպանությունը ։ Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Ֆեյսբուքում ես նշում եմ, որ Հայոց ցեղասպանության օրն է»։

Պատգամավոր Նահ Յոուն Մին նույնպես գրառում կատարեց «Պատվո հյուրերի» հուշամատյանում. «Ցանկանում եմ, որ երբեք չմարող կրակի նման համայն հայությունը միասին ապրի։ Նման ողբերգությունները երբեք չպետք է կրկնվեն, իսկ ոճրագործության կազմակերպիչները պետք է պատասխանատվություն կրեն»։
 


15.05.2012
ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը մեկնել է Սանկտ Պետերբուրգ
ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը մայիսի 15-18-ը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին, ինչպես նաեւ ՄԽՎ Խորհրդի, երեք մշտական հանձնաժողովների նիստերին: Հայկական պատվիրակությունը գլխավորում է ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, կազմում են պատգամավորներ Արտակ Դ...