Տպել
12.05.2012
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց արտասահմանցի լրագրողների հետ
1 / 3
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 12-ին հանդիպեց 24 երկրներ ներկայացնող 35   լրագրողների հետ, որոնք  «Երիտասարդությունը մեդիայի համար. եվրոպական ցանց» միջազգային կազմակերպության եւ Հայաստանի ռազմավարական մշակումների կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստան էին ժամանել` մասնակցելու լրագրողների համար կազմակերպված ուսումնական սեմինարներին:

ԱԺ փոխնախագահը ողջունեց երիտասարդ լրագրողներին` կարեւորելով տարբեր երկրներում քաղաքացիական հասարակության ձեւավորման, ժողովրդավարության հաստատման ու ամրապնդման գործում նրանց առաքելությունը:

Պարոն Շարմազանովն անդրադարձավ մեկ շաբաթ առաջ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, որոնք նրա գնահատմամբ`   Հայաստանի ժողովրդավարացման նոր շրջադարձի սկիզբ ու երկրի   դեմոկրատական զարգացումները նախանշող անդառնալի գործոն դարձան:

ԱԺ փոխնախագահը մեր երկրի առաջընթացի ու ժողովրդավարացման արդյունավետությունը պայմանավորեց նաեւ երիտասարդության ակտիվությամբ ու նրանց համար Հայաստանի իշխանությունների  ստեղծած ինքնադրսեւորման հնարավորությամբ: Երիտասարդները Հայաստանում  իրենց գործունեությունն իրականացնում են հասարակական ու քաղաքական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների, գիտական ընկերությունների, մարզային երիտասարդական կենտրոնների միջոցով: Նա երկրի  առաջընթացը պայմանավորեց նաեւ գիտելիքահենք տնտեսության ստեղծմամբ, որտեղ իրենց ավանդը պետք է ունենան բանիմաց, ազատ մտածող ու մրցունակ երիտասարդները:

Էդուարդ Շարմազանովը պատասխանեց նաեւ  լրագրողների հարցերին` անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարեւորությանը, հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նպատակով Հայաստանի կատարած քայլերին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը, Հայաստանի բազմավեկտոր ու հավասարակշռված արտաքին քաղաքականությանը:

Նրա գնահատմամբ` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ Հայաստանը հստակ քայլեր է ձեռնարկում ոչ միայն այն պատճառով, որ  պատմական ճշմարտությունը բոլորն իմանան, այլ  որպեսզի հետագայում կանխվեն նման ոճիրները. դա մարդու իրավունքների պաշտպանությանը միտված կարեւորագույն քայլերից մեկը պետք է լինի միջազգային հանրության համար:

Պարոն Շարմազանովը խոսեց նաեւ առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու Հայաստանի պատրաստակամության, նախապայմանների լեզվով Հայաստանի հետ խոսելու թուրքական քաղաքականության սնանկության ու միջազգային երեք սկզբունքների` ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա ու Մինսկի խմբի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու անհրաժեշտության մասին:

Լրագրողների խնդրանքով անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածությանը` ԱԺ փոխնախագահն ասաց. «Հայաստանը ժողովրդավարացման ճանապարհը բռնած երկիր է, այս առումով եվրոպական արժեքները հոգեհարազատ են մեզ, իսկ մեր որդեգրած եվրաինտեգրման քաղաքականությունը` անդառնալի: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը եվրոպամետ  կամ էլ, ասենք, ռուսամետ ու ամերիկամետ է. Հայաստանը հայամետ քաղաքականություն է վարում: Այս առումով մեր արտաքին քաղաքականությունը բազմավեկտոր է ու հավասարակշռված»:  
 


12.05.2012
Սամվել Նիկոյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկային
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 12-ին  ընդունեց  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար  Ռադմիլա Շեկերինսկային: Ողջունելով հյուրին` պարոն Նիկոյանը շնորհակալություն հայտնեց մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում աշխույժ դիտորդական առաքելություն իրական...