Տպել
13.04.2012
ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովն ընդունեց Լատվիայի դեսպանին
1 / 2

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 13-ին հանդիպեց Հայաստանում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գինտս Ապալսին: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը:

Ողջունելով հյուրին` Աժ փոխնախագահը Հայաստանի  ու Լատվիայի  հարաբերությունները բնորոշեց որպես բարիդրացիական եւ նշեց, որ երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն քաղաքական, տնտեսական, կրթության ու մշակույթի ոլորտներում: Պարոն Շարմազանովը նկատեց, որ 21-րդ դարը  պետք է դառնա նոր դարաշրջան երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Փոխգործակցությունն ակտիվացնելու համատեքստում զրուցակիցները կարեւորեցին միջխորհրդարանական կապերի հաստատումը, ինչպես նաեւ համագործակցությունը եւ փոխադարձ աջակցությունը տարբեր ձեւաչափերի միջազգային միջխորհրդարանական կառույցներում: Կողմերը նշեցին, որ քաղաքական կուսակցությունների միջեւ շփումներն ակտիվացնելու նոր շրջանակ կարող է դառնալ նաեւ ԵԺԿ-ն, որին նոր է անդամակցել ՀՀԿ-ն: Լատվիայի դեսպանը հատկանշական համարեց, որ Լատվիայի խորհրդարանում  Հայաստանի հետ բարեկամության խումբն ամենամեծաթիվն է: Ըստ դեսպանի` սա վկայում է լատվիացիների բարեկամական վերաբերմունքն ու մեծ հետաքրքրությունը հնագույն մի երկրի նկատմամբ, որը  հաճախ է  դիմակայել դժվարություններին իր հոգեւոր եւ քրիստոնեական արժեքներով:

Աժ փոխնախագահի խոսքերով` Հայաստանն ու Լատվիան ընդհանրություններ շատ ունեն` այդ թվում եւ անկախության համար պայքարում: Նա երկու երկրներին միավորող գործոն համարեց նաեւ եվրաինտեգրումը, եւ, որպես ԵՄ անդամ երկրի, Լատվիայի փորձն ու աջակցությունն օգտակար համարեց Հայաստանի համար եվրաինտեգրման ճանապարհին:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Էդուարդ Շարմազանովը հավաստիացրեց, որ իշխանություններն ունեն քաղաքական կամք` ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար: Նրա խոսքերով` Հայաստանի համար ժողովրդավարեցումը այլընտրանք չունի, եւ դա հասկանում են բոլորը: Աժ փոխնախագահը ներկայացրեց նախընտրական գործընթացները` նշելով, որ  օրերս մեկնարկած քարոզարշավում բոլոր կուսակցություններին տրված են հավասար հնարավորություններ:

Հանդիպման ընցթացքում խոսվեց նաեւ ԼՂ հակամարտության մասին: Դեսպան Գինտս Ապալսն անդրադարձավ Եվրամիության դերակատարությանը խնդրի կարգավորման գործընթացում: Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ ԵՄ օժանդակությունը կարող է շատ կարեւոր լինել, սակայն խնդրի կարգավորման ամենաարդյունավետ եւ գործուն ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Նա համոզմունք հայտնեց, որ խնդիրը ոչ թե ձեւաչափի ընտրության մեջ է, այլ` Ադրբեջանի ապակառուցողական վարքագծի ու ռազմատենչ հայտարարությունների: «ԵՄ-ն մեզ օգնած կլինի, եթե իրերը կոչի իրենց անունով»,-ասաց պրն. Շարմազանովը եւ պարզաբանեց. «Եվրանեսթի» Բաքվում կայացած լիագումար նիստի ընթացքում Իլհամ Ալիեւի «ֆաշիստներ» անվանարկումն ուղղված հայերին այդպես էլ քննադատության չարժանացավ եվրոպացի որեւէ պաշտոնյայի կողմից:

Հանդիպման վերջում Լատվիայի դեսպանը եւս հաստատեց հարաբերություններին նոր լիցք հաղորդելու եւ շփման նոր եզրեր գտնելու անհրաժեշտությունը: Այս առումով նա կարեւորեց Աժ նախագահի ծրագրված այցը Լատվիայի Հանրապետություն:


13.04.2012
Կայացավ ԱԺ նախագահին կից մոնիթորինգային խմբի հերթական հանդիպումը
Ապրիլի 13-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ԱԺ նախագահին կից մոնիթորինգային խմբի հերթական` երրորդ հանդիպումը` մասնակցությամբ նրանում ընդգրկված կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչների: Նախորդ հանդիպմանը ԱԺ նախագահի առաջարկով հաստատված օրակարգի հ...