Տպել
18.04.2012
Խորհրդարանի նախագահն ընդունեց ապագա տնտեսագետներին
1 / 4

Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ապրիլի 18-ին հանդիպեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետ:

Խորհրդարանի ղեկավարը ուսանողներին հրավիրեց ազատ ու անկաշկանդ  զրույցի` նշելով, որ  օրենսդիր մարմին այցելությունը, ուսուցողական լինելուց բացի,  լավ փորձ է ու  տեղեկություն ստանալու միջոց:

ԱԺ նախագահը ուսանողներին ներկայացրեց խորհրդարանի հիմնական գործառույթները` մանրամասնելով օրինաստեղծ աշխատանքի  առանձնահատկությունները, այդ թվում`  իշխանություն-ընդդիմություն համատեքստում: Նշվեց, որ հիմնական գործնական աշխատանքը կատարվում է մասնագիտացված  տասներկու հանձնաժողովներում: Խորհրդարանի ղեկավարն անդրադարձավ նաեւ իշխանության երեք թեւերի տարանջատման` Սահմանադրությամբ ամրագրված  սկզբունքին` զսպումների եւ հակակշիռների մեխանիզմը բացատրելով ապագա տնտեսագետների համար հասկանալի` բյուջետային գործընթացներով. բյուջեի նախագիծը  ներկայացնում է խորհրդարանական մեծամասնության  ձեւավորած գործադիր իշխանությունը, այն հաստատում է օրենսդիր մարմինը եւ հետագայում ստանում կառավարության  հաշվետվությունը  կատարողականի մասին: Պրն Նիկոյանը մանրամասնեց նաեւ հանրապետության նախագահի եւ խորհրդարանի փոխհարաբերությունները:

Ուսանողների հետ զրույցում ԱԺ նախագահն անդրադարձավ նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ու նախընտրական քարոզչությանը: Պրն Նիկոյանը քարոզչության ընթացքում պետության դերակատարությունը համարեց բոլոր ուժերի համար հավասար հնարավորություններ ապահովելը:

Ապագա տնտեսագետների հարցերի գերակշիռ մասը` ուղղված խորհրդարանի ղեկավարին, վերաբերում էին օրենքների ընդունմանը: Ուսանողներից մեկը նկատեց, թե օրենքների  հաճախակի փոփոխությունը դժվար է դարձնում դրանց հետեւելը : ԱԺ նախագահը նշեց փոփոխությունների հիմնական պատճառները եւ ասաց, որ օրենքի կիրառումից են ի հայտ գալիս դրա թերի կամ ուժեղ կողմերը, բացի այդ` յուրաքանչյուր  կառավարություն վարում է  տնտեսական քաղաքականություն իր գաղափարախոսությանը համահունչ: Խորհրդարանի նախագահը, համաձայնելով օրենքների հստակ ձեւակերպումների անհրաժեշտության հարցում, պարզաբանեց, որ բոլոր խնդիրները չեն կարող ստանալ օրենսդրական   կարգավորում, այդ իսկ պատճառով առավել մանրամասն լուծումներ են տրվում ենթաօրենսդրական ակտերով, ինչպես ողջ աշխարհում:

Գյումրիից ժամանած ուսանողները Աժ նախագահի տեսակետները լսեցին  նաեւ համայնքների խոշորացման, զբաղվածության խնդրի լուծման, կուսակցությունների թվի վերաբերյալ: Փոքր եւ միջին բիզնեսին աջակցելու համար հարկային արտոնություններ տրամադրելու հարցադրմանն ի պատասխան` պրն Նիկոյանն ասաց. «Պետությունը որդեգրել է հարկային արտոնությունները նվազագույնի հասցնելու քաղաքականություն: Փոխարենը փոքր բիզնեսի համար բարենպաստ միջավայր կարող են ստեղծել մրցակցային հավասար պայմանները»:

Ուսանողներին հետաքրքրում էր նաեւ խորհրդարանի աշխատանքի արդյունավետության խնդիրը: ԱԺ նախագահը նշեց, որ գնահատականն ընտրությունների միջոցով պետք է տա ժողովուրդը: Թեեւ ԱԺ-ի գործունությունը բաց է հասարակության համար եւ երբեմն քննադատության է ենթարկվում` հենց այդ հանգամանքով պայմանավորված, կա նաեւ ոչ այնքան  հրապարակային ոլորտ` խորհրդարանական դիվանագիտությունը: Աժ նախագահն արձանագրեց, որ արդյունավետ աշխատանքի շնորհիվ հաճախ է հաջողվում կանխել հակահայկական բանաձեւերի ընդունումը միջազգային կառույցներում: