Տպել
05.04.2012
Հայկական պատվիրակությունն ամփոփեց Բաքվում կայացած նիստի աշխատանքները
1 / 3
Տեսանյութ

Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի` ապրիլի 2-4-ին Բաքվում անցկացված երկրորդ լիագումար նիստի աշխատանքներին:  Հայկական պատվիրակությունը ապրիլի 5-ին լրագրողներին մանրամասներ հաղորդեց թե քննարկումների, թե Ադրբեջանի մայրաքաղաքում իրենց ստացած  տպավորությունների մասին:

«Եվրանեսթ»-ում  խորհրդարանական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երկրորդ լիագումար նիստը համարեց գործնականորեն առաջին կայացածը, քանի որ նախորդում չէր հաջողվել փոխհամաձայնության գալ եւ բանաձեւեր ընդունել: Միաժամանակ նա բարձր գնահատեց եռօրյա աշխատանքների արդյունքները եւ շնորհակալություն հայտնեց պատվիրակության անդամներին համագործակցության, նաեւ` վճռականության ու խիզախության համար: Պատվիրակության ղեկավարը ճիշտ եւ արդարացված համարեց հայ խորհրդարանականների` Բաքու մեկնելու որոշումը: Լիագումար նիստից առաջ հայկական պատվիրակությունը, Վահան Հովհաննիսյանի խոսքով, ակտիվորեն ու կազմակերպված մասնակցել է չորս հանձնաժողովներում տարբեր զեկույցների քննարկմանը, կարողացել  է շրջանցել Հայաստանի ազգային շահերին այս կամ այն կերպ հակասող բոլոր ձեւակերպումները: Ավելին` զեկույցներում հայկական պատվիրակության անդամների ջանքերով նոր շեշտադրումներ են արվել:

Հանձնաժողովների աշխատանքային ու կառուցողական մթնոլորտը, սակայն, փոխվել է լիագումար նիստի բացմանը Ադրբեջանի նախագահի հնչեցրած ուղերձով:   Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ` Իլհամ Ալիեւի խիստ ագրեսիվ եւ հակահայկական ձեւակերպումները,  նաեւ հայերին «Ֆաշիստներ»  անվանելը «սառը ցնցուղ» էին եվրոպացիների համար: Ադրբեջանի ղեկավարի ելույթն այնքան անբարենպաստ տպավորություն է թողել, որ եվրոպացի պատգամավորներից բացի, նաեւ  ադրբեջանցի խորհրդարանականներն են մոտեցել եւ ներողություն խնդրել նրա պահվածքի համար: Հայկական պատվիրակությունը, ըստ բանախոսի,  չէր կարող լուռ մնալ, եւ իր հեղինակած ու անմիջապես տարածած հայտարարությամբ` կից փաստաթղթով,  Նաիրա Զոհրաբյանի, Լիլիթ Գալստյանի եւ Ստյոպա Սաֆարյանի ելույթներով, ավելի ուշ` մամլո հաղորդագրությամբ, հակադարձել է Ալիեւի ելույթին ու  խեղաթյուրած փաստերին:  «Նախագահ Ալիեւը, միգուցե չցանկանալով, այնպիսի հարված հասցրեց իր երկրի քաղաքական իմիջին, որը մենք, որքան էլ ձգտեինք, դժվարանալու էինք հաջողել անել»,- եզրակացրեց  Վահան Հովհանիսյանը:

Պատվիրակության ղեկավարի խոսքերով`  ադրբեջանական ժողովուրդը հայատյացության ու ագրեսիվության որեւէ դրսեւորում իրենց նկատամամբ չի ցուցաբերել, ինչը պատգամավորին հիմք է տալիս գնահատելու, որ  պատերազմի սպառնալիքով քաղաքական դիվիդենտներ է փորձում ստանալ միայն մեկ մարդ` Իլհամ Ալիեւը: Այսպիսի տպավորություն է ստացել նաեւ պատվիրակության ԲՀԿ-ական անդամ Նաիրա Զոհրաբյանը, ում կարծիքով  ժողովուրդը պատանդ է Ալիեւի ու նրա կլանի ձեռքում: Իսկ պետական քարոզչությունն էլ ուղղված է այդ կլանի շահերի սպասարկմանը: Տիկին Զոհրաբյանը ցավով նշեց, որ եվրոպացի պատգամավորները, ի տարբերություն մասնավոր զրույցներում Ալիեւի ելույթը դատապարտող գնահատականների, համարձակություն չունեցան այդ մասին բարձրաձայնելու ամբիոնից: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, հղում կատարելով իր ելույթին, Ալիեւի ուղերձը համարեց ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ընթացքը վտանգող, ինչպես նաեւ` անդամ երկրների  ժողովրդավարեցմանն ու համագործակցությանն ուղղված քաղաքական նոր ձեւաչափ ստեղծելու «Եվրանեսթ»-ի ջանքերը  փոշիացնող: Նա անընդունելի համարեց Ալիեւի` «ֆաշիստ» անվանարկելը հատկապես մի երկրում, որտեղ մարդիկ դատապարտվում են քաղաքական հայացքների համար:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը խոսեց հիմնականում հանձնաժողովներում կայացած քննարկումների մասին: Արդյունքում հայկական կողմին հաջողվել է զեկույցում ներառել գնահատական փակ սահմանների քաղաքականության վերաբերյալ, նաեւ` ողջունել Հայաստանի ատոմակայանի թեսթավորումը ԵՄ չափանիշներին համապատասխան:

Հայ պատգամավորները նշեցին, որ ադրբեջանցիներն ամեն կերպ իրենց մեկուսացրել էին թե տեղական եւ թե արտասահմանյան լրատվամիջոցներից:

 Հայկական պատվիրակությունն այցելել է Բաքվի հայկական եկեղեցի:
 


05.04.2012
ԱԺ փոխնախագահը հանդիպեց սփյուռքահայ աշակերտների հետ
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 5-ին հանդիպեց սփյուռքահայ մի խումբ աշակերտների ու նրանց ծնողների հետ: ԱԺ փոխնախագահը համոզմունք հայտնեց, որ նման այցելությունները ազգային ինքնության գիտակցման շատ լավ հնարավորություն են ընձեռում եւ նպաստում սերունդների համերաշխությանն ու միասնական...