Տպել
03.05.2012
Գալուստ Սահակյանն ընդունեց Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանին
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամության խմբի ղեկավար Գալուստ Սահակյանը մայիսի 3-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանին:

Պարոն Սահակյանը բարձր գնահատեց հայ-իրանական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում իրանցի դիվանագետի կատարած աշխատանքը եւ ափսոսանք հայտնեց, որ նա  ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Իրանի դեսպանը շնորհակալություն հայտնեց  իր պաշտոնավարման տարիներին   հայ ժողովրդի ու իշխանությունների ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար եւ հավաստիացրեց, որ ինքը միշտ կմնա հայ ժողովրդի բարեկամը:   Նրա գնահատմամբ` շատ մեծ է եղել  Գալուստ Սահակյանի դերակատարությունը հայ-իրանական հարաբերությունների զարգացման ու երկու երկրների միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում:

Երկուստեք կարեւորելով հայ-իրանական տնտեսական կապերի դինամիկ առաջընթացը` միաժամանակ արձանագրեցին, որ այդ հարաբերությունների զարգացման, ապրանքաշրջանառության մեծացման էլ ավելի մեծ հեռանկարներ կան, որոնք պետք է օգտագործել` ի շահ երկու  ժողովուրդների բարեկեցության: Կողմերը բարձր գնահատեցին տարածաշրջանային խաղաղությանը միտված երկու երկրների  հավասարակշռված քաղաքականությունն ու ցանկացած խնդիր բանակցային ճանապարհով լուծելու ջանքերը` համոզմունք հայտնելով, որ այդ գործոններով  են պայմանավորված տարածաշրջանի երկրների կանխատեսելի լինելն  ու նրանց կայուն զարգացումը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ Հայաստան-Իրան միջխորհրդարանական հարաբերությունների, կրթական-մշակութային  կապերի, զբոսաշրջության զարգացմանն ու տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր: